ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Գյումրի քաղաքի Կումայրի պատմական կենտրոնի, ի մասնավորի՝ Ռուսթավելի փողոցի վերակառուցման աշխատանքների վերաբերյալ, որը վարել է Կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:
Խորհրդակցությանը մասնակցել են Կումայրի պատմական կենտրոնի վերակառուցման նախագծային խմբի անդամները, այլ պատասխանատուներ՝ քննարկելով մի շարք հրատապ լուծում պահանջող նախագծային և շինարարական խնդիրներ:
Որոշում է կայացվել ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի հրամանով ստեղծել համապատասխան հանձնաժողով՝ առկա խնդիրներին օպերատիվ լուծում տալու նպատակով:
Նշված հանձնաժողովի կազմում կընդգրկվեն նաև ՀՀ մշակույթի նախարարության Կումայրի ՊՈԱԿ-ի, Գյումրու քաղաքապետարանի և նախագծային կազմի ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցությանը նախորդել էր օգոստոսի 21-ին նույն թեմայի վերաբերյալ Գյումրիում ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանի մասնակցությամբ կայացած աշխատանքային խորհրդակցությունը, որի արդյունքում որոշվել էր Գյումրու քաղաքապետարանում ձևավորել աշխատանքային խումբ՝ ինժեներական կոմունիկացիաների և տեղում առաջացող տեխնիկական խնդիրներին լուծում տալու նպատակով: