ԻՆՉՊԵՍ ԳՐԱՎԻՉ ԴԱՐՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աջարիայի Ինքնավար Հանրապետության նախկին ղեկավար, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի թիմի անդամ Լեվան Վարշալոմիձեն իր իշխանության ընթացքում Բաթումին կարողացավ վերածել զբոսաշրջիկների սիրելի վայրի: Նրա խոսքով, դա աշխատատար գործընթաց է եղել, սակայն անդադար աշխատանքն ու նպատակասլացությունն ամեն ինչ հնարավոր կդարձնեն:

Այս օրերին Վարշալոմիձեն Հայաստանում է. իր խորհուրդներով կփորձի օգնել, որպեսզի Հայաստանը եւս գրավիչ դառնա զբոսաշրջիկների համար:
«Ժողովուրդ»-ի զրուցակիցն է Աջարիայի Ինքնավար Հանրապետության նախկին ղեկավար Լեվան Վարշալոմիձեն:
-Բաթումի քաղաքն այժմ մեծ մասսայականություն վայելող զբոսավայր է: Ձեր ղեկավարման տարիներին ինչպե՞ս կարողացաք հասնել նման արդյունքի:
-Դե, իհարկե, աշխատատար պրոցես է եղել: 2004 թվականին, երբ մենք եկանք իշխանության, տուրիստական ամբողջ կոմպլեքսից, որ կար խորհրդային տարիներին, մնացել էր միայն 2 ռեստորան, մեկ սրճարան, հյուրանոց: Դրան գումարենք, որ Վրաստանում այն ժամանակ գրեթե չկար էլեկտրականություն, ճանապարհներ, ջուր, եւ կարող եմ ասել, որ մենք սկսել ենք զրոյից: Երբ եկանք իշխանության, միշտ ցանկանում էինք ինչ-որ բան ստեղծել: Մեր երազանքը Բաթումիում ինչ-որ նոր բան ստեղծելն էր: Այդ ծրագիրը մենք այդպես էլ անվանում ենք «Բաթումյան հրաշք»: Այդ տարիներին շատերը չէին հավատում, շատերը նույնիսկ խելագարներ էին անվանում: 2007 թվականին արդեն առաջին քայլերը եղան, որոնց կրկին քչերը հավատացին: Առաջին երեք տարին, իհարկե, դժվար էր, ամեն ինչ սկսել ենք զրոյից, նույնիսկ գումարներ չկային:
2007-ին ներդրողներն արդեն հավատում էին, որ ինչ-որ բան կատարվում է: Մենք որոշեցինք սկսել ծովից եւ հասնել քաղաքի կենտրոն: Ամենագլխավոր հարցն այն էր, թե ինչպես զարգացնենք ծովափը: Փոքր քաղաք լինելով՝ այնպիսի թանկարժեք հյուրանոցներ ունեցանք, որը չունեն շատ մեծ քաղաքներ: Մենք հասկացանք, որ այլ զբոսաշրջային կենտրոնների հետ չենք կարող մրցել միայն ծովով: Եվ որոշում կայացվեց չկենտրոնանալ միայն այդ կողմի վրա եւ այլընտրանքներ մտածել: Ես շատ ուրախ եմ, որ իմ ղեկավարությամբ Բաթումին գրավիչ դարձավ հայերի համար: Բաթումին հայերի համար եւս հարազատ է դարձել: Կցանկանայի, որ այդ ծրագիրը վարակիչ դառնա նաեւ այլ երկրների համար: Իհարկե, բարդ էր, սակայն ցանկություն եւ մեծ թիմ կար:
-Ինչպե՞ս կարող ենք զարգացնել Հայաստանում Սեւանը ու այն Բաթումիի պես գրավիչ դարձնել:
-Եթե իմ փորձն այստեղ օգտակար լինի, ես միայն ուրախ կլինեմ: Իհարկե, միշտ եւ ամեն ինչ կարելի է զարգացնել: Սեւ ծովում կան ավելի լավ քաղաքներ եւ վայրեր, քան Բաթումին, բայց գաղտնիքն այն էր, որ կար թիմ, կային մարդիկ, որոնք աշխատում էին համախմբված: Միայն զբոսաշրջության կոմիտեն չի կարող զարգացնել քաղաքը, պետք է աշխատեն բոլոր կառույցները: Հայաստանը շատ մեծ պոտենցիալ ունի. կան արդյունաբերական, հնագույն քաղաքներ, այդ ամենը պետք է միացնել եւ միասին զարգացնել: Իհարկե, զբոսաշրջիկների այցը երկիր շատ կարեւոր է, բայց առաջին հերթին պետք է զարգացնել ներքին տուրիզմը: Մարդիկ պետք է իմանան իրենց երկիրը, դրանից հետո պետք է շեշտը դնել հարեւան երկրների վրա, իսկ երրորդ քայլով էլ միջազգային բրենդ դառնալն է: Պոտենցիալ միշտ կա. ես հավատում եմ, որ երբ մարդն ունի նպատակ, ապա ամեն ինչ կարվի այդ նպատակին հասնելու համար:
-Օրինակ՝ Հայաստանում պատճառաբանում են, թե Սեւանում հանգստանալու շրջանը կարճ է, ցուրտ եղանակի պատճառով հնարավոր չէ տուրիզմը զարգացնել: Հնարավո՞ր է շրջանցել ցուրտը:
-Նշեմ Բաթումիի օրինակը: Այնտեղ սեզոնը մեկուկես ամիս էր: Մենք հասանք նրան, որ ապրիլին եւ հոկտեմբերին եւս զբոսաշրջիկների հոսքեր եղան: Իսկ ինչ պետք է անել ձմռանը. իհարկե, պետք է տարվա ամեն սեզոնի համար համապատասխան վայրեր լինեն, որոնք կգրավեն զբոսաշրջիկներին: Ամեն Ամանորին մեզ մոտ մեգաաստղեր էին գալիս տարբեր երկրներից եւ դեկտեմբեր-հունվար ամիսներին Բաթումի քաղաքում ազատ հյուրանոցային համար գտնելն ուղղակի անհնար էր դառնում:
Պետք է միայն աշխատել: Պետք է համապատասխան կոնցեպցիա մտածել: 21-րդ դարում ամեն ինչ արագ է զարգանում, պետք է փորձել ետ չմնալ գործընթացներից: Զբոսաշրջիկներին ներգրավելու տարբերակներ պետք է մտածել. երկրից երկիր գնալով՝ նրանք ցանկանում են միշտ նոր բաներ տեսնել: Հայաստանը պատմական երկիրը է, կարելի է սկսել երկրի հնամյա պատմությունը ցույց տալով: Պետք է միայն ու միայն աշխատել. ես դրա համար եմ ասում, որ միայն զբոսաշրջության հարցերով զբաղվող նախարարությունը չի կարող ամեն ինչ անել. պետք է արդյունավետ աշխատեն բոլոր նախարարությունները: Հայաստանում տուրիզմը զարգանում է. ես այսօր զբոսնում էի Երեւանում եւ նկատեցի, որ մարդկանց 70 տոկոսն արտասահմանցիներ են, ուղղակի պետք է մեծացնել զբոսաշրջային սեզոնը, իսկ դրա համար անհրաժեշտ պոտենցիալը ես տեսնում եմ: Պետք է այնպես անել, որ սեզոնայնություն չլինի:
-Իսկ ինչպե՞ս ներգրավել անհրաժեշտ ներդրողներ:
-Գումար միշտ կա, իսկ ցանկացած ներդրող առաջին հերթին գրավիչ բան է փնտրում: Եթե պետությունը ցույց տա, որ ցանկանում է զարգացնել այս քաղաքը, շրջանը եւ հստակ ժամկետներով ասել, թե երբ ինչ կլինի, ապա ներդրողը կգա:
-Իսկ այս օրերին ի՞նչ խնդիրների ականատես եղաք Դուք Հայաստանում:
-Ավտոմեքենայով սահմանը հատելուց հետո մինչ Դիլիջան գլխավոր հարցն այն էր, որ չէինք կարողանում գտնել բանկոմատներ՝ գումարներ կանխիկացնելու համար: Վրաստանն այդ առումով լավ օրինակ է, որ չպետք է զարգացնել միայն կենտրոնը. պետք է հավասարաչափ զարգացում լինի: Եթե մայրաքաղաքից դուրս այլ քաղաքներ զարգանան, դա ավելի կգրավի զբոսաշրջիկներին, իսկ այդպիսի քաղաքներ Հայաստանում կան: Պետք է զբոսաշրջիկը գա Երեւան եւ գնա այլ քաղաքներ, որոնք պետք է իրենց մեջ հետաքրքրություն ունենան:

 

 

 
ԵՐԵՎԱՆԸ ԲԱՑ ԹՈՂԵՑ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Ռուս քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը կարծում է, թե առանց Ադրբեջանի կողմից Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման հայկական կողմը չպետք է համաձայնի աշնանը նախանշվող Սարգսյան-Ալիեւ հանդիպմանը:

-Պարո՛ն Կոլերով, աշնանը չի բացառվում Սարգսյան-Ալիեւ հանդիպումը: ՀՀ նախագահը հայտարարեց, թե նախնական համաձայնություն տվել են, սակայն այնքան էլ ակնկալիքներ չունի: Իսկապե՞ս մեծ արդյունքներ պետք չէ սպասել հանդիպումից:
-Ես կարծում եմ, որ մինչ Բաքուն հրաժարվում է կատարել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպման պայմանավորվածությունները, ապա լավ բան սպասել պետք չէ: Ադրբեջանը պետք է մինչ հանդիպումը իր ստորագրությունը դնի այդ համաձայնագրերի տակ, հակառակ դեպքում այդ հանդիպումն անարդյունք կլինի:
-Անարդյո՞ւնք էր նաեւ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը:
-Արտաքին գործերի նախարարների հանդիպումը միայն նպատակ ուներ պահպանել հարաբերությունների բալանսը, այն ավել նշանակություն չուներ: Արտաքին գործերի նախարարներն այս կոնֆլիկտում ոչինչ չեն լուծում, նրանք որոշում են միայն տեխնիկական հարցերը:
-Վերջին ժամանակներս միշտ ռուսական կողմն է հանդիսանում հանդիպումների նախաձեռնողը: Այս անգամ ե՞ւս ռուսական կողմից սպասենք նախաձեռնողականություն:
-Ես չգիտեմ, բայց ամեն դեպքում պետք չէ ռուսական կողմին տարանջատել հանդիպումներ նախապատրաստելու գործում: Ցանկացած հանդիպում կատարվում է երեք համանախագահների կարգադրությամբ:
-Նշանակում է՝ առանց այդ պայմանավորվածությունների կատարման հայկական կողմը չպե՞տք է ընդունի հանդիպման առաջարկը:
-Ակնհայտ է, որ մինչ Բաքուն չկատարի Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, լուրջ առաջընթաց արձանագրել չենք կարող: Համանախագահները պետք է անպայման բարձրաձայնեն այդ հարցը, իսկ Երեւանն իմ կարծիքով պետք էր մինչ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումները լրացուցիչ պայմաններ ստանա, սակայն նա բաց թողեց այդ հնարավորությունը:
-Նման այլ հնարավորություն չի՞ լինի:
-Ո՛չ, նման այլ հնարավորություն չի լինի: Այդպիսի հնարավորություն կարող է լինել միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը կրկին ռազմական գործողությունների դիմի, որոնք կդադարեն եւ կրկին կառաջանա բանակցություններ վերսկսելու առիթ: Այսինքն՝ կրկին պատերազմի միջոցով:
-Ստացվում է՝ այս դեպքում Հայաստանը ոչ ճիշտ քաղաքականությո՞ւն է վարում:
-Ես կարծում եմ այն, որ Հայաստանը հրաժարվեց լրացուցիչ նախապայմաններից նախորդ տարի, դա սխալ էր: Ապրիլյան իրադարձություններից հետո Հայաստանը պետք է նախապայմաններ առաջ քաշեր բանակցությունների վերսկսման համար: Փաստացի Հայաստանը վերսկսեց բանակցություններն առանց նախապայմանների, եւ այդ կերպ ապրիլյան իրադարձությունների նախաձեռնողը ոչ մի կերպ դրա համար չպատժվեց:

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

 
ԸՆՏՐԱԿԵՂԾԱՐԱՐ ԴԱՍՎԱՐԸ
Ընտրակեղծարարները փորձում են ամեն ինչ անել՝ պատասխանատվությունից խուսափելու համար: Դեռ 2016թ. սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ Տավուշի մարզի Պտղավան գյուղի միջնակարգ դպրոցի դասվար Արփինե Թանդարյանը, լինելով թիվ 40/05 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ, քվեարկել է այլ անձի փոխարեն: Ընդ որում, «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Թանդարյանը քվեարկել էր գյուղի մահացած բնակիչներից մեկի՝ Վասիլի Ղեւոնդովի փոխարեն, որի անունն առկա է եղել ընտրացուցակներում: Հանցագործությունը բացահայտվել էր, քրեական գործ էր հարուցվել, Թանդարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով: Դատավարության ժամանակ նա ընդունել է մեղքը եւ խնդրել արագացված դատաքննություն կիրառել, եւ այս տարվա ապրիլին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրա համար պատիժ էր սահմանել 500 հազար դրամ տուգանքը: Այդքանից հետո, սակայն, «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Արփինե Թանդարյանը վերջերս միջնորդություն է ներկայացրել դատարան՝ խնդրելով իր նկատմամբ նշանակված տուգանք պատիժը հանրային աշխատանքներով փոխարինեն: Դատարանը միջնորդությունը չի բավարարել եւ նրան պարտավորեցրել է վճարել 500 հազար դրամ տուգանքը:
Մինչ այդ նկատենք մեկ ցավալի երեւույթ. այս իշխանություններն ընտրակեղծարար, այսինքն՝ պետական հանցագործ են դարձրել մանկավարժներին, եւ հետաքրքիր է՝ այսքանից հետո դասվար Թանդարյանն ու նրա նմաններն ինչպե՞ս են սերունդ մեծացնելու, ի՞նչ արժեքներ է երեխաների մեջ ներդնելու. ազնվությո՞ւն են սովորեցնելու, թե՞ իշխանություններին հաճոյանալ եւ հանուն նրանց պետության նկատմամբ հանցագործություն կատարել, ինչպես որ վարվում են իրենք:

 

 

Հ3-Ը` ՍԵՎ ՑՈՒՑԱԿՈՒՄ
«Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հ3 հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն վեց ամսով եղել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում: Այսինքն՝ Հ/Ը-ն այս ցանկում հայտնվել է անցած տարվա հոկտեմբերի 25-ից, բայց այս տարվա ապրիլի 26-ին հանվել է ցանկից ժամկետը լրանալու պատճառով: Հատկանշական է, որ ցանկից հանվել է խորհրդարանական ընտրություններից հետո, երբ ՀՎԿ-ն ձայներ չհավաքեց:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հեռուստաընկերությունը մասնավորապես խախտել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի բ ենթակետը, այն է` գնման գործընթացի շրջանակում ընկերությունը ներկայացրել է կեղծ տվյալ: Թե ինչ տվյալների մասին է խոսքը, «Ժողովուրդ»-ին չհաջողվեց պարզել, քանի որ մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին:




Լրահոս