«Արմավիա» ավիաընկերության ինքնաթիռն ու պահեստամասերը չեն վաճառվում` գնորդ չունենալու պատճառով: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ հուլիսի 14-ին ավիաընկերության գույքի աճուրդը չի կայացել` հայտ չլինելու պատճառով: Ի դեպ, միաժամանակ վաճառքի է հանվել որպես երրորդ անձ համարվող «Միկա Լիմիթեդ» ընկերության գույքը: Տեղեկացնենք, որ նշված ընկերությունը եւս պատկանում է հայտնի գործարար Միխայիլ Բաղդասարովին:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ վաճառքի է հանվել «Արմավիա»-ի «Բամբարդի» SL-600-2B19/CRJ-200/ մակնիշի ինքնաթիռ, որն արտադրվել է 1999 թվականին: Չունի աջակողմյան շարժիչը, ղեկավարման սրահում բացակայում են որոշ կարեւոր համակարգեր: Նշենք, որ վաճառքի հանված ինքնաթիռը կայանված է «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում: Ինքնաթիռի արժեքը կազմում է ավելի քան 125.5 մլն դրամ:
Բացի ինքնաթիռից վաճառքի է հանվել նաեւ Բաղդասարովին պատկանող անշարժ գույքը, որը գտնվում է Երեւանում: Այն բաղկացած է 2133,2 քմ շինություններից: Ունի գրասենյակային մասնաշենք, սառնարանային կոմպլեքս, պահեստային տարածք, լողավազան եւ 0,2072 հա հողամաս:
Ի դեպ, անշարժ գույքը գրավադրված է «Ամերիաբանկ»-ում, իսկ արժեքը կազմում է ավելի քան 942.5 մլն դրամ: Նաեւ վաճառքի են հանվել «Արմավիա» ավիաընկերության պատկանող նյութական միջոցներ, այդ թվում` ինքնաթիռի պահեստամասեր, օժանդակ նյութեր, գրասենյակային գույք եւ այլն:
Այս ամենի ընդհանուր մեկնարկային գինը կազմում է 3.7 մլն դրամ: