ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը նախատեսում է Կոտայքի մարզի Փյունիկի միջնակարգ դպրոցը միացնել Արտավազդի միջնակարգ դպրոցին: ArmLur.am-ը տեղեկացավ, որ դպրոցների միջեւ եղած հեռավորությունը շուրջ 3.5 կմ է: Իսկ Փյունիկի միջնակարգ դպրոցի 39 աշակերտների տեղափոխությունը նախատեսվում է իրականացնել Հրազդան-Հանքավան ներմարզային երթուղին սպասարկող 2 կազմակերպությունների միկրոավտոբուսներով`միավորման արդյունքում տնտեսված միջոցների հաշվին:
Ի դեպ, Փյունիկի միջնակարգ դպրոցի շարժական գույքը նույնպես կփոխանցվի Արտավազդի դպրոցի հաշվեկշռին:
Զովաշեն համայնքի բնակիչների եւ դպրոցահասակ երեխաների թվաքանակի նվազեցման պատճառով, գյուղի հիմնական դպրոցը կմիանա Հատիսի Վարդան Վարդանյանի անվան միջնակարգ դպրոցին: Օպտիմալացման արդյունքում կկրճատվի շուրջ 15 աշխատակից: Դպրոցների միջեւ եղած հեռավորությունը շուրջ 6 կմ է: Զովաշենի հիմնական դպրոցի 9 աշակերտների տեղափոխության համար նախատեսվում է դպրոցում ավելացնել վարորդի 1 հաստիք եւ ձեռք բերել տրանսպորտային միջոց` միավորման արդյունքում տնտեսված միջոցների հաշվին, Այս դպրոցի շարժական գույքը եւս կփոխանցվի Հատիսի Վարդան Վարդանյանի անվան միջնակարգ դպրոցի հաշվեկշռին: