ԱՄՈՒՍԻՆՍ ԻՆՁ ՀԵՏ ՇԱՏ ՈՒՂԻՂ Է ԽՈՍՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Անահիտ Շահբազյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խոսել է կյանքի երեք գլխավոր նպատակների, ինչպես նաեւ առաջիկա ծրագրերի մասին:

-Անահի՛տ, ընտանիք կազմելուց հետո սկսեցիք պասիվացնել Ձեր գործունեությունը շոու-բիզնեսում: Մտավախություն ունե՞ք, որ անձնական կյանքին նվիրվելու արդյունքում կարիերան կարող է տուժել:
-Կարծում եմ՝ երբեւէ չի տուժի իմ կարիերան, որովհետեւ ամուսինս կողքիս է եւ շատ է օգնում ինձ այդ հարցերում: Ես սիրում եմ եւ ամեն ինչ անում եմ, որպեսզի ընտանիքիս հետ շատ ժամանակ անցկացնեմ: Գործնական կյանքում քայլերս մի փոքր դանդաղ են ընթանում, բայց փորձում եմ անել ամեն ինչ, որպեսզի ամեն ինչ լավ լինի: Ես երբեք երգ ստեղծելուց չեմ մտածել «լայքերի» մասին: Դա իմը չէ եւ երբեք էլ իմը չի լինի: Երգել եմ շատ մեծ բեմերում, որն ինձ թեւ է տալիս ստեղծելու լավ երաժշտություն, ոչ թե լինելու այս պահին, այս վայրկյանին սիրված մեկը:
-Ի՞նչ սպասի հանդիսատեսը իր սիրած երգչուհուց:
-Նոր մտահաղացումներ ունեմ: Այս օրերին գրվել է ինձ համար նոր երգ քառօրյա պատերազմում զոհված զինվորի մասին, որն ուզում եմ ներկայացնել ոչ միայն այդ մեկ երիտասարդի համար, այլեւ բոլոր զոհված հերոս տղաների համար: Ինձ համար մեծ պատիվ է նրանց մասին երգելը: Երգը ներկայացվելու է ոչ թե քրոջ, այլ մոր տարբերակով: Երգի գործիքավորումն արդեն ավարտված է, եւ պատրաստվում ենք նկարահանել տեսահոլովակ: Ծրագրում եմ այս տարի թողարկել նաեւ ձայնասկավառակ (cover) տարբերակով:
-Դուք հարցազրույցներից մեկի ժամանակ նշել էիք, որ տեսահոլովակ հաճախ չեք նկարահանում ֆինանսական խնդիրների պատճառով: Արդյո՞ք Ձեզ հաջողվել է ֆինանսի աղբյուր գտնել:
-Այն, ինչ որ ես եմ պատկերացնում, մեծ շքեղ տեսահոլովակներ ունենալու համար առանց հովանավորության հնարավոր չէ իրագործել: Ֆինանսական աղբյուրը ստեղծվում է իմ վաստակածով, որը որքան հնարավոր է՝ փորձում եմ ներդնել տեսահոլովակի մեջ: Ես դեռ այն հաջողությանը չեմ հասել, որ ինձանով պրոդյուսերական ընկերություն զբաղվի:
-Ձեր ստեղծած փոքրիկ ջազ խումբը` «Traffic Jam Trio»-ը, որի հետ ելույթներ էիք ունենում ակումբում եւ ռեստորանում, ցրվել է: Ի՞նչն էր խմբի լուծարման պատճառը:
-Ցավոք սրտի, տղաները արտասահման մեկնեցին, եւ խումբը փլուզվեց: Ընկերներս տեղափոխվեցին արտասահման ապրելու, ու ես հասկացա, որ որոշ ժամանակ դադար է հարկավոր ինձ: Այդ ընթացքում իմ կյանքում «հայտնվեց» ամուսինս, ու ինչ-որ չափով իմ գործունեությունը տուժեց:
-Հնարավո՞ր է՝ գա մի ժամանակ, որ Դուք էլ ցանկանաք տեղափոխվել արտերկիր՝ բնակության:
-Ես շատ եմ սիրում իմ հայրենիքը եւ պատրաստ եմ ցանկացած դժվարություն հաղթահարել այստեղ: Իմ ընկերներից ովքեր որ ստիպված են եղել մեկնել Հայաստանից, շատ եմ ափսոսում ու կարոտում նրանց: Աստված չանի, որ իմ կյանքում նման օր գա:
-Անահի՛տ, գործնական ծրագրերից զատ` մի փոքր զրուցենք նաեւ Ձեր անձնականից: Ինչո՞վ է զբաղվում Ձեր ամուսինը:
-Ամուսինս՝ Կարեն Զադիրյանը, երաժիշտ է, «Տարոնցիներ» ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավարն է:
-Ինչպե՞ս եք ծանոթացել:
-Ծանոթացել ենք Ղարաբաղում՝ զորամասերից մեկում, երբ մեկնել էինք զորամասեր համերգների, Կարենն այնտեղ որպես հնչյունային ռեժիսոր էր: Յոթ ամիս ընկերություն անելուց հետո ամեն ինչ փոխվեց ավելի մտերմիկ հարաբերությունների, եւ այսօր կա այն, ինչ-որ կա:
-Այս տարի ընտանիքում համալրում սպասվո՞ւմ է, թե՞ ոչ:
-Հուսով եմ, երբ նոր էի ամուսնացել, վայելում էի նոր ամուսնական կարգավիճակս եւ չէի գիտակցում, թե մայրանալն ինչ է, կամ ինչպես պետք է համալրվի ընտանիքը: Իսկ հիմա հոգեպես պատրաստ եմ եւ հույս ունեմ, որ շուտով Աստված ինձ կօգնի, եւ կմայրանամ:
-Սիրո մեջ կարեւորվում են խոսքերը: Ինչպե՞ս է Ձեզ դիմում Ձեր ընտրյալը, փաղաքշական ի՞նչ անուններ է ասում:
-Ամուսինս ինձ հետ շատ ուղիղ է խոսում, փաղաքշական բառերի ժամանակ չենք ունենում (ծիծաղում է), բայց կարող եմ ասել, որ որեւէ տարօրինակ անունով չի դիմում:
-Կյանքի այս փուլում Ձեր երեք գլխավոր նպատակները:
-Առաջին գլխավոր նպատակս մայրանալն է, երկրորդը՝ իմ գործունեության գագաթնակետին հասնելը եւ երրորդը՝ ժամանակից շուտ չլսեմ իմ հարազատների հիվանդության կամ այլ վատ լուրի մասին:

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ




Լրահոս