ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Սասունցի Դավիթ փողոցի թիվ 13 շենքի տեխնիկական վիճակը գնահատվել է անբավարար: Այսինքն, ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն» ՊՈԱԿ-ի` այն քանդման ենթակա է:
Բնակվելու համար վտանգավոր դարձած նշված շենքի բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու նպատակով վթարային շենքի թվով 12 ընտանիքներին կտրամադրվի ֆինանսական աջակցություն` սահմանված ժամկետում բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով:
ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի որոշմամբ` Շիրակի մարզպետարանին հատկացված միջոցներից ձեւավորվել է շուրջ 46,1 մլն դրամի խնայողություն, որից 43,9 մլն դրամը նախատեսվում է հատկացնել այս խնդրի լուծման նպատակով:
Հիշեցնենք, որ հունիսի 22-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ժամը 23:55-ին ահազանգ էր ստացել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Սասունցի Դավթի փողոցի թիվ 13 շենքի արտաքին պատը փլուզվել է: Նշենք, որ շենքն ունի 12 բնակարան, 35 բնակիչ: