ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆԼՐՋՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության կազմում նախարար նշանակեց նաեւ իր մերձավորներին՝ այդպես ձեւավորելով սեփական թիմը: Ու այսօր պետք է արձանագրենք, որ Կարապետյանի թիմի անդամներն ամենեւին էլ չարդարացրին իրենց: Ավելին՝ այդ նախարարներն ամեն քայլափոխի շարունակում են հիմնավորել տեսակետը, որ իրենք քաղաքական պաշտոնում պատահական մարդիկ են:

Օրինակ՝ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը. դժվար է հիշել, թե վերջին անգամ ե՞րբ է նա խոսել իր ոլորտի խնդիրների մասին կամ որպես կառավարության անդամ ե՞րբ է որեւէ հարցի շուրջ տեսակետ հայտնել եւ, ընդհանրապես, որքանո՞վ պատկերացում ունի էներգետիկայի բնագավառից:
Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նրա հակապատկերն է. հաճախ է հարցազրույցներ տալիս: Բայց նա էլ խոսում է առանց պատկերացում ունենալու իր ոլորտից եւ, ընդհանրապես, քաղաքականությունից: Ասվածի ապացույցը Վահան Մարտիրոսյանի հայտարարություններն են:
Այս տարվա հունվարի 19-ին տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը, խոսելով Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցման մասին, հայտարարել էր, թե Երեւանը բանակցություններ է սկսելու` նպատակ ունենալով հասնել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկաթուղային փոխադրումներ իրականացնելուն: «Այդ ուղղությամբ քննարկումներ կլինեն: Թե ինչ արդյունքներ կունենանք, ձեզ տեղյակ կպահենք»,- ասել էր Մարտիրոսյանը: Իրականությունից ավելի կտրված հայտարարություն, թերեւս, դժվար է պատկերացնել. նախարարն այսպես ցույց է տալիս, որ տարրական պատկերացում անգամ չունի ոչ միայն միջազգային քաղաքականությունից, այլեւ չգիտի Հայաստանի եւ հարեւան պետությունների հարաբերությունների ներկա վիճակը, պատճառները: Հայտնի փաստ է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը 2008թ. սկսած միլիոնավոր դոլարներ ծախսեցին այդ երկաթուղու կառուցման համար (ընդհանուր արժեքը գերազանցում է 600 մլն դոլարը): Թեեւ նրանք արտաքուստ փորձում են ձեւացնել, թե ծրագիրը միտված է արեւելքի եւ արեւմուտքի կապը պահպանելուն, իրական նպատակն ուրիշ է` ավելի խորացնել Հայաստանի տնտեսական շրջափակումը՝ դուրս մղելով տարածաշրջանային ծրագրերից: Պատճառն էլ Արցախյան հիմնախնդիրն է: Ու քանի դեռ չի լուծվել Ղարաբաղյան հիմնահարցը, քանի դեռ Հայաստանը չի կարգավորել հարաբերությունները հարեւան երկրների հետ, այս իրավիճակը երկար կշարունակվի: Մեկ փաստ եւս. 1993թ. Թուրքիան փակեց Հայաստանի հետ սահմանը Քելբաջարի գրավումից հետո՝ ի համերաշխություն Ադրբեջանի: Եւ չնայած այս տարիներին փորձեր արվեցին Թուրքիայի հետ հարաբերություններն առանց նախապայմանների վերականգնելու ուղղությամբ, սակայն չստացվեց նույն՝ Արցախյան հիմնահարցը կարգավորած չլինելու պատճառով: Ու հիմա հուսալ, թե այդ երկիրը կհամաձայնի մեր երկրով երկաթուղային բեռնափոխադրումներ իրականացնել, անլուրջ է, անիրատեսական:
Սա Վահան Մարտիրոսյանի մտքի գլուխգործոցների եզակի օրինակը չէ. երբ հուլիսի սկզբներին ռուսական լրատվամիջոցները գրեցին, թե պաշտոնական Մոսկվան եւ Թբիլիսին պայմանավորվածություն են ձեռք բերել Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ դեռ 2011թ. ստորագրված «Առեւտրային միջանցքների» մասին պայմանագիրը կյանքի կոչելու շուրջ, ըստ այդմ, նախատեսում են ապրանքների տեղափոխում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքով, Վահան Մարտիրոսյանը շտապել էր տեսակետ հայտնել. «Հայաստանը հուսով է, որ Ռուսաստանն ու Վրաստանը հնարավորինս շուտ փոխհամաձայնության կգան ճանապարհային հաղորդակցությանն առնչվող հարցերում, եւ այդ երկու երկրները կապող «առեւտրային միջանցքներն» ի վերջո կսկսեն գործել: «Պետք է հավատանք, որ առաջ տանենք։ Ես հավատում եմ, որ մի օր կլինի։ Աշխատում ենք բոլորս՝ ե՛ւ վրացական կողմը, ե՛ւ ռուսական կողմը, որ դա արագ լինի»: Ժամեր անց հետեւեց Վրաստանի վարչապետի ներկայացուցչի հայտարարությունը, որ Հայաստանն այդ երկաթուղու վերագործարկման հետ հույսեր չպետք է կապի, քանի որ իրենք տարանցիկ բեռնափոխադրումների հարց չեն քննարկում, եւ եթե երկաթուղին գործի, ապա փոխադրումները կլինեն միայն ՌԴ-ի ու Վրաստանի միջեւ: Վրաստանի կողմից նման ապտակը, նման նվաստացումը, համաձայնեք՝ պատահական չէր: Հայտնի փաստ է, որ Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերությունները սրվեցին աբխազական եւ հարավօսական խնդիրների արդյունքում, ընդ որում, սա նաեւ աշխարհաքաղաքական խնդիր է, քանի որ Վրաստանը գերադասեց ընտրել արեւմուտքը՝ երես թեքելով ՌԴ-ից, եւ քանի դեռ իրավիճակը չի հանգուցալուծվել, դժվար է ակնկալել, որ աբխազական երկաթուղին կբացվի: Ավելին՝ եթե անգամ այս երկու երկրները հանուն իրենց շահերի որոշեն մի փոքր մեղմացնել հակասություններն ու վերագործարկել աբխազական երկաթուղին, ապա Վրաստանը թույլ չի տա, որ ՌԴ-ն դրանից օգտվի ավելին, քան երկկողմ առեւտրաշրջանառության ծավալներն են պահանջում:
Այնպես որ, առանց հաշվի առնելու այս իրողությունները՝ «ջուրը չտեսած բոբիկանալը» վկայում է անլրջության կամ, որ ավելի վատ է, քաղաքական պաշտոն զբաղեցնողի կողմից քաղաքականությունից տարրական պատկերացումներ չունենալու մասին:
Հ.Գ. Եթե կառավարության անդամներն իրենց պաշտոնական հայտարարություններում են այսքան անլուրջ, պատկերացնո՞ւմ եք` օտարերկրացի իրենց պաշտոնակիցների հետ մասնավոր զրույցների ժամանակ ինչպես են իրենց պահում, էլ չենք խոսում հետեւանքների մասին:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

ԿՐԱԿՈՑՆԵՐ ՊԱԼԱՉԻ ՏԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Երեկ Աբովյան քաղաքում կրակոցներ են արձակվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սանիկի՝ Պալաչ մականունով հայտնի Արթուր Հարությունյանի տան ուղղությամբ: Կրակոցների ժամանակ բնակարանում մարդ չի եղել, վիրավորներ չկան: «Ժողովուրդ»-ը նաեւ տեղեկացավ, որ Արթուր Հարությունյանը տեւական ժամանակ է, ինչ Հայաստանում չէ, եւ այս առումով տարօրինակ է, թե ինչու պետք է կրակեին Պալաչի տան ուղղությամբ: Երեկվա դրությամբ դեռ չէին հայտնաբերվել հանցագործություն կատարողները. հարուցվել է քրեական գործ, եւ իրավապահներն այս ուղղությամբ գործողություններ են իրականացնում:
Մինչ այդ, հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Արթուր Հարությունյանը կամ նրա հարազատները հայտնվում են իրավապահների ուշադրության կենտրոնում: Տեւական ժամանակ Պալաչը հակամարտության մեջ էր իր քավորի հետ, քանի որ ԲՀԿ առաջնորդի բարեգործական հիմնադրամի անվճար ավտոբուսները խանգարում էին իր՝ Աբովյան-Երեւան ուղեւորափոխադրում իրականացնող «Քինգ դե Լյուքս» ընկերությանը: Այդ ընթացքում նա անդամակցել էր ՀՀԿ-ին ու ԲՀԿ նախագահի դեմ ելույթներ էր ունենում:
2015 թվականին Աբովյանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ Արթուր Հարությունյանը եւս առաջադրել էր իր թեկնածությունը, պարտվելուց հետո նա ծեծի էր ենթարկել նախընտրական շտաբի պետին` Դլո մականունով: 2015 թվականին թմրամիջոցներ պահելու համար բերման էր ենթարկվել նրա եղբայրը:
Վերջին շրջանում Հարությունյանին պատկանող «Քինգ դե Լյուքս» ընկերությունը սնանկ ճանաչվեց, որից հետո Պալաչը հեռացավ Հայաստանից: Թե ինչն է եղել այս կրակոցների պատճառը, առավել եւս, երբ Հարությունյանը Հայաստանում չէ, դժվար է ասել:

 

 

ԱԶԳԱԿԱՆՆԵՐՈՎ
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորները հուլիսի 27-ին հավանություն են տվել պատգամավորների ազգականներին որպես խորհրդարանական օգնականներ աշխատանքի ընդունելու արգելքի սահմանման դրույթը: Իհարկե, լավ կլիներ, որ այս դրույթը գործեր նաեւ Հայաստանում, եւ պաշտոնյաների ազգականները ծանոթի միջոցով չհայտնվեին պետական համակարգում: Իսկ նման օրինակներ Հայաստանում շատ են: Իհարկե, վեցերորդ գումարման խորհրդարանը դեռ նոր է, պատգամավորներն էլ չեն հասցրել ամբողջովին ընտելանալ եւ հարազատներին իրենց հետ խորհրդարան բերել, սակայն նախորդ գումարումներում նման դեպքեր եղել են: Եվ հաճախ աչք չգրավելու համար պատգամավորներն իրենց բարեկամներին որպես օգնական աշխատանքի էին տեղավորում գործընկերների մոտ: Հիշեցնենք՝ Արայիկ Աղաբաբյանի օգնականը եղբայրն է եղել, Մանվել Բադեյանինը՝ դուստրը, Գագիկ Մինասյանի օգնականն էլ նախկին պատգամավոր Արեգ Ղուկասյանի որդին է եղել:

 

 

ՉԻ ՆԵՐԵԼՈՒ
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, անդրադառնալով «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի հայտարարություններին, նշել է, որ որեւէ ադեկվատ քաղաքական ուժ չի ճանաչում, որը «Ելք»-ի հասցեին անհեթեթ մեղադրանք կհնչեցնի: «Կարելի է քննադատել «Ելք»-ին այս կամ այն պատճառով, հավանություն տալ կամ չտալ նրա գործունեությանը: Բայց անբովանդակ, նեխած բամբասանքներն ու քաղաքական դատարկաբանությունը հասարակությունը չի ներելու որեւէ մեկին»,-նշել է Մ. Թանդիլյանը: Հիշեցնենք, որ «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը մամուլի ասուլիսին հայտարարել է, որ իրենք քաղաքական դաշտում գործընկերներ չունեն, քանի որ բոլորը գործող համակարգի սպասարկուներն են:

 

 

ՊԱՐԶ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ
Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը երեկ հայտնել է՝ Ալիեւ-Սարգսյան հանդիպման առաջարկի ուղղությամբ մյուս նախագահներն աշխատում են, այդ ուղղությամբ դեռ որեւէ պայմանավորվածություն, որոշում չկա: Արդո՞ք Իսրայելի նախարարի հետ քննարկվել է Ադրբեջանին զենք վաճառելը, հարցին ի պատասխան՝ նախարարը նշել է, որ ընդհանուր առմամբ Հայաստանի եւ Իսրայելի ժողովուրդների միջեւ կան շատ ընդհանրություններ, եւ շատ կարեւոր է, որ լինի երկխոսություն, եւ մեկուսացված չլինեն պետությունները: Իրանի արձագանքի առնչությամբ էլ ասաց` մենք միշտ ելնում ենք մեր շահերից: Իսրայելի դիրքորոշումը շատ պարզ է, հրապարակային հնչել է:

 

 

ԾՐԱԳԻՐ-ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
ՀՀ էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Աշոտ Մանուկյանը երեկ կառավարությանը ներկայացրել է ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման եւ միջպետական առեւտրի զարգացման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը: Ըստ նախագծի` Հայաստանում նոր, ժամանակակից էլեկտրաէներգետիկական շուկային անցնելու անհրաժեշտությունը պայմանավորված է ներքին շուկայի կարիքներով, ինչպես նաեւ կարեւորվում է միջսահմանային առեւտրի հնարավորություններն օգտագործելու համար: Միջսահմանային առեւտուրը կընձեռի փոխշահավետ հնարավորություններ եւ կնպաստի Հայաստանի ներքին շուկայի արդյունավետության բարելավմանը:

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակին: Արդյունավետ գնահատելով ԵՆԲ հետ համագործակցությունը՝ վարչապետը կարեւորել է էներգետիկայի, տրանսպորտի, ջրամատակարարման, կոշտ թափոնների կառավարման ոլորտներում եւ մասնավոր հատվածում ներդրումային ծրագրերի իրականացումը: Զրուցակիցները քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի, մասնավոր հատվածի ուղղակի ֆինանսավորման ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքը, անդրադարձել հետագա քայլերին եւ համագործակցության ընդլայնման հեռանկարներին:




Լրահոս