ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, քննարկելով ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության միջնորդագիրը՝ հանցագործության կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին, ուսումնասիրություններ է սկսել բարձրացված հարցերի շուրջ:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում` ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ քննված քրեական գործով կատարված քննությամբ մի շարք խնդիրներ ու բացթողումներ են հայտնաբերվել «Հայաստանի Հանրապետությունում 2007-2015 թվականների ընթացքում տավարաբուծության զարգացման» ծրագրի իրականացման ընթացքում, որոնք հանգեցրել են կամ կարող են հանգեցնել հիշյալ ծրագրի, ինչպես նաև նմանատիպ այլ ծրագրերի ոչ արդյունավետ իրականացմանը:
Մասնավորապես՝ քրեական գործով կատարված բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննության արդյունքում պարզվել է, որ բացակայում են մի շարք նորմատիվային լուծումներ, որոնք կարող էին կանոնակարգել ծրագրի իրականացման ընթացքում ի հայտ եկող խնդիրերը։
Արդյունքում՝ «Հայաստանի Հանրապետությունում 2007-2015 թվականների ընթացքում տավարաբուծության զարգացման» ծրագրի շրջանակներում ներկրված եւ տարաժամկետ վճարման պայմանով առուվաճառքի պայմանագրերի հիման վրա տոհմային երինջների իրացման գործընթացը, ըստ էության, չի ապահովել հիշյալ ծրագրի արդյունավետ իրականացումը, որի հետեւանքով գոյացել է պետության հանդեպ չկատարված ավելի քան 600 մլն դրամ պարտավորություն։
Նմանատիպ ծրագրերի իրականացման արդյունավետությունը բարձրացնելու եւ հետագայում հնարավոր խախտումներից խուսափելու նպատակով՝ ՀԿԳ քննիչը միջնորդություն է ուղարկել գյուղատնտեսության նախարարություն՝ առաջարկելով.
«- ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից հետագայում նմանատիպ ծրագրերի իրականացման ընթացքում համապատասխան իրավական ակտերում նախատեսել այնպիսի իրավական նորմեր և պահանջներ, որոնք հնարավորություն կտան ապահովել ծրագրի իրականացման ընթացքում վճարունակ գնորդների ընտրության և դրանով պայմանավորված` ծրագրի արդյունավետ և նպատակային իրականացման հնարավորությունը:
– Քննարկել համապատասխան իրավական ակտերում ՀՀ գյուղատնտեսության նախարարության հանդեպ գնորդի լրացուցիչ պարտավորությունների, այդ թվում`անշարժ գույքի գրավի, բանկային երաշխիքի ներդրման հնարավորությունը:
– Ոլորտը կանոնակարգող իրավական ակտերում նախատեսել այնպիսի իրավական նորմեր և պահանջներ, որոնք կապահովեն համապատասխան ոլորտների մասնագետներից բաղկացած հանձնաժողովի նիստերի արդյունավետ իրականացումը, ինչպես նաև հանձնաժողովի անդամի բացակայությամբ նիստերի իրավազորության հիմքերը:
– Քննարկել նմանատիպ ծրագրերի իրագործման ընթացքում մոնիտորինգի անցկացման հնարավորությունը, ինչը թույլ կտա ծրագրի առավել արդյունավետ և նպատակային իրականացումն ապահովելու նպատակով համապատասխան պայմաններ ապահոված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց ընդգրկումը ծրագրի հետագա փուլերում:
– Քննարկել պայմանագրի լուծման դեպքում մինչ համապատասխան գնորդ գտնելու ժամանակահատվածը կենդանիների կերակրման և խնամքի համար անհրաժեշտ լրացուցիչ միջոցների ներգրավման հարցը, որը ՀՀ գյուղատնտեսության նախարարության համար իրական հնարավորություն կընձեռի պայմանագիրը գնորդի կողմից էականորեն խախտելու դեպքում միակողմանի լուծել այն»:
Միջնորդագիրը քննարկվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում, որի արդյունքներով տրվել են կոնկրետ հանձնարարականներ։ Մասնավորապես ստացված գրավոր պատասխանի համաձայն՝ «նախարարության աշխատակազմի անասնաբուծության և անասնաբուժության վարչությանը և կառուցվածքային առանձին ստորաբաժանումներին հանձնարարվել է նախարարության կողմից մշակվող տավարաբուծության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման արդյունավետության ապահովման նպատակով համապատասխան իրավական ակտերով.
- ձևավորել տվյալ ոլորտի մասնագետներից բաղկացած հանձնաժողովներ, որոնք կսահմանեն ծրագրերի մասնակից շահառուների ընտրության հստակ չափանիշներ ու չափորոշիչներ.
- նախատեսել դրույթներ ՀՀ գյուղատնտեսության նախարարության հանդեպ գնորդի լրացուցիչ պարտավորությունների՝ մասնավորապես գույքի գրավի, բանկային երաշխիքի և երրորդ կողմի երաշխավորի հետ կապված հարաբերությունների կարգավորման վերաբերյալ.
- ըստ առաջնահերթության՝ սահմանել ծրագրերի մշտադիտարկման ենթակա ցուցանիշները և դրա իրականացման պարբերականությունը.
- նախատեսել դրույթ պայմանագրի միակողմանի լուծման դեպքում՝ մինչև գնորդ գտնելու ժամանակահատվածը, տվյալ ապրանքի պահպանման համար անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսական միջոցների հաշվարկ իրականացնելու վերաբերյալ հիմք ընդունելով ծրագրի իրականացման ժամկետայնությունը և պահպանվող ապրանքի յուրահատկությունը»:
Բացի այդ՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով, որն ամբողջությամբ մոնիտորինգի է ենթարկելու Հայաստանի Հանրապետությունում 2007- 2015 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը: