«ՈՒԼԻՍ-ԵՐԵՎԱՆ» ԱԿՈՒՄԲԻ ՄԱՐԶԻՉԻ ՕԳՆԱԿԱՆԻՆ ՄԵԿՈՒՍԱՑՐԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ուլիս-Երեւան» ակումբի գլխավոր մարզիչների կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ուշագրավ զարգացումները շարունակվում են: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Ուլիս-2» ակումբի մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանին որոշել են մեկուսացնել եւ ուղարկել հարկադիր բուժման:

Ակումբի մարզիչները ցուցմունք չեն տալիս
Ինչպես հայտնի է՝ 2016 թվականին ԱԱԾ-ն բացահայտել էր հայկական ֆուտբոլային «Ուլիս- Երեւան» ակումբի գլխավոր մարզիչների կողմից կաշառք ստանալու դեպք: Ըստ այդմ, 2015թ. նոյեմբերին հայկական ֆուտբոլային «Ուլիս-Երեւան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը, ֆուտբոլիստ (պաշտպան) Հայկ Հունանյանը, «Ուլիս-2» ակումբի ադմինիստրատոր Արա Ազարյանը եւ մարզիչի օգնական Ռուբեն Առուշանյանը հանցավոր համաձայնությամբ «Տոտո» բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի միջոցով կատարել են 1000-3000 դոլար խաղադրույքներ եւ ապահովելով խաղերի կանխատեսելի արդյունքները` ստացել են ապօրինի շահույթ, որը համապատասխան մասնաբաժիններով բաշխել են միմյանց, առաձին ֆուտբոլիստների միջեւ: Դեպքի առթիվ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի հատկանիշներով՝ մարզիկներին, մրցավարներին, մարզիչներին ապօրինի կաշառք տալը պատժվում է առավելագույնը ազատազրկմամբ երեք տարի ժամկետով:
Գրել էինք, որ նախաքննության ընթացքում որոշում էր կայացվել այս գործով մեղադրյալ մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանի գործը առանձին քննել եւ ուղարկել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, քանի որ նա անմեղսունակ էր ճանաչվել:
Հիմա սկսվել է դատաքննությունը, որտեղ գործով անցնող մեղադրյալները հրաժարվել են ցուցմունք տալուց: Օրինակ՝ «Ուլիս-2» ակումբի ադմինիստրատոր Արա Ազարյանը դատարանում ցուցմունք է տվել, որ ճանաչում է Ռուբեն Առուշանյանին, վերջինիս հետ գտնվում է նորմալ հարաբերությունների մեջ, սակայն օգտվելով մեղադրյալի դատավարական իրավունքներից՝ հրաժարվում է ցուցմունք տալուց եւ դատավորի հարցերին պատասխանելուց:
Ակումբի պաշտպան Հայկ Հունանյանը եւս դատարանում հայտնել է, որ ճանաչում է ամբաստանյալ Ռուբեն Առուշանյանին, սակայն հրաժարվում է ցուցմունք տալուց եւ հարցերին պատասխանելուց: Արդյունքում դատավոր Մեսրոպ Մակյանը՝ տեսնելով, որ «Ուլիս-2» ակումբի «խաղը վաճառողները» հրաժարվում են ցուցմունք տալուց, որոշել է հրապարակել նրանց՝ նախաքննության ընթացքում իրավապահներին տրված ցուցմունքները, որտեղ ըստ էության գործով մեղադրյալները չեն ընդունում, որ առհասարակ կաշառք են վերցրել եւ խաղը վաճառել:

Բանը հասավ վկաներին
Պարզեցինք, որ աղմկահարույց այս գործով դատարան են հրավիրվել վկաներ, որոնք ակումբի դարպասապահներն են եղել, սակայն վերջիններս եւս հրապարակավ հայտարարել են, որ երբեւէ պայմանավորված խաղ չեն իրականացրել:
Ու թեեւ գործով վկաները կամ մեղադրյալները նախաքննության ընթացքում միաբերան կրկնել են, որ խաղի ելքի հետ կապված որեւէ պայմանավորվածություն չեն ունեցել եւ չեն ազդել խաղի ելքի վրա, նախաքննության եւ դատաքննության փուլում ինչ-ինչ հանգամանքներում ապացուցվել է, որ խաղի ընթացքի մասով մանիպուլիացիաներն են իրականացվել:

Մեղադրյալին մեկուսացնում են
Սակայն, ինչպես ցույց է տալիս իրավիճակը, «Ուլիս-2» ակումբի մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանի մասով գործը փակուղի է մտել, քանի որ դատաքննությունը չի կարող շարունակվել նրա առողջական վիճակից ելնելով:
Պարզվում է, որ նրան դատաբժշկական փորձաքննություններ են նշանակել, ու վերջին փորձաքննությամբ պարզվել է, որ ունի առողջական խնդիրներ: Այս հանգամանքից ելնելով՝ հուլիսի 17-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը որոշել է Ռուբեն Առուշանյանին ազատել պատժից ու նրան հարկադիր բուժման ուղարկել հոգեբուժարան:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԽՆՁՈՐՆԵՐՆ ՈՒ ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐԸ
Հայկական շուկայում հայտնված ադրբեջանական խնձորների գործը մտավ դատարան: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՊԵԿ պաշտոնատար անձանց գործը քննում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Մարդանյանը: Ինչպես հայտնի է՝ գյուղատնտեսական տարբեր ապրանքների ապօրինի ներկրման գործով ամբաստանյալի աթոռին էին հայտնվել ՊԵԿ 4 պաշտոնատար անձինք, որոնց անունները նախաքննությունն իրականացնող մարմինը գաղտնի էր պահում:
Հուլիսի 26-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ավարտեց գյուղատնտեսական տարբեր ապրանքների ապօրինի ներկրումների վերաբերյալ քննվող քրեական գործով չորս պաշտոնյաների վերաբերյալ անջատված քրեական գործի նախաքննությունը:
Դատելով ստեղծված իրավիճակից՝ ՀՔԾ-ում դեռեւս տարբեր ապրանքների ապօրինի ներկրման գործով քննություն է իրականացվում, ու չի բացառվում, որ առաջիկայում այլ պաշտոնատար անձինք այս գործով հայտնվեն մեղադրյալի աթոռին:
Իսկ ինչ էին արել ՊԵԿ վերոնշյալ 4 պաշտոնատար աձինք, ինչպես էին ադրբեջանական խնձորը եւ այլ արգելված ապրանքներ թույլ տվել ներկրել Հայաստան: Նախաքննությամբ պարզվել էր, որ Բագրատաշենի բաժանմունքի մաքսային տեսուչ Հարություն Խաչատրյանը, առանց պատշաճ զննության ենթարկելու գյուղատնտեսական ապրանքների ներմուծմամբ զբաղվող Լեւոն Գասպարյանի ավտոմեքենան, գումար ստանալու դիմաց թույլատրել է նրա կողմից առեւտրային քանակի ապրանքի ներկրումը: Իսկ ՊԵԿ-ի նույն բաժանմունքի 4-րդ հերթափոխի պետի պարտականությունները կատարող Վահե Ասլանյանն էլ իր հերթին Հարություն Խաչատրյանի հետ փոխհարաբերությունները չփչացնելու եւ նրան պատասխանատվությունից զերծ պահելու նպատակով քողարկել էր նրա գործողությունները: Միաժամանակ քննությամբ պարզվել է, որ իր ծառայողական պարտականությունները չի կատարել նաեւ Բագրատաշենի բաժանմունքի տեսուչ Համբարձում Դավթյանը, որը մեկ այլ տնտեսվարող Գեւորգ Ալեքսանյանի ավտոմեքենայի բեռնախցիկից վերցնելով համապատասխան գումար՝ պատշաճ կարգով չի զննել վերջինիս տրանսպորտային միջոցը:
Իսկ ահա մաքսակետում զննման գործընթաց իրականացնող մյուս տեսուչ Խաչիկ Հակոբյանը գումար ստանալու դիմաց լաբորատոր հետազոտության չէր ենթարկել մեքենաներից մեկը: Եվ ահա վերոնշյալ պաշտոնատար անձինք կլորիկ գումարի դիմաց անցել էին իրենց պաշտոնեական լիազորությունները եւ հայտնվել ամբաստանյալի աթոռին:
Վերջում ընդգծենք, որ որեւէ օրենքով կամ իրավական ակտով արգելված չէ Հայաստան ապրանք ներկրել Ադրբեջանից: Ցանկացած ոք կարող է ադրբեջանական ծագման ապրանք ներկրել Հայաստան օրինական ճանապարհով: Եւ 4 աշխատակցի պատժելով՝ խնդիրը չի լուծվում: Պետք են իրավական լուծումներ:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ) կողմից Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) եւ Ասիական զարգացման բանկից (ԱԶԲ) վարկային միջոցներ ներգրավելու նպատակով, որպես ապահովման միջոց սեփականության իրավունքով «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին պատկանող ՀԷՑ-ի կանոնադրական կապիտալի 69,9999594 տոկոսը կազմող 172496 հատ սովորական բաժնետոմսերի գրավադրման հարցին: ՀՀ կառավարության որոշման նախագծի հավելվածով հաստատվեց ՀԷՑ-ի բաժնետոմսերի գրավադրման պայմանների համաձայնությունը, եւ հանձնարարվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարին ստորագրել համաձայնությունը:

 

 

ՓՈՓՈԽՎԵԼՈՒ ԵՆ
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը երեկ կառավարության նիստին ներկայացրել է «Կենտրոնական բանկի մասին» օրենքում համապատասխան փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը, որը պայմանավորված է սահմանադրական բարեփոխումներով, որով փոփոխվել են ՀՀ կենտրոնական բանկի նպատակներն ու կառավարման մարմինների ձեւավորման կարգն ու պայմանները: Ըստ նախագծի` նախագահական կառավարման համակարգից խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու հետ կապված փոփոխվել են ԿԲ նախագահի, տեղակալների եւ խորհրդի մյուս անդամների նշանակման ու ազատման դրույթները:

 

 

ԿԱՌԱՋԱԴՐՎԻ
ՀՀ մշակույթի նախկին նախարար, «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» արդեն նախկին տնօրեն Գեւորգ Գեւորգյանը կառաջադրվի որպես Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ: Նա տեղեկացրել է, որ առաջիկայում պետք է գումարվի կինեմատոգրաֆիստների միության համագումար, որի ժամանակ էլ կվճռվի միության նոր նախագահի հարցը: Նշենք, որ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցի մահվանից հետո միության նախագահի տեղը թափուր է մնացել:

 

 

ՆՎԱԶԵԼ Է 24 ԱՆԳԱՄ
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Արտավազդ Վանյանը հայտնել է, որ Հայաստանում վիրուսային հեպատիտ A-ով հիվանդության ցուցանիշը 2016թ. 2009-ի համեմատ նվազել է 24 անգամ: Իսկ 1999-ից բնակչության շրջանում կատարված հեպատիտ B-ի պատվաստումների շնորհիվ Հայաստանում արձանագրվել է հիվանդության կտրուկ նվազում 140 անգամ: Հիշեցնենք, որ առողջապահության նախարարության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առաջարկով այսօր նշվում է որպես Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օր:

 

 

ՁԵՌՆԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հուլիսի 26-ին Արմավիր-Դալարիկ ավտոճանապարհի 15-րդ կմ-ի մոտակայքում՝ ձորում, հայտնաբերվել էր քաղաքացու դի: Պարզվել էր, որ հայտնաբերվածը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի 52-ամյա խորհրդական Մանուկ Սիմոնյանն է: Երեկ հայտնի դարձավ, որ վերջինիս սպանության գործով ձերբակալվել են որդին՝ Նորայր Սիմոնյանը, եւ սպանվածի կինը: Ըստ shamshyan.com-ի՝ սպանությունը կատարվել է տանը, որից հետո կինը տղայի՝ Նորայրի հետ դին կապել է երկաթե լարերով, այնուհետեւ պոլիէթիլենային տոպրակներով փաթաթել: Սպասելով մութն ընկնելուն՝ մայր ու որդի դին դուրս են բերել տանից, բերել Դալարիկ գյուղ եւ նետել ամայի տարածքում:

 

 

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ կրտսեր սերժանտ Վարդան Արտավազդի Մելքոնյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեկ անձ ձերբակալվել է: Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին` ժամը 06:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մերձակա տարածքում կախված վիճակում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վարդան Մելքոնյանի դին: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:




Լրահոս