ՖՈՏՈ. Մանրամասներ Սերժ Սարգսյան – Վլադիմիր Պուտին հանդիպումից. ինչ հարցեր են քննարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սոչիում կայացել է Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Կրեմլի պաշտոնական կայքի փոխանցմամբ` նախագահները քննարկել են հայ- ռուսական հարաբերությունների արդիական հարցեր, ինտեգրացիոն միավորումների շրջանակում համագործակցության զարգացման հեռանկարները:

Ողջունելով Ռուսաստանի գործընկերոջը՝ Սերժ Սարգսյանը փաստել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը մի քանի օրից նշելու են Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20- ամյակը: Սերժ Սարգսյանի խոսքով՝ հետագա տարիները դարձան միջպետական հարաբերությունների ինտենսիվ շրջան:

«Հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերություններն առանձնանում են բարձր մակարդակում մշտական ինտենսիվ երկխոսությամբ, արտաքին քաղաքական լայն կոորդինացիայով, միջազգային և տարածաշրջանային հարթակներում կառուցողական համագործակցությամբ, անվտանգության, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում արգասաբեր համագործակցությամբ: Մեր առևտրատնտեսական հարաբերությունները ևս ինտենսիվ զարգանում են: Անցած տարի մեր առևտրաշրջանառության 15 տոկոսանոց աճ ունեինք: Այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում ավելացել է գրեթե 24 տոկոս: Մշտական է մեր երկրների կառավարությունների ու խորհրդարանների միջև կապը: Մշտապես զարգանում է նաև միջտարածաշրջանային և հումանիտար ոլորտներում համագործակցությունը»:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը նշել է, որ երկու երկրների հարաբերությունները բարելավվել են. «Այս տարի մենք տոնում ենք մեր համագործակցության կարևոր տարեթվերը՝ մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, իսկ մի քանի օր անց՝ օգոստոսի 29-ին՝ բարեկամության, ռազմավարական համագործակցության մասին առանցքային պայմանագրի 20-ամյակը»,- ընդգծել է Պուտինը։

Ռուսաստանի նախագահը նշել է, որ այդ ժամանակահատվածում Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները լրջորեն ամրապնդվել են։ «Մենք ինտենսիվ կերպով աջակցում ենք քաղաքական երկխոսությանը, համագործակցությունն ընթանում է երկկողմ հիմքի վրա և՛ տնտեսության, և՛անվտանգության, և՛ ռազմական ոլորտներում։ Մենք ակտիվորեն համագործակցում ենք միջազգային կազմակերպությունների հետ և մեր ինտեգրացիոն միավորումների շրջանակում»,- հավելել է Պուտինը՝ առաջարկելով Սերժ Սարգսյանին քննարկել այդ հարցերը։

Սերժ Սարգսյանը նաև շնորհակալություն է հայտնել անտառային հրդեհների մարման ուղղությամբ ցուցաբերված օգնության համար:




Լրահոս