Ինչպես հայտնի է՝ այսօր տեղի է ունենալու Սարգսյան-Պուտին հանդիպումը: Թերևս, հանդիպման գլխավոր թեման ղարաբաղյան հակամարտության հարցն է, սակայն չի բացառվում, որ քննարկումներ լինեն նաև ԵԱՏՄ-ի հետ կապված, մասնավորապես, Թուրքիայի հետ համագործակցության մասին հարցեր: Այնուամենայնիվ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի խոսքով` օրակարգային թիվ մեկ թեման Ղարաբաղի հարցն է:
«Ես կարծում եմ, որ այս հանդիպման գլխավոր հարցը կլինի Ղարաբաղի հարցը: Այստեղ շատ պատճառներ կան, դրանցից մեկն էլ այս հարցում ԱՄՆ-ի ակտիվացումն է», – ArmLur.am-ի հետ զրույցում նշեց նա:
Քաղաքագետի դիտարկմամբ` ՌԴ-ն այժմ չի ցանկանալու Ղարաբաղի հարցում զիջել նախաձեռնությունը և հենց դա է պատճառը, որ այս փուլում նրանք հանդիպում են: «Կարծում եմ կքննարկվի նաև Ալիև-Սարգսյան հանդիպման հնարավորություն և այդ կոնտեքստում այլ հարցեր: ՌԴ-ն չի ուզենալու Մինսկի խմբի շրջանակներում նախաձեռնողականությունը զիջել ուրիշին: Միգուցե այդ հանդիպման ընթացքում քննարկվեն հարցեր նաև ԵԱՏՄ-ի մասով: Ես հույս ունեմ, որ կքննարկվեն այն հարցերը, որոնք առաջացել են Հայաստանի առջև», – հավելեց նա` ընդգծելով, թե Թուրքիայի մասնակցության հետ կապված հարցեր օրակարգում չկան, սակայն այդ հարցն էլ կարող է այսօր քննարկման թեմա լինել:
Նաիրա Հովհաննիսյան