Ինչպես հայտնի է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի արդեն նախկին ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը Ամերիկայի ձայնում հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական կետերը: Սակայն այս կետերում նորություն կամ հրատապություն ՀՀ շատ գործիչներ չեն տեսնում:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, թե այս կետերում որևէ նոր բան չկա: «Եվ ապրիլյան պատերազմից առաջ և դրանից հետո համանախագահները բազմիցս անգամներ ներկայացրել են սկզբունքները, որևէ նոր և հրատապ բան ես այստեղ չեմ տեսնում: Միգուցե Հոգլանդը գնալուց առաջ փորձել է ևս մեկ անգամ վերահաստատել այն սկզբունքները, որոնք որ կան և ներկայացրել կատարած աշխատանքը: Ոչ մի բան թաքուն չի եղել, նույն ապրիլից հետո, երբ համանախագահները եկան, նույն բովանդակությամբ այստեղ խոսել են», – նշեց նա:
Շարմազանովի խոսքով, միշտ էլ ասվել է, որ երեք սկզբունքների հիման վրա պետք է լինի խնդիրը և կամարտահայտությունը լինի պարտադիր: ԱԺ փոխնախագահը կապ չի տեսնում նաև երեկ տեղի ունեցած Պուտին-Սարգսյան հանդիպման և այս հայտարարության միջև. «Երեկվա հանդիպումն երկու դաշնակից երկրների նախագահների հանդիպում է, այս հայտարարության նորը ո՞րն է: Այս հայտարարությունը չլիներ, մենք չգիտե՞ինք: Մենք ասել ենք, որ հիմքը Մադրիդյան և Կազանյան սկզբունքներն են, դրանց մասին բազում անգամներ խոսվել և դա մերժել է ոչ թե հայկական կողմը, այլ Ադրբեջանը: Մեկ բաժակ ջրում աղմուկ հանելու իմաստը չեմ տեսնում», – հավելեց նա:
Նաիրա Հովհաննիսյան