ՓՈՂԿԱՊՆԵՐԸ ՁԻԳ ԵՆ ԿԱՊՈՒՄ, ՀՈԳԻՆ ԹՈՒԼԱՆՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը հայ երգարվեստի ներկայիս վիճակի, ինչպես նաեւ ՀՀ պաշտոնյաների դասալիք զավակների մասին զրուցել է երգիչ, երգահան Դավիթ Ամալյանի հետ:

-Պարո՛ն Ամալյան, ստեղծագործական կյանքում ի՞նչ նորություններ ունեք:
-Նորություններ շատ ունեմ, պարզապես թղթի ձեւով են: Անկեղծ ասած, հիմա ուզում եմ ալբոմ թողարկել: Պետք է ասեմ, որ նոր երգերով երեք ալբոմի գործ ունեմ, որ ձայնագրված չեն: Հերթական անգամ դիմում եմ տարբեր հովանավորների, որպեսզի աջակցեն, ձայներիզ թողարկեմ, իհարկե, շատ դեպքերում մերժվում եմ, բայց նաեւ լինում են մարդիկ, որ օգտակար են լինում: Այս պահին դուրս եմ եկել «հարուստաորսի», քանի որ խոսքը մեծ թվերի մասին է: Ես ինքս այնքան չեմ վաստակում, որ կարողանամ իմ ձայներիզներն ունենալ: Տեսահոլովակ էլ վաղուցվանից չեմ նկարահանել, բայց այնպես չէ, որ գումարն է պատճառը, պարզապես ես կարծում եմ, որ տեսահոլովակ ասվածը մի փոքր ավելորդ է: Ես կցանկանայի, որ մեր հեռուստաընկերություններում համերգային կատարումներն այնքան շատ լինեին, որ տեսահոլովակի կարիք չլիներ:
-Մի քանի անգամ նշել եք, որ Ձեզ արտերկրում համերգների չեն հրավիրում, իսկ հիմա՞, բարձրաձայնումից հետո՞:
-Այնպես չէ, որ բարձրաձայնումից հետո ինչ-որ բան է փոխվել: Ես հասկանում եմ, որ իսկապես իմ ժանրը կոմերցիոն չէ: Արտերկրի հանդիսատեսի պահանջն այլ է: Չեմ ուզում որեւէ մեկին վիրավորել, պարզապես այն խավը չէ, որին հետաքրքիր է խոսքն ու միտքը: Ռուբեն Հախվերդյանին բոլորն ընդունում են հիշողությունների համար: Բայց այսօր մարդկանց դուր է գալիս ժամանցային երգեր:
-Դուք ասել էիք, որ այս տարի աշնանը մենահամերգ կունենաք: Այդ ուղղությամբ աշխատանքներ տարվո՞ւմ են: Ի՞նչ խնդիրներ ունեք։
-Մի նախագիծ ունեմ՝ մենահամերգներով շրջայց կատարել սահմանամերձ գյուղերում: Ցանկալի կլիներ կենդանի նվագախմբի հետ, բայց դա էլ է մեծ գումարների հետ կապված: Իրականում մենահամերգ շատ եմ ուզում ունենալ, բացի այն, որ ծախսը դուրս է գալիս, այլ նաեւ հնարավորություն է տալիս երգերը ներկայացնելու: Հույսով եմ՝ աշնանը մենահամերգ կլինի:
-Ձեր հեղինակած «Արծվաբույն» պիեսը` նվիրված ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանին, պետք է վերածեիք ֆիլմի, սակայն նշել էիք, որ դարձյալ ֆինանսական խնդիրների պատճառով այն հետաձգվում է: Ի՞նչ փուլում է գտնվում ֆիլմի նկարահանման ծրագիրը:
-Մի անեկդոտ հիշեցի: Մեկը գնում է բար, ասում է՝ լցրո՛ւ, քանի չի սկսվել: Բարմենը հարցնում է՝ ի՞նչ է պատահել, եղբա՛յր: Ասում է՝ լցրո՛ւ, քանի չի սկսվել, եւ այդպես մի քանի անգամ: Բարմենը հարցնում է՝ եղբա՛յր, իսկ փո՞ղը: Ասում է՝ սկսվեց: Հիմա մենք հասել ենք այդ նույն կետին, փող է պետք, որպեսզի սցենարիստն ավելի պրոֆեսիոնալ կատարի իր աշխատանքը, դերասանական կազմի ընտրություն լինի եւ այլն, համենայնդեպս հույսս չեմ կտրում:
-Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ մեր երգարվեստին պակասում է որակը: Ձեր կարծիքով՝ այս ընթացքում ի՞նչ է փոխվել եւ դեպի որ ուղղությամբ։
-Այսօր մարդը լսելուց չի ուզում մտածել, ուզում է կիրք զգալ, թեպետ մեր երգարվեստում կրքի համար գրված երգերն էլ են թույլ, բայց դա չի նշանակում, որ երգի բառերը պետք է լինեն բացարձակ դատարկություն: Միջազգային երգարվեստում այդ երգերն ասելիք ունեն, իսկ մեր մոտ չեմ հասկանում՝ ինչո՞ւ են այդպիսի երգեր գրում, նույն մարդիկ, նույն ոճով, նույն հանգով, նույն կարոտով, սիրով…: Եթե անուններ տամ, պետք է սկսեմ հիմնադիրներից, ովքեր ծրագրավորված մշակույթ են փչացնում, դրա համար անուններ չեմ տա, որ սկանդալ չդառնա: Ներքին օղակներից սկսած մտադրություն ունեն մեր մշակույթը փչացնելու, սա թաքցնելու բան չէ, սա ակնհայտ է արվում: Այնուամենայնիվ, չեմ կարող չնշել ճաշակի բարձրացման մասին: Լավ երգեր կան, այն հին «զիբիլները» մի քիչ քչացել են:
-Պարո՛ն Ամալյան, հայ զինվորի, հայոց բանակի մասին երգերի հեղինակ, կատարող եք, բայց երբեք չեք անդրադարձել հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերվում այն իրողությանը, որ հայ շատ պաշտոնյաների զավակներ չեն ծառայել բանակում, շատ պաշտոնյաներ եւս դասալիք են։ Ինչպե՞ս եք վերաբերվում այս երեւույթին:
-Քաղաքում՝ կաֆեներում, յեսիմ ինչի բալեքը, թանկանոց մեքենաներով սրա-նրա վրա գնացողները չգիտեն էլ՝ պոստն ինչ է, դժվարությունն ինչ է, տղամարդն ինչ է, ընկերոջ համար մեռնելն ինչ է, երեւի միակ բանը, որ գիտեն, դա հայհոյելն է: Մեր սերունդը բաժանված է երկու թեւի՝ մեկը, Ռուբեն Հախվերդյանի ասած, «ինչի տղերքը»-ն են, մյուսը՝ Վարդան Դուշմանի թեւն է՝ Քառօրյային մասնակից տղերքը: Եթե բոլորը, անկախ նրանից՝ ում տղերքն են, ինչ մասնագիտություն ունեն, գնան, 10-15 օր պոստ պահեն, ամեն ինչ կփոխվի: Որձի՝ պոստ պահելու լոգիկան կանանց ավելի կանացի կդարձնի, իրենց էլ՝ տղամարդ: Վերջերս լսեցի 100 հազար դոլարանոց տորթերի մասին: Ես զարմանում եմ՝ դա ո՞նց են կուլ տալիս: Երբ այդ գումարով կարող են մի զենքի, մի զոհված ազատամարտիկի բնակարանի հարց լուծել: Այն էլ այս պատերազմական ժամանակահատվածում, ցավով եմ ասում, բայց շատ մոտ ժամանակներս պատերազմ կլինի: Այսօրվա մեր վիճակը իրական պատերազմից վատ է:
-Պարո՛ն Ամալյան, ինչու՞ են Ձեր երգերը հիմնականում տխուր, ի՞նչն է Ձեզ անհանգստացնում:
-Ես շատ ուրախ, քեֆ անող անձնավորություն եմ: Չգիտեմ՝ ինչու է այդպես: Երգ գրելուց մենակ եմ լինում, իսկ մենակ ժամանակ ոչ մի ուրախանալու բան չունեմ:
-Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ կյանքում պատերազմից ավելի շատ վախենում եք փառքից: Վտանգ զգացե՞լ եք:
-Պատերազմից չվախենալ չի կարելի: Պատերազմը տղամարդու համար վախի հաղթահարման լավագույն միջոցն է: Ինչ վերաբերում է փառքին՝ փառքը քաղցկեղի նման է, եթե սրանից մարմինն է մեռնում, ապա փառքից՝ հոգին: Այնքան կենդանի մեռելներ ունենք այսօր, որ իշխանության են ձգտում: Փոքր ժամանակվանից փողկապն այնքան ձիգն են կապել, որ հոգին թուլացրել է՝ դարձնելով նրանց նախարարիկներ:

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ




Լրահոս