Հայ հրշեջ-փրկարարները հասել են Վրաստան եւ սկսել հրդեհաշիջումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԻ նախարարության փրկարարական շարասյունը բարեհաջող հասել է Վրաստանի Սամցխե-Ջավախք երկրամաս ու տեղակայվել Ծաղվերի բնակավայրի մոտ:

Հայաստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ ստանալով համապատասխան առաջադրանք եւ իրենց հատկացված տեղամասում իրականացնելով հետախուզություն՝ հայ հրշեջ-փրկարարները ձեռնամուխ են եղել հրդեհաշիջման աշխատանքներին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին հրդեհ է բռնկվել Վրաստանում՝ Բորժոմիի Խարագաուլի ազգային արգելոցի տարածքում (Դաբա գյուղի մոտ), եւ Վրաստանի իշխանություններն օգնության հայտ են ներկայացրել միջազգային հանրությանը՝ Բորժոմիում բռնկված անտառային հրդեհի մարմանն աջակցելու խնդրանքով:

Օգոստոսի 22-ին ՀՀ ԱԻ նախարարությունից Վրաստան ուղեւորվեց փրկարար ծառայության շարասյունը՝ 8 հրշեջ-փրկարարական եւ 1 փրկարարական ավտոմեքենա, Աղետների բժշկության կենտրոնի 1 մեքենա եւ շարժական կառավարման կետ (ընդհանուր՝ 57-հոգանոց անձնակազմով), որը դեպքի վայրում կծառայի որպես օպերատիվ գործողությունները համակարգող շտաբ:




Լրահոս