ՀԻՎԱ՛ՆԴ, ԳՆԱ, ՄԵՌԻ. ՊԵՏՊԱՏՎԵՐԸ ՀԵՐԹԱԳՐՈՒՄՈՎ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի գրեթե բոլոր բուժհաստատություններում տարվա արդեն երկրորդ ամսին սպառված են լինում պետպատվերները: Ստեղծված իրավիճակի պատճառն այն է, որ ՀՀ կառավարությունը, մասնավորապես առողջապահության նախարարությունը, որոշել է «լիմիտավորել» պետպատվերները: Արդյունքում անելանելի դրության մեջ են հայտնվել ոչ միայն հիվանդները, այլեւ բուժհիմնարկների ղեկավարները:

Մինչ ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն ամեն առիթի հայտարարում է, թե պետպատվերով բուժման համակարգում բարեփոխումներ են իրականացվում, այս ընթացքում «Ժողովուրդ»-ը ՀՀ հարյուրավոր քաղաքացիներից դժգոհություններ է ստանում: Նրանք դժգոհում են, որ իրենց բուժհիմնարկներում հայտնում են, որ պետպատվերի գումարները վերջացել են: Նկատենք, որ այս խնդիրը միայն Երեւանի բուժհիմնարկներում է, քանի որ մարզերի բնակչության մեծ մասը նախընտրում է բուժում ստանալ հենց մայրաքաղաքում: Այս ամենի արդյունքում պետպատվերով բուժօգնություն ստանալ ցանկացող քաղաքացիներին հիվանդանոցներից հորդորում են հերթագրվել: Ապա տեղեկացնում են, որ պետք է սպասեն բյուջետային հատկացումներին, ինչը մոտ ապագայում չի լինի: Իսկ ով չի ցանկանում սպասել, ապա բուժման համար պետք է վճարի: Այլ հարց է՝ հիվանդը վարկայի՞ն միջոցներով, թե՞ պարտքով է բուժվելու, դա ոչ ոքի չի հետաքրքրում: Իսկ ով վարկ ստանալու եւ պարտք վերցնելու հնարավորություն չունի, ապա հանգիստ կարող է գնալ տուն եւ եւ սպասել մեռնելուն: Ինչպես հայտնի է՝ պետպատվերով սպասարկվում են հիմնականում խոցելի խմբերը, ովքեր վճարունակ չեն:
Եւ բազմաթիվ են այն դեպքերը, երբ մարդը տարվա կեսին գնում է, որպեսզի պետպատվերի ծառայություններից օգտվի, բայց իրեն ասում են` վերջացել է, չունեն գումար, հետեւաբար, չեն կարող սպասարկել: Հիվանդը այդ դեպքում պետք է սպասի անորոշ ժամանակով, մինչեւ հիվանդանոցին գումար կհատկացնեն եւ այնտեղից կկանչեն՝ բուժվելու: Սա նույնն է, երբ հաճախ հիվանդանոցներում սրտանոթային հիվանդություն ունեցողներին ասում են, թե կառավարության որոշման համաձայն՝ դու դեռ ինֆարկտ չես ստացել, որպեսզի պետպատվերով ստենտավորվես, ուրեմն վճարի՛ր: Ցավալի է, բայց տասնյակ մարդիկ ուղղակի մահացել են այս անկազմակերպվածության ու վատ կառավարման հետեւանքով: Կարճ ասած` մեր երկրի առողջապահական համակարգում ամեն տեսակի դժվարություն հաղթահարելը ընկել է հիվանդի ուսերին, բայց կառավարությունն ամեն տարի հսկայական գումարներ է ներդնում համակարգ:
Զավեշտալին այն է, որ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի թեթեւ ձեռքով նույնիսկ հղիներն են սկսել լիմիտավորվել: Այսինքն՝ հղիները գնում են հիվանդանոց, սակայն նրանց չեն սպասարկում պետպատվերով՝ ասելով, թե «լիմիտն ավարտվել է»: Ահա թե ինչպես են մեր երկրում խթանում ծնելիությունը:
«Ժողովուրդ»-ը իր հերթին փորձեց բուժհաստատություններից պարզել` պետպատվերի գումարներ ունեն, թե ոչ: Հարցին ի պատասխան՝ «Արմենիա» բժշկական կենտրոնից պատասխանեցին, որ գումարները սպառվել են. «Պետք է գաք եւ տեղում հերթագրվեք»: Թե հերթագրումից հետո երբ կկանչեն, ԲԿ-ից հրաժարվեցին ասել: Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից նույն պատասխանը ստացանք. «Պետպատվերով բուժումը միայն հերթագրումով է: Ուղեգիրը վերցրեք, եկեք, հերթագրվեք, պետք է նայենք՝ ինչ հիվանդություն ունեք, այդ ժամանակ միայն կարող ենք ասել՝ երկար եք սպասելու, թե ոչ»: Այս իրավիճակի պատճառն այն է, որ առողջապահության նախարարությունը «լիմիտավորել է» հիվանդանոցներին տրվող պետպատվերների քանակը: Ամեն ամիս որոշակի քանակով գումար է տալիս, իսկ եթե լինում են շատ հիվանդներ, բուժհաստատություններում ամենատարբեր պատճառներով չեն կարողանում բուժել հիվանդին, նախարարությունը պարզապես «քցում է» հիվանդանոցներին: Պետպատվերի անհրաժեշտ գումարը չի փոխանցում՝ լրացուցիչ անհարմարություններ առաջացնելով հիվանդանոցների համար:
Եւ չնայած սրան` առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը պնդում է, որ «կա նման պրակտիկա, որ երբ անվճար բուժօգնությունը լիմիտավորված է, եւ հիվանդները հերթագրվում են՝ ըստ հիվանդության կարեւորության, անհետաձգելի բուժօգնությունը կատարվում է առանց հերթի»: Ընդգծենք, որ հղիությունն էլ է համարվում անհետաձգելի, բայց լիմիտավորված է:
Ատամնաբուժարաններից մեկի տնօրենը, ով խնդրեց չհրապարակել իր անունը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անկեղծացավ այս թեմայի շուրջ՝ պատմելով. «Եթե մարդը ցանկություն ունի բուժվել այն կլինիկայում, որի բժիշկներին ինքը վստահում է, բայց այդ կլինիկան չունի պետպատվեր… այս դեպքում մարդու իրավունքը սահմանափակվում է: Կենտրոնացված պետպատվերը տրամադրել սրան կամ նրան կամ մեկին շատ տալ, մյուսին քիչ, արդարացի չէ»: Մեկ այլ կլինիկայի տնօրեն էլ ասաց, որ իրենք անցած ամիս շատ զինվորների ատամներ են բուժել, լիմիտը սպառվել է, եւ պետությունն իրենց չի փոխհատուցում: Ստացվում է, որ ատամնացավով կլինիկա դիմած զինվորականին պետք է ատամնաբուժարաններում հետ ուղարկեն՝ խնդրելով գալ մյուս ամիս, որ լիմիտի մեջ տեղավորվեն:
Ինչո՞ւ է այս քաոսը տիրում համակարգում. «Ժողովուրդ»-ի այս հարցին ՀՀ առողջապահության նախարարությունից փոխանցեցին, որ մեր երկրի պետական բյուջեն սահմանափակ է, եւ համաձայն պետական պատվերի շրջանակում բժշկական ծառայություններ մատուցող բժշկական հաստատությունների հետ կնքված պայմանագրերի՝ դրանք պետք է ծախսվեն համամասնորեն: Ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր կազմակերպություն իրեն հատկացված բյուջեն պետք է ծախսի տարվա 12 ամսվա ընթացքում: «Յուրաքանչյուր ամսվա գումարը սպառելուց հետո հերթական շահառուին անհրաժեշտ է հերթագրել, եթե խոսքն անհետաձգելի բժշկական օգնության մասին չէ: Մեր երկրում հերթագրման կարգը սահմանված է ՀՀ կառավարության որոշմամբ: Հայաստանում այժմ պետական պատվերի շրջանակում բժշկական օգնության եւ սպասարկման պահանջարկը գերազանցում է պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցները: Խնդրի լուծման նպատակով նախարարությունը մի քանի ուղղություններով աշխատանքներ է տանում»,- ներկայացրին առողջապահության նախարարությունից:
Իհարկե, Հայաստանում բուժման կարիք ունեցողները այնքան շատ են, որ պետպատվերին հատկացվելիք գումարի չափը պետք է ավելացվի: Բայց իշխանությունները, բնականաբար, գումարներ չունեն դրա համար, այլ իրենք նախընտրում են այն ծախսել գերատեսչությունների թանկարժեք գնումների, տարբեր անիմաստ ծրագրերի եւ պատգամավորների, նախարարների վոյաժների վրա:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս