ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՍ ԳԱՂՏՆԻ ԹՈՂ ՄՆԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության առանցքային խոստումներից մեկն էլ վերաբերում է օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, մասնավորապես ներդրումներ/ՀՆԱ հարաբերակցության շեշտակի բարձրացմանը: Սակայն դեռ ոչինչ չի նշմարվում:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նույնիսկ կոնկրետ ցուցանիշներ է խոստացել. «Մենք այսօր ունենք հաստատված 3.2 մլրդ դոլարի ներդրումային ծրագրեր, հստակ գրված է, թե ֆինանսական աղբյուրն ով է, եւ արդյունքում ինչ ենք ունենալու, որքան աշխատատեղեր են լինելու։ Դրանից 830-850 մլն դոլարը նախատեսված է ներդնել 2017թ.-ին։ Այսօր կառավարությունում քննարկվում են նաեւ 5,3 մլրդ դոլարի ծրագրեր, որոնք տրամաբանական են, որպես բիզնես կարող են աշխատել, հավելյալ արժեք ստեղծել, աշխատատեղեր»,- ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի օրերին հայտարարել էր Կարապետյանը: Հետագայում վարչապետը տարբեր առիթներով կրկնել է նույն այդ խոստումը: Նաեւ կառավարության՝ 2017-2022թթ գործունեության ծրագրում ենք հանդիպում հետեւյալ ձեւակերպմանը. «ՀՀ կառավարությունը նախատեսում է զգալիորեն եւ շեշտակի բարձրացնել օտարերկրյա ներդրումներ/ՀՆԱ-ի հարաբերությունը»:
«Ժողովուրդ» թերթը ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունից փորձել է պարզել, թե Կարեն Կարապետյանի պաշտոնավարման այս ամիսներին կոնկրետ ո՞ր ընկերությունը ո՞ր ոլորտում որքա՞ն ներդրում է իրականացրել: Բայց ապարդյուն. նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանն ասել է, թե դա առեւտրային գաղտնիք է, հետեւաբար իրենք չեն կարող հրապարակել այդ տվյալները: Թե ինչու են իշխանություններն առեւտրային գաղտնիքի անվան տակ թաքցնում այս տեղեկությունները, դժվար չէ ենթադրել. տվյալների ավելի մանրամասն հրապարակմամբ հնարավորություն կստեղծվի ավելի հստակ պատկերացում կազմել ներդրումների իրական ծավալների մասին, եւ այդ դեպքում արդեն կբացահայտվի իշխանությունների բլեֆը. արդեն հնարավոր կլինի պարզել, թե կոնկրետ ո՞ր ընկերությունը ո՞ր ոլորտում է ներդրել իր գումարները, արդյո՞ք դրանք իսկապես օտարերկրյա կազմակերպություններ են, թե արտերկրում գրանցված, բայց Հայաստանի իշխանություններին պատկանող ընկերությունները:
Բացի այդ՝ այսպես հնարավորություն կստեղծվի պարզել, թե այդ ներդրումները հենց Կարեն Կարապետյանի խոստումների շարքի՞ց են, թե՞ նրա նախկինից ժառանգություն մնացած ծրագրերն են. օրինակ՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման դեպքում ամերիկյան «Լիդիան Արմենիա» ընկերությունը մի քանի տարվա ներդրումային ծրագիր է ներկայացրել, եւ այն իրականացնում է ըստ հաստատված փաստաթղթի, անկախ կառավարության փոփոխություններից: Այնպես որ, իշխանությունների այս գաղտնապահությունը պատահական չէ:
Եւ հետո, մի ուշագրավ փաստ էլ. մի շարք իրողություններ արդեն իսկ կասկածի տակ են դնում նախանշված ծավալներով ներդրումներ ապահովելու խոստման իրականացումը:
Բանն այն է, որ օրերս ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը, խոսելով ներդրումների մասին, հայտարարել էր, թե նախարարության կողմից մոնիտորինգի ենթարկվող 66 ներդրումային ծրագրով 2017թ. համար նախատեսված է մոտ 500 մլն դոլարի ներդրում եւ մոտավորապես 7000-ից ավելի աշխատատեղի ստեղծում: «Ընդամենը ես կարող եմ նշել, որ հուլիսի 1-ի դրությամբ այդ 66 ծրագրով իրականացվել է մոտ 220 մլն դոլարի ներդրում եւ ստեղծվել մոտ 2700 աշխատատեղ»:
Ազիզյանը չի հստակեցրել, թե ի՞նչ մեթոդոլոգիայով են իրենք հաշվարկել իրականացված 220 մլն դոլարի ներդրումը: Բայց սա կարեւոր հանգամանք է, քանի որ նախարարությունը հաշվարկի այլ մեթոդոլոգիա է կիրառում, ԱՎԾ-ն՝ միանգամայն այլ, եւ նրանց թվերը պարզապես միմյանց չեն համապատասխանում:
Բայց ուշադրություն դարձրեք փոխնախարարի հնչեցրած թվերին. վարչապետ Կարեն Կարապետյանը խոստացել էր այս տարվա ընթացքում ապահովել 830-850 մլն դոլարի ներդրում, մինչդեռ հիմա տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարարը խոսում է մոտ 500 մլն դոլարի ներդրումների մասին: Այսինքն՝ մոտ 30 տոկոսով պակաս, քան խոստացել էր կառավարության ղեկավարը: Նախանշված ցուցանիշները տարվա կեսից այսկերպ խմբագրելը, համաձայնեք, արդեն իսկ վկայում է ձախողման հավանականության մասին:
Ավելին՝ Սերժ Սարգսյանն էլ իր վերջին հարցազրույցում խոսելով ներդրումներ ապահովելու՝ Կարեն Կարապետյանի խոստումների մասին՝ հայտարարել էր. «Ես կարծում եմ՝ կարեւորը միտումն է եւ այն ընթացքն է, որ մենք այսօր ունենք: Ընթացքը դրական է: Դե լավ, հիմա եթե 10 միլիոն պակաս լինի կամ 10 մլն դոլար ավելի լինի… Մենք գործ ունենք մարդկանց, պրոցեսների հետ, մենք չենք կարող կանխատեսել բոլոր պրոցեսները: Այսօր մենք ունակ չենք, եւ շատ-շատ հզոր երկրները ունակ չեն միջազգային տնտեսական իրավիճակների մասին ունենալ ստույգ տեղեկություններ, դրա համար ասում ենք՝ կանխատեսումներ»:
Այլ կերպ ասած, նա էլ իր հերթին է փորձել հիմքեր ստեղծել՝ հնարավոր ձախողումներն արդարացնելու համար. ի վերջո, արդարացումը, թե «գործ ունենք մարդկանց, պրոցեսների հետ, մենք չենք կարող կանխատեսել բոլոր պրոցեսները» կարելի է կրկնել անդադար, ու մեղքը գցելով այլոց վրա՝ խուսափել պատասխանատվությունից:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

ՈՒՍՈՒՄՆԱՏԵՆՉԸ
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրի Սահակյանը 48 տարեկան հասակում արդեն հասցրել է իրեն փորձել ամենատարբեր ոլորտներում: 1987 թվականին ավարտելով Երեւանի Մարշալ Բաբաջանյանի անվան հատուկ զինվորական դպրոցը, ապա 1989թ. Կազանի հրթիռային բարձրագույն զինվորական ուսումնարանը՝ 1990 թվականից կտրուկ անցում է կատարում դեպի բիզնես ոլորտ եւ մինչ 94թ. ՌԴ Յակուտսկ քաղաքում գործարարությամբ է զբաղվել: Ընդ որում, զինվորական կրթություն ստացած Սահակյանը Ռուսաստանում գործարարությամբ է զբաղվել հենց այն տարիներին, երբ Հայաստանը ծանր պատերազմի մեջ էր Ադրբեջանի հետ: Սա, համաձայնեք, մի տեսակ տարօրինակ է հնչում, դեռ ավելին՝ միանգամայն այլ ենթադրությունների տեղիք տալիս, մասնավորապես Սահակյանը պատերազմի տարիներին Հայաստանից ուղղակի փախած է եղել: Պաշտոնական կենսագրության մեջ բացարձակապես տեղեկություն չկա, թե ինչով է նա զբաղվել նաեւ Հայաստանում պատերազմի ավարտից հետո՝ 1994-2001 թվականներին: Եւ միայն դրանից հետո է նա վերսկսել գործարարությամբ զբաղվել, բայց արդեն Մոսկվայում: Իսկ 2005 թվականին թողնելով այդ ամենը՝ նա վերադարձել է: 36 տարեկան հասակում Թալինի բնակիչ Նաիրի Սահակյանն ընդունվել է Գյումրու «Պրոգրես» համալսարանի իրավագիտության բաժին՝ ավարտելով այն 40 տարեկանում: 2006 թվականին հիմնել է «Ես եւ Նա» ՍՊԸ-ն, որը զբաղվում է հանրային սննդի սպասարկմամբ եւ շինարարությամբ, իսկ 2007թ. էլ «Հայդուկն» ազգային հասարակական կազմակերպությունը: Այս ամենից հետո նա այժմ իրեն փորձում է արդեն խորհրդարանում. բազմապրոֆիլ պատգամավոր է Նաիրի Սահակյանը՝ զինվորական, իրավաբան, ՍՊԸ-ների ղեկավար եւ պատգամավոր:

 

 

ՀԱՍԵԼ Է ԴԻՎԱՆԲԱՇՈՒՆ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արկմեն Բեկթաշյանին պատասխանատվության ենթարկելու հարցը հասել է ՀՀ արդարադատության նախարարին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Նորք-Մարաշ վարչական շրջանում ԱԱԾ-ի կողմից վնասազերծված հանցավոր խմբավորման գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտնեց, որ դատավորին պատասխանատվության ենթարկելու մասով, բացի ՀՀ արդարադատության խորհուրդ դիմելուց, իրենք դիմել են ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին: Ինչպես հայտնի է՝ դատավորը դատական նիստերից հետո վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել Վահան Շիրխանյանի հասցեին, բացի այդ՝ պաշտպանը նշել է, որ դատավորը մի շարք խախտումներ է թույլ տվել: Թե ինչ ճակատագիր է սպասվում դատավորին, ցույց կտա ժամանակը:

 

 

ՄԵԿՆԵԼ Է ԱՐՁԱԿՈՒՐԴ
Սերժ Սարգսյանը մեկնել է կարճատեւ արձակուրդ, որի մի մասը կանցկացնի արտերկրում: Այդ ընթացքում նա կընդհատի արձակուրդը եւ աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն՝ մասնակցելու օգոստոսի 5-ին կայանալիք ԻԻՀ նորընտիր նախագահի երդման պաշտոնական արարողությանը:
 

ՄԱՍՆԱԿՑԵԼ Է
ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը Վարդենիսում մասնակցել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի նոր վարչական շենքի բացման արարողությանը: Շենքի բացմանը ներկա է գտնվել նաեւ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը: ՀՀ ՔԿ նախագահը շրջել է շենքում, ծանոթացել նոր աշխատանքային պայմաններին:

 

 

ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ
Իրանագետ Արմեն Իսրայելյանի խոսքով՝ Հայաստանի եւ Իրանի միջեւ ապրանքաշրջանառության ծավալները վերջին տարիներին ավելացել են, սակայն, ըստ նրա, երկու երկրներն ամենաբարձր մակարդակներում նշել են, որ իրենց դա չի բավարարում: Հայ-իրանական սահմանին ազատ տնտեսական գոտու գործարկումն էլ պետք է նպաստի ապրանքաշրջանառության ծավալների մեծացմանը: Խոսելով այն մասին, թե ինչ պետք է անի Հայաստանը՝ զարգացնելու Իրանի հետ տնտեսական համագործակցությունը, նա նշել է, որ պետք է աշխատել կարճաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ: «Իրանն ու Հայաստանը մեկ կարեւոր նախագիծ արդեն իսկ կյանքի են կոչել. դա Իրանի եւ Հայաստանի միջեւ գործող գազամուղն է: Սակայն օրակարգում պետք է պահել նաեւ հայ-իրանական երկաթգծի կառուցման ծրագիրը»,-ասել է նա:

 

 

ՌԻԱԼԸ՝ ԹՈՒՄԱՆ
RNA գործակալության հաղորդմամբ` Իրանի կառավարությունը հավանություն է տվել ներկայումս շրջանառության մեջ գտնվող դրամական միավոր ռիալը թումանով փոխարինելու մասին նախաձեռնությանը: 1 թումանը հավասար կլինի 10 ռիալին:

 

 

ՈՒՂԵՎՈՐ Է ՄԱՀԱՑԵԼ
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ այս գիշեր «Զվարթնոց» օդանավակայանում Դոհա-Երեւան չվերթի ուղեւորը մահացել է: Հայտնի է դարձել, որ տղամարդը 65 տարեկան է, ազգությամբ հայ, ՀՀ եւ ԱՄՆ քաղաքացի է, որը ունեցել է առողջական խնդիրներ:




Լրահոս