Ո՞վ է լինելու ՀՀ նախագահը, վարչապետը. իշխանությունը՝ կարեւոր որոշումներ կայացնելու խնդրի առջեւ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հաջորդ գարնանը մի շարք կարեւոր որոշումներ պիտի կայացնի իշխանությունը՝ թե ով է 2018-ից զբաղեցնելու վարչապետի, ՀՀ նախագահի, ՍԴ, ԿԸՀ, Վերահսկիչ պալատի նախագահների եւ ուժային կառույցների ղեկավարների, ինչպես նաեւ ՀՀԿ նախագահի պաշտոնները։

Միանձնյա ղեկավարի բացակայության պայմաններում այս պաշտոնների դերակատարումը մեծանում է երկրում, եւ դրանցից մի քանիսի միավորվելու դեպքում կարող է իշխանափոխություն, երկրի կուրսի փոփոխություն արձանագրվել։

Մեր տեղեկություններով, այս բոլոր պաշտոններում Սերժ Սարգսյանն ուզում է նշանակել տարիների ընթացքում իրենց հավատարմությունն ապացուցած անձանց։ Եվ քանի որ չի կարելի թերագնահատել նաեւ ՀՀ նախագահի դերը, ուստի այս պոստն զբաղեցնող անձն էլ պետք է վստահելի լինի։

Տարբեր անուններ են հնչում այս պաշտոնի համար, հատկապես Գագիկ Հարությունյանի անունն է շոշափվում։ Սակայն նա առողջական խնդիրներ ունի, տարիքն առաջացած է, ուստի, մեր տեղեկություններով, քննարկվում է ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի թեկնածությունը։

Նրա անունը պարբերաբար շրջանառվում է տարբեր պաշտոնների առնչությամբ, քանի որ Սերժ Սարգսյանի ու նրա ջերմ հարաբերությունների մասին բոլորը գիտեն։ Այս պարագայում կարող է խանգարել միայն ղարաբաղցի լինելու հանգամանքը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս