Արդեն հայտնի է ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմը: Այն գլխավորում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ով խորհրդի նախագահն է: Նրան հաջորդում է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: Ցանկում խորհրդարանական ուժերից ներկայացված է միայն «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Ինչպես հայտնի է՝ դեռեւս 2015 թվականի փետրվարի 19-ին ՀՀ կառավարության նիստում որոշվեց ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ: Այն ղեկավարում էր ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Հիմա էլ կոռուպցիայի դեմ պայքարելու հերթը Կարեն Կարապետյանինն է: Բայց նկատենք, որ կոռուպցիայի դեմ պայքարի ստեղծված խորհուրդը բավարարվում է միայն հանձնարարականներ տալով, կարգեր մշակելով, քննարկումներ անցկացնելով կամ էլ օրենքներում փոփոխություններ անելով: Ուրիշ ոչինչ, այսինքն՝ ոչ մի առարկայական գործողություն. մինչդեռ այդ ամենը նույն խորհրդի անդամները ի պաշտոնե պարտավոր են անել:
Նշենք, որ խորհրդի կազմում ընդգրկված է նաեւ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, ում հետ «Ժողովուրդը» զրուցել է խորհրդի, կոռուպցիայի դեմ պայքարի եւ արձանագրած «հաջողությունների» մասին:
-Պարո՛ն Արամյան, Դուք հակակոռուպցիոն խորհրդի անդամ եք: Ինչպե՞ս եք պատկերացնում այդ պայքարը, եւ հենց Ձեր առաքելությունը ո՞րն է լինելու:
-Այդ խորհրդի անդամներից յուրաքանչյուրը պատասխանատու է իր ոլորտում հակակոռուպցիոն գործիքակազմի ներդրման մասով: Ես արդեն բազմիցս նշել եմ, թե մենք գնումների ոլորտում ինչեր ենք արել: Մենք ամբողջապես թափանցիկացրել ենք պրոցեսները, նաեւ մենք շատ ակտիվ համագործակցում ենք ՀԿ-ների հետ, որոնք մեզ նաեւ օգնում են, թե որտեղ են այն խոռոչները, որտեղ մենք կարող ենք է՛լ ավելի բարելավել: Ֆինանսների նախարարության ամենառիսկային գոտին գնումների համակարգն է, մենք վստահ ենք՝ այն նոր գործիքակազմը, որ ներդրել ենք,եւ կյանքի է կոչվել այս տարվա ապրիլից, կօգնի, որպեսզի ավելի թափանցիկ դառնա ամբողջ համակարգը,եւ նվազեցվեն կոռուպցիոն դրսեւորումները:
-Նման խորհուրդներ նախորդ կառավարությունների ժամանակ եւս եղել են: Ի՞նչ իմաստ ուներ նոր մարմին ստեղծելը:
-Նախկինում մենք չենք ունեցել այն դեպքը, որ տնտեսվարող սուբյեկտը բացահայտի իր սեփականատերերին,այս գործիքակազմը բոլորովին նոր է: Մենք չենք ունեցել նաեւ այն գործիքակազմը, որով գնումների համակարգից կպահանջեինք բացահայտել կամ հայտարարագրել իրենց շահերը կամ փոխկապակցվածությունը տնտեսվարող սուբյեկտի հետ: Մենք նաեւ կոշտ քայլեր ենք ձեռնարկել, որպեսզի գնումների ամբողջ համակարգը տեղափոխվի էլեկտրոնային դաշտ: Հունվարից նոր էլեկտրոնային գործիք ներդրվեց,եւ եթե մինչ այդ միայն հրապարակվում էր հաղթող կազմակերպության հայտը, այսօր ստեղծվել է մի հարթակ, որը հնարավորություն է տալիս տենդերի վերջում ավտոմատ բացվեն բոլոր ընկերության առաջարկները,եւ դա հրապարակվում է: Կառավարության որոշումով մի քանի փոփոխություն կատարեցինք, որպեսզի արհեստածին թերությունների հիմքով որեւէ մեկը որեւէ մեկին չկարողանա դուրս շպրտել տենդերային պրոցեսներից:
-Պարո՛ն Արամյան, որքանո՞վ կարող է խորհրդի կազմը վստահություն ներշնչել, եթե հաշվի առնենք, որ նախկինում եղած խորհուրդները արդյունք չեն տվել, հասարակության մոտ էլ անվստահություն կա:
-Գիտեք, այդ բանը պետք է հարցնել հանրությանը: Ես չեմ, որ դրա վրա պետք է դատողություններ անեմ: Դա կնշանակի, որ ես դատողություններ եմ անում իմ գործընկերների ով լինելու մասին, կամ ինչ աշխատանք են կատարում, ինչը ճիշտ չէ:
-Բայց կարո՞ղ է վստահություն ներշնչել մի խորհուրդ, որտեղ ընդդիմությունից ներկայացված է միայն «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանը, ում դժվար է ընդդիմադիր կերպար ընկալելը: Ինչո՞ւ մյուս ուժերը ներկայացված չեն:
-Վստահությունը կամ վերահսկողությունը պետք է լինի հանրությունից: Ասեմ ավելին՝ որքանով ես տեղյակ եմ, կատարվել է առաջարկ բոլոր ուժերին, որպեսզի նրանք անդամակցեն, քանի որ այս խորհուրդը ՀՀ-ի համար է աշխատում,եւ այդ տեսանկյունից ասելով, որ վստահություն չի ներշնչում, ես չեմ կիսում այդ կարծիքը՝ լինելով այդ խորհրդի կազմում: Բայց մնացած մասերով չեմ կարող գնահատական տալ հանրության յուրաքանչյուր անդամի տեսանկյունից:
ԻՍՐԱՅԵԼԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԶԵՆՔ ՎԱՃԱՌԵԼ
Իսրայելը պատրաստ է զինտեխնիկա վաճառել նաեւ Հայաստանին, իսկ Ադրբեջանին զենք է վաճառում ոչ Հայաստանի նկատմամբ թշնամության պատճառով: Երեկ լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն է արել ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Ընդգծենք, որ նախօրեին էլ Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու թեմային անդրադարձել էր «Հայաստան-Իսրայել» հասարակական ֆորումի համանախագահ, Քնեսեթի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը:
«Իսրայելը զինամթերք մատակարարող երկրների հնգյակում է, եւ դա գաղտնիք չէ: Հայաստանին եւս առաջարկվել է գնել զինամթերք, բայց պաշտպանության նախկին նախարարն ասել է, որ այն թանկ է, եւ մեզ հարմար չէ, իսկ հիմա գնդակը Հայաստանի ձեռքում է, մենք միշտ բաց ենք: Ինչ վերաբերում է Ադրբեջանին զենք վաճառելուն, ձեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանն Ադրբեջանին ավելի շատ զենք է վաճառում: Հետաքրքի՞ր է՝ այս հարցը դուք տալի՞ս եք Ռուսաստանին», -ասել է նա:
Այստեղ տեղին է մի քանի թվային տվյալ ներկայացնելը. Ադրբեջանը ՌԴ-ից զենք է գնում 2000-ականներից: Ամենախոշոր գործարքը կայացվել է 2010-ի սկզբներին եւ գնահատվում էր 4 մլրդ դոլար: Այդ ժամանակ Բաքուն ստացավ 100 տանկ, «Սմերչ», «Սոլնցեպեկ», ինչպես նաեւ 10 մարտական հակատանկային համալիր, հրթիռներ եւ մի շարք ականազերծման սարքավորումներ:
Իսկ այժմ խոսենք Իսրայելի կողմից զենքի վաճառքի մասին: Նախորդ տարվա դեկտեմբերին Իլհամ Ալիեւը Բաքվում հանդիպել էր Իսրայելի վարչապետին եւ խոսքի ընթացքում ասել. «Մենք ակտիվորեն համագործացկում ենք պաշտպանության ոլորտում, եւ դա շարունակվում է երկար տարիներ: Ես կբերեմ մեկ թիվ, որը ցույց կտա, թե որքան մասշտաբային է այդ համագործակցությունը: Իսրայելի եւ Ադրբեջանի միջեւ զենքի գնման պայմանագրի արժեքը մոտենում է 5 մլրդ դոլարի»,- ասել է Ալիեւը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստան էր ժամանել Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբին: ՀՀ արտգործնախարարի հետ հանդիպմանը նա նշել է, որ Իսրայելը ցանկանում է զարգացնել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ, եւ որ դա իր այցի հիմնական ուղերձն է: Իսրայելցի նախարարի այցը Հայաստան բավականին ուշագրավ է, քանի որ հայ-իսրայելական հարաբերություններ, 1992թ. դրանց պաշտոնական հաստատումից ի վեր, ըստ էության, չկան: Վերջին անգամ բարձր մակարդակով այց տեղի է ունեցել 2000թ., երբ այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը աշխատանքային այցով մեկնեց Իսրայել: Քաղաքական հաշվարկներից ելնելով՝ 92-ից ի վեր Հայաստանը Իսրայելի հետ հարաբերությունները թողել է նվազագույն մակարդակի վրա: Այդ բաց տարածքն անմիջապես լցվել է, եւ այսօր Ադրբեջան-Իսրայել հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակում՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական եւ թե՛ հատկապես ռազմական առումով:
Եվ հիմա լավ շանս է տրվել, որպեսզի զարգանան հայ-իսրայելական հարաբերությունները: Արդյո՞ք մենք կկարողանանք քաղաքականություն վարել այնպես, որ չփչացնենք մեր հարաբերությունները: Իսկ Իսրայելը մատնանշեց այն օգուտը, որը կարող է Հայաստանը ստանալ: Խոսքն, իհարկե, իսրայելական զենքի մասին է: Ընդգծենք, որ հատկապես ապրիլյան պատերազմից հետո խիստ բացասաբար եւ ցավոտ ընկալվեց այն փաստը, որ Բաքուն կռվում էր նաեւ իսրայելական զենքով: Եվ հիմա պարզվում է, որ մեր նախկին Պնախարար Սեյրան Օհանյանը չի ցանկացել գնել այդ զենքը, քանի որ այն թանկ է եղել:
Իսկ երբ Օհանյանի տիկինը հերթական թանկարժեք զգեստն է գնում, հետաքրքիր է՝ Օհանյանը երբեւէ ասել է՝ թանկ է, պետք չէ գնել, օրինակ, 5-6 հազար եվրո արժողությամբ պայուսակ բրենդային խանութից:
Իսկ գուցե Ռուսաստանի կողմի՞ց է արգելք եղել Իսրայելից զենք գնելը, դա էլ նույն Սեյրան Օհանյանի եւ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման արդյունքն է:
Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
ՀԱՆԳՍՏԻՑ ՀԵՏՈ
Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանին Վրաստանի Հանրապետությունում Հայաստանի դեսպան նշանակելու հարցը մի փոքր ձգձգվելու է: «Ժողովուրդ»-ին լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ այդ ձգձգման պատճառը Սերժ Սարգսյանի արձակուրդն է: Նշանակումը տեղի կունենա նրա վերադարձից հետո: Հիշեցնենք, որ օրեր առաջ ArmLur.am-ը գրել էր, որ Մինասյանին դեսպան նշանակելու գործընթացն ընթացքի մեջ է: Իսկ Վրաստանում հայկական համայնքի ներկայացուցիչների մեծ մասը ոգեւորված է այս լուրով, քանի որ ներկայիս դեսպանը՝ Յուրի Վարդանյանը, այդպես էլ իրեն չարդարացրեց այս պաշտոնում:
ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՑՈՒՑՄՈՒՆՔ ՏԱԼՈՒՑ
Երեկ հատուկ քննչական ծառայության քննիչները գնացել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, որպեսզի հարցաքննեն «Սասնա ծռեր» խմբի գործով մեղադրյալ Մխիթար Ավետիսյանին: Մեզ հետ զրույցում վերջինիս պաշտպան Ինեսա Պետրոսյանը հայտնեց, որ Մխիթար Ավետիսյանը հրաժարվել է ցուցմունք տալուց, քանի որ չի վստահում նախաքննությունը իրականացնող մարմնին: Ինչպես հայտնի է` հունիսի 28-ին Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նկուղում «Սասնա ծռեր» խմբի հինգ անդամներ՝ Գագիկ Եղիազարյանը, Արայիկ Խանդոյանը, Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը եւ Մխիթար Ավետիսյանը ծեծի էին ենթարկվել: Արդյունքում՝ ՀՔԾ-ում քրեական գործ էր հարուցվել ՊՊԾ գնդի զինված զավթման մեջ մեղադրվող անձանց եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ տեղի ունեցած միջադեպի առիթով: Փաստորեն, հիմա ծեծի ենթարկվածներից ոմանք ցուցմունք չեն տալիս, քանի որ հույս չունեն, որ ՀՔԾ օբյեկտիվ քննություն կիրականացնի, եւ մեղավորները կպատժվեն: Ի դեպ, ըստ շրջանառվող լուրերի՝ դատարանի նկուղում ծեծի ենթարկելու օպերացիան ղեկավարել էր Երեւան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Ղազարյանը:
«ԲՈՐՈԴԻՆՈՆ»` ՍԵՎ ՑՈՒՑԱԿՈՒՄ
Հայաստանի պահածոների «Բորոդինո» գործարանը հայտնվել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում: Ընկերությունը նշված ցանկում հայտնվել է այս տարվա փետրվարի 24-ից եւ կմնա մինչեւ օգոստոսի 24-ը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Հայաստանի «Բորոդինո» պահածոների գործարան»-ը խախտել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի դրույթը, եւ գնման գործընթացի շրջանակում պահածոների գործարանը ներկայացրել է կեղծ տվյալ: Տեղեկացնենք, որ այս ընկերությունը ֆինանսական խնդիրների պատճառով սնանկ է ճանաչվել, եւ հիմա պետական գնումներին մասնակցելու իրավունքից առժամանակ զրկելը է՛լ ավելի կխորացնի նրանց ֆինանսական ծանր վիճակը: Մինչ այդ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ իրանցի մի գործարար մտադիր է գնել պահածոների գործարանը: