Օրեր առաջ իր հրաժարականը ներկայացրեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մամուլի խոսնակ Շոն Սփայսերը: Նախագահի` անվտանգության գծով հատուկ խորհրդականի հեռանալուց հետո սա Թրամփի թիմում երկրորդ խոշոր փոփոխությունն է: Սակայն, ի տարբերություն Ֆլինի, Սփայսերը հրաժարական է տվել նախագահի հետ ունեցած անհամաձայնության արդյունքում: Նկատելի է, որ մամլո խոսնակների հաճախակի փոփոխությունը ընդունված պրակտիկա է, եւ Թրամփի վարչակազմն այս հարցում օրիգինալ չէ:
Շոն Սփայսերի թեկնածությունը որպես նախագահի մամուլի խոսնակ դժվար թե կարելի է համարել Թրամփի լավագույն ընտրությունը: Իր խառնվածքով, խոսելու եւ բառերի ընտրության ունակությամբ ու վարքագծով Սփայսերը այնքան էլ չէր համապատասխանում այս պաշտոնին: Մամուլի խոսնակը պետք է առավելագույնս պարզորեն ներկայացնի նախագահի կարծիքն ու մոտեցումները կոնկրետ հարցերի շուրջ, մինչդեռ Սփայսերը մեկ անգամ չէ, որ խայտառակվել էր բրիֆինգների ժամանակ: Նա բազմիցս սխալ էր արտասանում օտար պետությունների առաջնորդների անունները եւ հաճախ էլ չէր կարողանում ձեւակերպել իր մտքերը: Ամենախոշոր սկանդալներից մեկը բարձրացավ այն ժամանակ, երբ Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադիին նա համեմատել էր Հիտլերի հետ` նկատելով, որ վերջինս քիմիական զենք չէր օգտագործել «Հոլոքոստի կենտրոններում»: Մի կողմ թողած վերջին ձեւակերպման անհեթեթությունը` Սփայսերը անթույլատրելիորեն խեղաթյուրել էր հայտնի փաստը, ըստ որի` Հիտլերն առաջինն էր քիմիական զենք օգտագործել անմեղ բնակչության նկատմամբ: Եվ փորձելով շտկել իր սխալը` նա ավելի վատ դրության մեջ էր ընկել, երբ հայտարարել էր, որ Հիտլերը գոնե իր համաքաղաքացիների նկատմամբ չէր այդպես վարվել: Սփայսերի հանդեպ համացանցը դաժան գտնվեց նաեւ այն ժամանակ, երբ նա թվիթերում երկու անգամ շփոթվել եւ հրապարակավ գրել էր իր գաղտնաբառը: Եվ այսքանից հետո ոչ թե Թրամփն է հեռացնում նրան աշխատանքից, այլ Սփայսերն է, ի նշան դեմարշի, հրաժարական տալիս:
Սփայսերի հրաժարականը պայմանավորված էր Սպիտակ տան հաղորդակցության եւ հանրային կապերի բաժնի նոր ղեկավարի ընտրությամբ: Այդ պաշտոնում Թրամփը նշանակել է գործարար-ֆինանսիստ Էնթընի Սքարամուչիին, որին այդ պաշտոնին անհամապատասխան էին համարում Թրամփի բազմաթիվ կողմնակիցներ: Սփայսերն էլ արտահայտել է իր դժգոհությունը եւ ի նշան Թրամփի նշանակմանն իր ցուցաբերած անհամաձայնության` լքել պաշտոնը: Խոսնակը համոզված էր, որ Սքարամուչիի նշանակումը խոշոր սխալ էր նախագահի կողմից: Եվ այդ պատճառով էլ մերժել է նախագահի խնդրանքը պաշտոնավարումը շարունակելու հարցում: Հատկանշական է, որ այս կադրային նշանակման հետ կտրականապես համաձայն չէր նաեւ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ռեյնս Փրայբուսը, որին ինչ-որ առումով Թրամփը հրապարակային ապտակ է հասցրել այդպիսի նշանակմամբ: Ամերիկյան քաղաքական ու հանրային շրջանակները քաջատեղյակ էին Փրայբուսի դիրքորոշմանը, որն առիթը բաց չէր թողնում Թրամփին հակառակում համոզելու համար: Եվ ահա այժմ խոսվում է, որ Փրայբուսը գուցե նույնպես լքի պաշտոնը, թեպետ մամուլում տեղեկություններ են տարածվել, որ նա «100 տոկոսով պաշտպանում է» նախագահի քայլը: Այդուհանդերձ, կարծիք կա, որ Թրամփը այսպիսի նշանակումներով փորձում է ազատվել իր ազդեցիկ կադրերից, որոնց անձամբ հեռացնելու համարձակություն չունի: Միաժամանակ շեշտելի է, որ Թրամփի նշանակումները մեկը մյուսից անհամարժեք են, ինչի մասին բազմիցս արտահայտվել են թե՛ հակառակորդները, թե՛ վերլուծաբանները: Եվ ահա հիմա էլ տեղեկատվության պես կարեւորագույն ոլորտը վստահվել է ֆինանսիստ գործարարին, որը սովոր է փակ գործարքների ու բնականորեն պիտի խուսափի հրապարակայնությունից, թեեւ ժամանակին CNBC հեռուստաընկերության եթերում հաղորդում է վարել:
Սփայսերը մամուլի խոսնակ է աշխատել 182 օր` ավելի երկար, քան Բիլ Քլինթոնի առաջին եւ վերջին խոսնակների պաշտոնավարումները` համապատասխանաբար 138 եւ 112 օր: Բուշ Ավագը իր նախագահության 4 տարիներին ունեցել է միայն մեկ խոսնակ, Քլինթոնը 8 տարում` 5, Բուշ Կրտսերը նույնպես 8 տարում` 4, Օբաման` 3: Հաշվի առնելով Թրամփի խառնվածքը` նա հազիվ թե ետ մնա իր նախորդներից նաեւ այս ճակատում: Ի դեպ, ամերիկյան այս թվաբանությունը գործածական է նաեւ Հայաստանում: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ունեցել է 3 խոսնակ` Ռուբեն Շուգարյանը (1992-93), որը հետագայում դարձավ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան, Արամ Աբրահամյանը (1993-95)` «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, եւ Լեւոն Զուրաբյանը (1995-98)` 5-րդ գումարման ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավարը: Ռոբերտ Քոչարյանն ունեցել է 4 խոսնակ. Կասյա Աբգարյան (1998-99), որը նախագահական էր տեղափոխվել կառավարությունից, այնուհետ Վահե Գաբրիելյան (1999-2003), որին Քոչարյանը նշանակել էր Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան, Աշոտ Քոչարյան (2003-05), որը Ասիայի մի շարք երկրներում եղել է ՀՀ դեսպան եւ Վիկտոր Սողոմոնյան (2005-08), որն այսօր էլ Քոչարյանի գրասենյակի ղեկավարն է: Սերժ Սարգսյանի առաջին խոսնակը ՄԻԱԿ-ից Սամվել Ֆարմանյանն էր (2008-10), որն այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր է, երկրորդը Արմեն Արզումանյանն էր (2010-13)` ներկայումս Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի անվան հետ ասոցացվող «Պանարմենիան Մեդիա Գրուպի» տնօրենը, իսկ 3-րդը` այժմ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը (2013-15): 2015թ. ցայսօր Սերժ Սարգսյանի խոսնակն է Վլադիմիր Հակոբյանը, որի գերքչախոսությունը ինքնին ավելի աղմկարար է:
Մամուլի խոսնակների ընտրությունը կարելի է ցուցիչ համարել, թե ինչպես է երկրի ղեկավարը պատկերացնում եւ կառուցում իր հարաբերությունները հանրության հետ: Արդ, ինչպիսին Թրամփի քաոտիկ խառնվածքն է, այդպիսին էր նրա նշանակած խոսնակը, եւ ինչպիսի գաղտնապահ ու մեկուսի է Սերժ Սարգսյանը, այդպիսին է նրա խոսնակը:
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԳՆԱԾ ՇՈԿՈԼԱԴՆԵՐՆ ՈՒ ՓՈՒՉԻԿՆԵՐԸ
Չնայած այն բանին, որ Հայաստանում աղքատության մակարդակը մոտ 30 տոկոս է, ՀՀ որոշ գերատեսչություններ անհասկանալի գնումներ են կատարում: Այդպիսի գերատեսչությունների թվում է նաեւ ՀՀ Լոռու մարզի Սպիտակի քաղաքապետարանը:
«Ժողովուրդ»-ի ձեռքի տակ է հայտնվել Սպիտակի քաղաքապետարանի՝ հուլիսի 10-ին հաստատված գնումների պլանը: Այսպես՝ քաղաքապետարանը գնել է 3500 լիտր բենզին, որի համար ընդհանուր վճարել է 1 մլն 120 հազար դրամ: Այսինքն՝ մեկ լիտր բենզինը գնել է 320 դրամով: Բայց սա դեռ ամենը չէ. քաղաքապետարանը գնել է եւս 3500 լիտր բենզին` վճարելով 1 մլն 295 հազար դրամ: Ի դեպ, քաղաքապետարանի աշխատակազմը նախատեսել է նաեւ վերանորոգել վարչական շենքը, որի համար ծախսելու է 4.1 մլն դրամ: Քաղաքային բյուջեի միջոցներով գնվել է նաեւ գրասենյակային 60 հատ աթոռ. մեկ հատի արժեքը կազմում է 20 հազար դրամ: 60 հատ աթոռի համար ծախսել է 1.2 մլն դրամ: Քաղաքապետարանի կողմից գնվել է նաեւ մեկ բազկաթոռ` 300 հազար դրամով:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ գնվել է եւս մեկ բազկաթոռ` 180 հազար դրամով, իսկ գրասենյակային կահույքի համար ծախսվել է 776.5 հազար դրամ: Պարզվում է, որ 4 մլն 200 հազար դրամ ծախսվել է կահույքի եւ համակարգչային սարքավորումների ձեռք բերման համար: Իսկ ճանապարհների նորոգման համար հատկացվել է 11.7 մլն դրամ: Բայց ավելի շատ գումար` 16.9 մլն դրամ, ուղղվել է սանիտարական մաքրմանը: Միայն աղբի տեղափոխման համար` 8.1 մլն դրամ:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ գնվել է նաեւ գրասենյակային նյութեր, ծաղիկներ եւ հագուստ, որոնց համար ծախսվել է 100 հազար դրամ: Ինչը խիստ տարօրինակ է, քանի որ կասկածելի է. ե՛ւ նյութերի, ե՛ւ ծաղիկների, ե՛ւ հագուստի համար պահանջվել է կլորիկ գումար` 100 հազար դրամ: Նշենք, որ Սպիտակի քաղաքապետարանի գնումների պլանում տեղ է գտել նաեւ նորածինների համար նախատեսված հավաքածու, որի համար հատկացվել է 50 հազար 400 դրամ: Քաղաքապետարանը իր գնումները քաղցրացրել է շոկոլադների, կոնֆետների ընտրանիներով, որոնց համար քաղաքային բյուջեից ծախսվել է 345 հազար դրամ: Նրանք նաեւ 80 հատ 5900 դրամանոց կոնյակ են գնել՝ ծախսելով 472 հազար դրամ: Ում համար են նախատեսված 80 հատ կոնյակները հարցին Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը արձագանքեց. «Դրանք մենք նվիրում ենք զինծառայողներին` Հայոց բանակի առթիվ»:
Սպիտակի քաղաքապետարանը գնել է նաեւ փուչիկներ. գնվել է 500 հատ 50 դրամանոց փուչիկ` վճարելով 25 հազար դրամ: Իսկ 700 հատ 200 դրամանոց փուչիկի համար ծախսվել է 140 հազար դրամ, 1200 հատ 100 դրամանոցի համար` 120 հազար դրամ, փուչիկի 800 հատ պոչերի համար՝ 40 հազար դրամ: Բայց Սպիտակի քաղաքապետ Գ. Սահակյանը «Ժողովուրդ»-ին վստահեցրեց, որ ե՛ւ փուչիկները, ե՛ւ կոնֆետները քաղաքի տոնի կապակցությամբ բաշխվում են երեխաներին: Իսկ 300 հազար դրամանոց բազկաթոռի մասով արդարացավ` նշելով. «Այդ բազկաթոռը նիստերի դահլիճի համար է, որտեղ ուղիղ հեռարձակվում են ավագանու նիստերը: Դրա վրա միայն ես չեմ նստելու: Ես բազկաթոռ ունեմ, որը գնել ենք 130 հազար դրամով»:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
«ՓԱՅՏԻ ԳՈՐԾԸ» ՓԱԿԵԼ ԵՆ
«Ժողովուրդ»-ի թղթակիցը նկատեց, որ Դիլիջան քաղաքի հարավային մուտքին՝ «Հաղարծին» ռեստորանային համալիրի շրջակա ոլորանի մոտ, պահակակետ է տեղադրված, որտեղ մշտապես հերթապահում են ոստիկանության եւ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Նրանք ստուգում են կասկածելի թվացող բեռնատարները, որպեսզի Տավուշի մարզից ապօրինի հատված վառելափայտ եւ շինափայտ չտեղափոխվի: Նկատելի է, որ վերջին շրջանում Տավուշում խիստ ուժեղացել է ապօրինի անտառհատումների դեմ պայքարը: Թե ինչքան կտեւի այդ պայքարը, դժվար է ասել: Նախկինում եւս նման միջոցառումներ իրականացվել են, սակայն դրանք շոշափելի արդյունք չեն տվել, որոշ ժամանակ անց ամեն ինչ վերադարձել է ի շրջանս յուր: Հետաքրքիր է, թե այս ակցիան որքան կտեւի, եւ ոստիկանական սկզբունքայնությունը մինչեւ ուր կդրսեւորվի:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՀԱՅԵՐԻ ԹԻՎԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է
Վերջին տասը տարվա ընթացքում հայ հասարակության թիվը Բաթումիում երկու անգամ կրճատվել է: «Մայրաքաղաք Աջարիայում մոտ 27 հազար հայ է ապրել: Այժմ նրանց թիվը չի հասնում անգամ 12 հազարի»,- հայտնում է Gemigrant պարբերականը` հղում անելով տեղի հայ համայնքին: Պարբերականի տվյալնելով` Բաթումիի հայ համայնքի ղեկավարությունը դիմել է Վրաստանի եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանին եւ իր մտահոգությունը հայտնել, որ իրենց հայրենակիցների արտագաղթի պատճառը սոցիալ-տնտեսական վատ պայմաններն են, որն առաջացել է ռուսական ռազմաբազայի դուրսբերումից հետո: «Տեղի հայերը հիմնականում արհեստավորներ են, եւ քաղաքում նրանց համար աշխատանք չկա: Հենց այդ պատճառով էլ նրանք սեւծովյան այլ քաղաքաներ են մեկնում` Տուապսե, Սուխումի, Անապա, Յալտա: Իսկ վերջին շրջանում հայերը տեղակայվել են Սոչիում»,- հաղորդվում է հրապարակման մեջ: Ավելի վաղ հաղորդվել է, որ Վրաստանի վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` հայերի թիվը 25 տարվա ընթացքում երկրում նվազել է 250 հազարով: