ՀՀ Շիրակի մարզի Արթիկի թիվ 7 ավագ դպրոցի ուսուցչական կազմում լարված իրավիճակ է: Նրանք մտահոգված են, քանի որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը մտադիր է առաջիկայում կառավարությանը ներկայացնել մի քանի դպրոցների օպտիմալացման հետ կապված որոշման նախագիծ: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ օպտիմալացվող դպրոցների շարքում է նաեւ Արթիկի թիվ 7 ավագ դպրոցը, որը նախատեսվում է միացնել թիվ 3 դպրոցին:
Այս խնդրի հետ կապված ArmLur.am-ը զրուցեց Արթիկի թիվ 7 ավագ դպրոցի տնօրեն Արթուր Հարությունյանի հետ, ով հանգիստ տոնավ ասաց, որ դա ընդամենը որոշման նախագիծ է. «Մենք շարունակում ենք բնականոն հունով աշխատել: Առայժմ այդ մասին որոշում չկա ընդունված»:
ArmLur.am-ի հարցին`ինչպե՞ս է դպրոցի ուսուցչական կազմն ընդունում օպտիմալացման վերաբերյալ տեղեկությունը, տնօրենն ասաց. «Մենք օպտիմալացմանը համաձայն չենք, չէ՞ որ մարդիկ աշխատատեղ են կորցնում: Բայց մյուս կողմից փաստ է, որ դպրոց հաճախող երեխաների թիվը տարեցտարի նվազում է»:
Նշենք, որ այս պահին Աթիկի թիվ 7 ավագ դպրոցն ունի 100 աշակերտ, մինչդեռ տարիներ առաջ նրանց թիվը անցել է 600-ը: Ըստ դպրոցի տնօրենի`աշակերտների թվի նվազման պատճառներից մեկն էլ «միջնակարգից դեպի ավագ դպրոց կարգավիճակի» անցումն է:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը այս տարեսկզբին հանձնարարել էր ուսումնասիրել հանրակրթական դպրոցների շենքային անմխիթար վիճակը։ Վարչապետը որպես օրինակ ներկայացրել էր Շիրակի մարզի Արթիկ քաղաքի թիվ 7 ավագ դպրոցը։
«Արթիկում հնարավորություն ունենք օպտիմալացնելու, նորմալ պայմաններ ստեղծելու: Թերբեռնված են դպրոցները. ունենք դպրոց, որի պայմանները վատ են»,- հայտարարել էր վարչապետը:
Սակայն վարչապետի այս հայտարարությանն ի պատասխան` տնօրեն Արթուր Հարությունյանը ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ դպրոցի տանիքի հիմնանորոգման համար մոտ 43 մլն դրամ է հարկավոր: Իսկ եթե այդ գումարը հատկացվի, ապա դպրոցն օպտիմալացնելու կարիք չի լինի:
Սյունէ Համբարձումյան