Այսօր ՀՀ անկախության հռչակագրի ընդունման օրն է: 1990թ. օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունեց այս փաստաթուղթը` հիմք դնելով Հայաստանի անկախության գործընթացին:
27 տարի անց, սակայն, ցավով պետք է փաստենք, որ Հայաստանի պետականության համար կարեւորագույն փաստաթղթի ընդունման օրը շատերի համար օրացուցային ամենասովորական օրերից մեկն է եւ չի ընկալվում որպես տոն:
Այս օրը տոն չէ հայաստանցիների համար, որոնք գնալով ավելի ու ավելի են օտարվում իրենց պետությունից` այդպես քաղաքացուց վերածվելով սոսկ բնակչի /ասվածի ապացույցը ընտրությունների ժամանակ համատարած ընտրակաշառք վերցնելու դեպքերն են, երբ մարդիկ մի քանի դրամով վաճառում են իրենց ապագան/:
Այս օրը տոն չէ իշխանությունների համար. օրվա ընթացքում պետական պաշտոնյաներից որեւէ մեկն այդպես էլ շնորհավորական ուղերձ չհղեց անկախության հռչակագրի ընդունման կապակցությամբ. ոչ Սերժ Սարգսյանը, ոչ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ոչ էլ վարչապետ Կարեն Կարապետյանը մեկ-երկու նախադասությամբ չանդրադարձան օրվա խորհրդին:
Մինչդեռ, նախորդ տարիներին, թեկուզ ձեւականորեն, բայց հիշում էին այս օրը. օրինակ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը պարտաճանաչ ուղերձ էր հղում, եւ հետո կառավարության նիստերի դահլիճի մոտ տեղադրված հուշաքարի մոտ մասնակցում այս օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառումներին:
Այս իրավիճակը պատահական չէ. իշխանություններն այս տարիներին գնալով մսխել են անկախության ձեռքբերումները, մսխել մաս-մաս, եւ ընդհանրապես, խորհրդային տարիների «պարտիական ֆունկցիոներ» եղած այս իշխանություններին անհասանելի եւ խորք են անկախության, ինքնիշկան պետության, պետականության գաղափարները:
Իսկ մարդիկ, ում համար անկախությունը բարձրագույն արժեք է, այսօրվա օրը տոն է: Այնպես որ, շնորհավո′ր տոնդ, ՀՀ քաղաքացի:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ