ՆԱԽԱԳԱՀԸ ՉԻ ՎՍՏԱՀՈՒՄ ԻՐ ԻՍԿ ԿԱԴՐԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ քաղաքական շրջանակներում հերթական աղմուկն է բարձրանում, որը կրկին հրահրված է նախագահ Թրամփի կողմից եւ սպառնում է հանգուցալուծվել առանցքային պաշտոնյաների հրաժարականներով: Թրամփի նախագահությունը, փաստորեն, իսկական փորձություն դարձավ ամերիկյան պետական համակարգի համար, եւ առաջիկա ամիսները ցույց կտան, թե որքանով է այն պատրաստ խաղալ քաոսի ու բռնապետության սահմանագծին:

Օրեր առաջ New York Times-ի հետ զրույցում նախագահ Թրամփը անկեղծացել էր, որ սխալ է վարվել սենատոր Ջեֆֆ Սեշընսին ԱՄՆ գլխավոր դատախազ նշանակելու հարցում: Թեպետ նման խոստովանություններն ընդունված է անել շատ ավելի ուշ, երբ երկու գործիչներից գոնե մեկը արդեն նախկին պաշտոնյա լիներ, սակայն Թրամփի դեպքում ոչինչ զարմանալի չէ: Նա այսօր դժգոհում է ներկայիս գլխավոր դատախազից, որը թերեւս ԱՄՆ առաջին սենատորներից մեկն էր, որը հրապարակավ պաշտպանել էր նրա թեկնածությունը` հարվածի տակ դնելով իր իսկ քաղաքական ապագան: Սեշընսը Թրամփի այն ընկերներից էր, որն ակտիվորեն մասնակցում էր նախընտրական քարոզարշավին, բանակցություններ վարում քաղաքական ու դիվանագիտական շրջանակների հետ: Նման բանակցություններից մեկն էլ տեղի էր ունեցել ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ, ինչի մասին Սեշընսը նախընտրել էր լռություն պահպանել Սենատում իր հաստատման լսումների ժամանակ: Սակայն օրերի ընթացքում մամուլն ալեկոծվեց նրա ու ՌԴ դեսպանի զրույցի մանրամասներով` ստիպելով գլխավոր դատախազին խոստովանել կատարվածը: Պարզ դարձավ, որ Թրամփի նախընտրական թիմի առանցքային ներկայացուցիչներից Սեշընսը կարող էր հետաքրքրված լինել քարոզարշավում «ռուսական հետքը» գաղտնի պահելու հարցում, ինչը մեծ կասկածներ առաջացրեց արդարադատության նկատմամբ: Սակայն ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնելուց հետո Սեշընսը կամովին հրաժարվեց զբաղվել «ռուսական հետքի» հետաքննությամբ` գործի վերահսկողությունը թողնելով գլխավոր դատախազի տեղակալի վրա: Սեշընսը նույնիսկ հարկադրված էր պատասխանել Սենատի հատուկ հանձնաժողովի սենատորների ամենատարբեր հարցերին եւ արդարանալ իր գործողությունների համար: Հետաքրքիր է, որ հրապարակային հարցաքննության ժամանակ Սեշընսը քանիցս խուսափել էր հարցերին կոնկրետ պատասխանելուց` պատճառաբանելով, որ չէր կարող առանց նախագահի համաձայնության հրապարակել նրա հետ ունեցած զրույցների մանրամասները:
Սակայն Թրամփն ակնհայտորեն երախտապարտ չեղավ իր գլխավոր դատախազին` անձնական զրույցների գաղտնի մանրամասները հրապարակ չնետելու համար: Նախագահը բացեիբաց քննադատեց դատախազին գործի քննության նկատմամբ վերահսկողությունից հրաժարվելու համար` ընդգծելով, որ եթե կանխավ իմանար Սեշընսի մտադրության մասին, ապա նրան չէր նշանակի այդ պաշտոնում: Թրամփը հավելել էր, որ Սեշընսը նախագահի ինստիտուտի հանդեպ անարգանք էր թույլ տվել` կանխավ իր քայլերի մասին չհայտնելով: Սակայն Սեշընսն իր քայլում բավականին ազնիվ էր գտնվել, որովհետեւ այդպիսով փորձել էր անձնական շահերն ու պետական համակարգը տարանջատել միմյանցից: Նա հրաժարվել էր վերահսկել մի գործի քննություն, որտեղ ինքն անձամբ կարող էր շահագրգռված լինել: Իսկ անձնական շահագրգռվածության հնարավորությունը ցայսօր դեռ բացառված չէ, հատկապես, որ ՀԴԲ-ի նախկին ղեկավար Քոմին Սենատի առաջ իր հարցաքննության ժամանակ քանիցս ակնարկել էր այդ մասին: Հրաժարվելով գործի քննությանը մասնակցելուց` Սեշընսը նախ ապահովագրեց իրեն եւ ապա վերացրեց բոլոր տեսակի կասկածները հետաքննության նկատմամբ: Քանի որ բնականորեն հասարակական անվստահություն կառաջանար ԱՄՆ իրավապահ համակարգի նկատմամբ, եթե դատախազը քններ իր իսկ մեղավորությունը: Ակնհայտորեն Սեշընսն ավելի բարձր է դասել ԱՄՆ պետական ինստիտուտներն ու ավանդույթները, քան իր անձնական հետաքրքրություններն ու Թրամփի նկատմամբ ունեցած հավատարմությունը: Մի երեւույթ, որ Թրամփը համառորեն չի կարողանում հասկանալ: Նրա համար անձնական նվիրվածությունը ամեն ինչից վեր է, ինչի մասին նա քանիցս հայտարարել է մասնավոր, սակայն արդեն հրապարակավ հայտնի խոսակցությունների ժամանակ: Նկատելի է, որ Սեշընսը գործի նկատմամբ դատախազական վերահսկողությունից հրաժարվել է 3-4 ամիս առաջ, սակայն Թրամփը այդ մասին դժգոհում է միայն այժմ: Այս հանգամանքը թույլ է տալիս կասկածել նախագահի մղումների ազնվությանը: Այնպիսի տպավորություն է, որ Թրամփը փորձում է ազատվել իր իսկ նշանակած կադրերից եւ նրանց համար «հարմար» պայմաններ է ստեղծում` մղելով կամովին հեռանալուն: ԱՄՆ կառավարող շրջանակներում արդեն իսկ խոսվում է գլխավոր դատախազի հրաժարականի մասին` չհաշված այն լուրերը, որ Թրամփն ինքն է ցանկանում նրան ազատել աշխատանքից:
Իրավիճակն ավելի լարվեց, երբ նախօրեին Թրամփը կրկին քննադատեց Սեշընսին «թույլ» լինելու մեջ եւ հայտարարեց, որ ժամանակը ցույց կտա դատախազը կմնա՞, թե՞ կգնա: Վերջինս, ի դեպ, հեռանալու միտք կարծես թե չունի, եւ Թրամփը ստիպված կլինի հրամանագրով նրան ազատել պաշտոնից այնպես, ինչպես վարվել էր ՀԴԲ տնօրենի հետ: Սակայն նախագահի կողմից շռայլվող այսպիսի պաշտոնանկությունները կարող են չափազանց բացասական հետեւանքներ ունենալ` էլ ավելի խորացնելով կասկածները Թրամփի նկատմամբ ու նախագահին մեղավոր ճանաչել արդարադատությանը խոչընդոտելու մեջ: Իսկ դա ուղիղ ճանապարհ կբացի նրա իմպիչմենտի համար:
Ի դեպ, Հայաստանում նախագահի կողմից արդարադատությանը խոչընդոտելու մեղադրանք լրջորեն ներկայացվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ` ուղղորդելու համար Հոկտեմբերի 27-ի գործի քննությունը: Նա էլ այնժամ արագ լուծումների գնաց` հեռացնելով վարչապետ Արամ Սարգսյանին, Պնախարար Վաղարշակ Հարությունյանին, գլխավոր դատախազ Բորիս Նազարյանին եւ այլոց: Իսկ Գագիկ Ջհանգիրյանն էլ 2008թ. հայտարարեց, որ 27-ի կազմակերպիչների մասով գործը ապօրինաբար էր կարճվել: Եթե Քոչարյանը լիներ ԱՄՆ նախագահ, նման քայլերից հետո անխուսափելիորեն պաշտոնանկ կարվեր, իսկ Հայաստանում նա է՛լ ավելի ամրապնդեց իր իշխանական բուրգը:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

ԿԻՍԱՏ-ՊՌԱՏ
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեվան գյուղում կառուցվել է ասֆալտապատ ավտոճանապարհ: Այն ձգվում է գյուղի տարածքով համայնքային նշանակության ավտոճանապարհի խաչմերուկից եւ պետք է հասներ մինչեւ գյուղի մանկապարտեզի եւ բժշկական ամբուլատորիայի շենքերի մոտ: Սակայն պետբյուջեից հատկացված 19 միլիոն դրամով ճանապարհը կիսատ է ասֆալտապատվել: Եւս 200 մետր ասֆալտապատում պետք է արվի, որպեսզի ասֆալտապատ ուղին հասնի 2015թ. գործարկված մանկապարտեզի շենքի մոտ: Ոսկեվանի բնակիչները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դժգոհություն են հայտնել, որ ճանապարհի ողջ երկարությամբ ասֆալտի շերտը նեղ է սարքվել, ու բացի այդ՝ գյուղի մեծ աղբյուրի ոլորանի ասֆալտի նեղ շերտը կարող է ավտովթարների պատճառ դառնալ: Բայց ճանապարհաշինության այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ ինչպես հայտնում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, Ոսկեվանում ասֆալտապատումն իրականացրած երեւանյան շինարարական կազմակերպությունը ասֆալտը սահմանամերձ Ոսկեվան է տեղափոխել Երեւանից, շուրջ 180 կմ հեռավորությունից, իսկ ասֆալտի համար պահանջվող խիճը՝ Իջեւանից, շուրջ 50 կմ հեռավորությունից: Ստացվում է, որ ծրագրի համար հատկացված գումարը բավարարել է հեռու տարածություններից ասֆալտ եւ խիճ ներկրելու համար, սակայն բավարար չէր ասֆալտապատ ուղին Ոսկեվանի կենտրոն հասցնելու համար, որ աշխատանքը երեւար:

 

 

ԿԱՐԿԱՏՈՒՄ ԵՆ
2016թ. սեպտեմբերի 14-ից վերանորոգման նպատակով փակ է Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածը: Արտերկրից Բագրատաշենի անցակետով Հայաստան մտնող եւ այդ անցակետով Հայաստանից բեռներ տեղափոխող խոշոր բեռնատարներն այդ պատճառով երթեւեկում են Բագրատաշեն-Նոյեմբերյան-Իջեւան ավտոճանապարհով, այդ ճանապարհի ծանրաբեռնվածությունը խիստ մեծացել է: Հիշեցնենք, որ նշված ավտոճանապարհի մաս կազմող Ոսկեպար-Իջեւան շրջանցիկ ճանապարհը կառուցվել է 2001-2002 թվականներին, այդ ճանապարհի պիտանելիության ժամկետը 10 տարի էր: Բարոյապես եւ ֆիզիկապես մաշված ճանապարհի շատ հատվածներ մինչեւ 40 տոննա բեռնված ֆուռերի ճնշման տակ շարքից դուրս են եկել: Եւ այսօր ճանապարհը հիմնանորոգման կարիք ունի: Սակայն Ադրբեջանի հետ սահմանագոտին շրջանցող, 11 կմ երկարություն ունեցող այդ ճանապահին ներկայումս ոչ թե հիմնանորոգման, այլ առանձին հատվածների նորոգում է իրականացվում, ճանապարհը «կարկատվում է»: Դա խնդրի լուծում չէ, քանի որ շրջանցիկ ճանապարհի հողե հիմքը թույլ է, խոշոր բեռնատարները իրենց ծանրությամբ քանդում են այն, ճանապարհի շատ տեղերում իջվածքներ են գոյանում: Շրջանցիկ ուղու «կարկատանները» եւս շուտով շարքից դուրս կգան, եւ հարկ կլինի մաշված ճանապարհին նոր «կարկատաններ» անելու: Ու ստացվում է, որ պետական բյուջեի միջոցները հերիքում են տարբեր ծախսերի, օրինակ, դատախազության աշխատողներին իրենց տոնի առիթով ֆինանսական պարգեւատրում կազմակերպելու համար, սակայն ռազմավարական նշանակություն ունեցող Ոսկեպար-Կիրանց ավտոճանապարհը նորոգելու համար փող չկա:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս