ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐՆ ՈՒ ԱՊՕՐԻՆԻ ՍԱՀՄԱՆԱՀԱՏՈՒՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապօրինի կերպով Հայաստանի սահմանը հատելու դեպքերը շարունակվում են: Ինչպես ցույց է տալիս իրավիճակը, իրավապահները Հայաստան ապօրինի մուտք գործած օտարերկրացիներին կա՛մ հայտնաբերում են գյուղերում, կա՛մ մայրաքաղաքի փողոցներում, բայց ոչ երբեք սահմանին, երբ նրանք փորձում են մեր երկիր մտնել:

Այն, որ ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության իրականացնողները կա՛մ տեղում չեն, կա՛մ ինչ-ինչ շահագրգռվածությունից ելնելով՝ չեն կանխում օտարերկրացիների կողմից ապօրինի մուտքը Հայաստան, միանշանակ է. համենայնդեպս այդ մասին են վկայում մինչ այժմ պաշտոնապես բացահայտված դեպքերը:
Եվ այսպես՝ հուլիսի 18-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ազգային անվտանգության ծառայությունը Երեւան քաղաքի Չարենցի փող. 70 շենքի մոտակայքից Թուրքիայի Հանրապետւթյան քաղաքացի էր ձերբակալել: ArmLur.am-ին հայտնի էր դարձել, որ Թուրքիայի Հանրապետության քաղաքացի Իբրահիմ Հուսեյինի Քարադաշիին 2017թ. փետրվարի սկզբին դեռեւս իրավապահներին չպարզված հանգամանքներում Վրաստանի տարածքով ապօրինի մուտք է գործել Հայաստանի Հանրապետություն: Նա չի ունեցել ՀՀ պահպանվող պետական սահմանը հատելու համար սահմանված փաստաթղթեր, սակայն առեղծվածային պայմաններում հատել է ՀՀ սահմանը եւ մի քանի ամիս ազատ շրջել է Երեւան քաղաքում:
Տեղեկացանք, որ ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները նրան հայտնաբերել էին 2017 թվականի ապրիլի 19-ին Երեւան քաղաքի Չարենցի փող. 70 շենքի մոտակայքում: Ու դեռեւս առեղծված է մնում՝ ինչու իրավապահ մարմինները չեն կարողանում կամ նպատակահարմար չեն գտնում բացահայտել, թե ինչ ճանապարհով է Թուրքիայի Հանրապետության քաղաքացի Իբրահիմ Հուսեյինի Քարադաշիին Վրաստանի տարածքով ապօրինի մուտք գործել Հայաստանի Հանրապետություն:
Բայց սա միակ դեպքը չէ. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Թուրքիայի քաղաքացի Աբդուլբարի Կանատին՝ տեղեկանալով, որ Թուրքիայի Հանրապետության քաղաքացի Օզգյուլ Դումանը Թուրքիայի Հանրապետության տարածքում խնդիրներ ունի եւ իր մտերիմների շրջապատում կարծիք է հայտնել, որ ցանկություն ունի ապօրինի կերպով տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն, Օզգյուլ Դումանին խոստացել է, որ կլորիկ գումարի դիմաց կտրամադրի համապատասխան տեղեկություններ եւ ցուցումներ, թե ինչպես կարելի է անարգել մուտք գործել Հայաստան:
Թուրքիայի քաղաքացի Դումանին 10 հազար դոլար է տրամադրել Աբդուլբարի Կանատին՝ խորհուրդ ստանալու համար, որպեսզի նա օգնի անցնել Հայաստանի սահմանը: Եւ ահա Աբդուլբարի Կանատի օգտակար խորհուրդներով Օզգյուլ Դումանին 2017 թվականի մայիսի 23-ին Թուրքիայի կողմից հատում է Արաքս գետը, հաղթահարելով սահմանային ինժեներատեխնիկական կառույցները, սողանցելով փշալարերի տակով՝ առանց սահմանված փաստաթղթերի եւ առանց պատշաճ թույլտվության Արագածոտնի մարզի Թլիկ գյուղի մոտով հատել է ՌԴ սահմանապահների կողմից պաշտպանվող Հայաստանի Հանրապետության պետական սահմանը:
Ահա թե Թուրքիայի որոշ քաղաքացիներ ինչքան տեղեկացված են հայ-թուրքական սահմանի դասավորվածության, շրջանցելու ուղիների մասին, որ անգամ այդպիսի «գործ են դրել»: Գումար են վերցնում եւ օգնում սահմանը հատել եւ Հայաստան մտնել:
Հիշեցնենք, որ դեռեւս 2016 թվականին Թուրքիայի քաղաքացի Արաֆադ Կամրուջաման Հոսսանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ 2016 թվականի օգոստոսի 9-ին Թուրքիայի Հանրապետության տարածքից ապօրինի կերպով հատել էր պետական սահմանը եւ շարժվել դեպի ՀՀ Արարատի մարզի Երասխ գյուղի ուղղությամբ, ավելի ուշ նրան ձերբակալել էին ԱԱԾ աշխատակիցները:
Բայց այստեղ մտահոգիչն այն է, որ Թուրքիայիում հանցանք գործած անձինք պատասխանատվությունից խուսափելու համար կեղծ փաստաթղթեր են օգտագործում եւ Ստամբուլ-Երեւան չվերթով հատում ՀՀ սահմանը:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2016 թվականին Կառոլ Սերաֆին Սիլվա Ռոդրիգեսը եւ Թոբիաս Հերրեռա Տարրիլոն Թուրքիայում կատարած հանցագործության համար քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով Թուրքիայի Հանրապետության տարածքում ձեռք էին բերել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ Զալի Մոզաֆարի Ֆարզադիի եւ Ֆանիմոզաֆարի Յադոլլահ Ռոոհոլլահիի տվյալներով անձնագրերը եւ դրանք օգտագործելով՝ Ստամբուլ-Երեւան KK 650 չվերթով հատել էին ՀՀ պետական սահմանը եւ մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք:
Հետո էլ ասում են, թե հայ-թուրքական «բարեկամություն» չկա: Ահա այն:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ
Շահումյանի թռչնաֆաբրիկայի գողության դեպքից «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես մեզ հայտնի դարձավ, որ ֆաբրիկայի գողացված շատ իրեր հայտնաբերվել են ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի ֆաբրիկայի աշխատակիցների բնակարաններից:
Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին գողություն կատարելու մեղադրանքով բերման էր ենթարկվել ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը: Նա կասկածվում է Շահումյանի թռչնաֆաբրիկայի պահեստներից մեկից գողություն կատարելու մեջ: Նշենք, որ ֆաբրիկայից գողացել էին սառնարաններ, լոգարաններ եւ կենցաղային այլ իրեր: Դեպքի առիթով ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ «գործով ձերբակալվել էին երեք անձ` երկուսը գողություն կատարելու, մեկը` գողության դրդչության կասկածանքով: Սակայն դատախազությունն ազատել է արգելանքից, եւ երեքի նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը»:
Եվ ահա գողության այս դեպքից «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել: Բանն այն է, որ Շահումյանի թռչնաֆաբրիկայի անմիջապես կողքը՝ հարեւանությամբ, գտնվում է ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի ֆաբրիկան:
Մեզ հասած տեղեկություններով՝ երբ իրավապահները Շահումյանի թռչնաֆաբրիկայի տնօրեն Էլյա Տոպսակալյանին հայտնել են, որ գողացված իրերը հայտնաբերել են, եւ ովքեր են կասկածյալները, նա անակնկալի է եկել` չհավատալով, որ կատարվածում խառնված է եղել ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:
Ինչեւէ, բացահայտումից հետո Շահումյանի թռչնաֆաբրիկայի տնօրեն Էլյա Տոպսակալյանին կանչել են հարցաքննության եւ հայտնել, որ ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի ֆաբրիկայից հայտնաբերել են այն տեխնիկաները, որոնք անհետացել էին իրենց մոտից:
Ավելին՝ մեզ տեղեկություններ հասան, որ ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի ֆաբրիկայի աշխատակիցների բնակարաններից հայտնաբերվել են 15 տեսախցիկներ, որոնք եւս գողացված են եղել Շահումյանի թռչնաֆաբրիկայից:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեի քննիչները ընկերության տնօրենից պահանջել են ներկայացնել ցուցակ, թե ինչքան վնաս են հասցրել իրեն: Այս օրերին իրականացվում է հաշվարկ, որպեսզի պարզվի, թե որքան իրեր են գողացել ընկերությունից:
Հավելենք, որ տեւական ժամանակ է, ինչ «Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ փորձում է զրուցել ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի հետ, սակայն փորձերը անցնում են ապարդյուն: Նախագահը անհասանելի է:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՍԿՍԵԼ Է
Գեւորգ Սաֆարյանին պատժախուց տեղափոխելու վերաբերյալ հրապարակումների հիման վրա ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում անմիջապես սկսվել է քննարկման ընթացակարգ սեփական նախաձեռնությամբ: Այս մասին պատշաճ կարգով տեղեկացվել են թե՛ Գեւորգ Սաֆարյանը, թե՛ նրա փաստաբանը. հայտնում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը: Գ. Սաֆարյանի գործով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը օրենքով վերապահված իրավական հնարավորությունների շրջանակում ձեռնարկում է առավելագույն միջոցներ:

 

 

ԲԱՆԱԿԱՅԻՆ ԽԱՂԵՐ
Աշխարհի 22 պետություններից ավելի քան 1200 զինծառայողներ են ժամանել Ռուսաստան՝ մասնակցելու միջազգային բանակային խաղերի մրցումներին: ««Միջազգային բանակային խաղեր-2017»-ի մրցումներին մասնակցելու համար արդեն Ռուսաստանի Դաշնության տարածք են ժամանել 22 պետությունների թիմերի 1238 ներկայացուցիչներ»,-ասված է հաղորդագրության մեջ: Միջազգային բանակային խաղերն այս տարի տեղի կունենան հուլիսի 29-ից մինչեւ օգոստոսի 12-ը Ռուսաստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Ղազախստանի եւ Չինաստանի զորավարժարաններում անընդհատ մրցումների 14 օրվա ընթացքում:

 

 

ՊԱՅԹՅՈՒՆ ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՈՒՄ
Հուլիսի 24-ին Արարատի մարզի Արտաշատ քաղաքի սկզբնամասում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն, եղել է տուժած: Պարզվել է, որ Դալար 2 հասցեում գտնվող գազալցակայանում լիցքավորման ժամանակ պայթել է «ՎԱԶ-2106» մակնիշի 51 UM 001 պետհամարանիշով ավտոմեքենայի գազի բալոնը, ինչի հետեւանքով աշխատակից Գ. Ա.-ը տեղափոխվել է Արտաշատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

 

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 89 ԴԵՊՔ
ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը հայտնել է, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում գրանցվել է թվով 89 ինքնասպանության դեպք, ինչը հինգով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Գերակշիռ մեծամասնությունը՝ 56-ը, բնակարաններում եւ առանձնատներում է, որը նվազել է 6 դեպքով, 12-ը՝ բարձրահարկ շինություններից նետվելու միջոցով, կամուրջներից՝ 5, հասարակական վայրերում՝ 3, բաց տարածքներում՝ 2 եւ այլ վայրերում՝ 11:

 

 

2234 ԴԻՄՈՒՄ
Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2017թ. հուլիսի 17-ից 21-ը ծառայության կողմից ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից ստացվել է 2234 դիմում եւ գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել եւ ընթացք է տրվել թվով 426 հեռախոսազանգի: Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված թվով 16 բողոքի: 2017թ. հուլիսի 17-ից 21-ը ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել եւ սպասարկվել 1843 քաղաքացի:




Լրահոս