ՀՀ կրթության եւ գիտության, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունները երեկ ՀՀ կառավարությանն են ներկայացրել մի շարք դպրոցների խոշորացման վերաբերյալ որոշման նախագծեր: Ասել է, թե 2017-2018 ուսումնական տարում շատ դպրոցներ պարզապես կփակվեն:
Բայց այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ փակվող դպրոցների տնօրենները, բանից անտեղյակ, պատրաստվում են սեպտեմբերի 1-ին:
Ըստ ԿԳՆ-ի` դպրոցների միացման պատճառը աշակերտների կրճատումն է: Յուրաքանչյուր ուսումնական տարում նշված դպրոցներում կրճատվում է սովորողների թվաքանակը: Այդ իսկ պատճառով ԿԳՆ-ն եւ ՏԿԶՆ-ն առաջարկում են Արմավիրի մարզի Փարաքար գյուղի հիմնական դպրոցը միացնել նույն համայնքում գտնվող միջնակարգ դպրոցին: Ըստ ԿԳՆ-ի՝ երկու դպրոցների միջեւ տարածությունը կազմում է 300 մետր: Կան նաեւ դպրոցներ, որոնք իրարից շատ հեռու են:
Օրինակ՝ Կոտայքի մարզի Փյունիկի միջնակարգ դպրոցը կմիացվի հարեւան՝ Արտավազդի միջնակարգ դպրոցին: Երկու գյուղերի դպրոցների միջեւ եղած հեռավորությունը շուրջ 3.5 կմ է: ԿԳՆ-ն նախատեսում է միավորման արդյունքում տնտեսված միջոցների հաշվին տրանսպորտ վարձել եւ վարորդի մեկ հաստիք բացել՝ Փյունիկի աշակերտներին Արտավազդ տեղափոխելու նպատակով: Ի դեպ, Փյունիկի միջնակարգ դպրոցի շարժական գույքը նույնպես կփոխանցվի Արտավազդի դպրոցի հաշվեկշռին:
Նկատենք, որ երկու գերատեսչությունների դաշնակցական ղեկավարները դպրոցների խոշորացման վերաբերյալ որոշման նախագծեր են կառավարությանը ներկայացրել՝ առանց դպրոցների տնօրենների հետ քննարկելու: Եւ այս ամենից անտեղյակ` խոշորացվող դպրոցների տնօրեններն այս ընթացքում Գիտելիքի օրվա առիթով դասագրքեր են ստանում:
Օրինակ՝ Փյունիկ գյուղի դպրոցի տնօրեն Գագիկ Մարաբյանը «Ժողովուրդ»-ից տեղեկացավ, որ կառավարությունը որոշել է իրենց դպրոցը փակել՝ միացնելով Արտավազդի դպրոցին:
«Բայց ես տեղյակ չեմ: Նույնիսկ պաշտոնապես այդ մասին որեւէ մեկից չեմ լսել: Հիմա ես, ինչպես անցած տարի, բնականոն հունով աշխատում եմ, նույնիսկ դասագրքեր եմ ստացել: Ինչ-որ խոսակցություններ ժամանակին եղել են, բայց դրանք որեւէ հետեւանք, ընթացք չեն ունեցել, չգիտեի, որ փակվում է դպրոցը»,- զարմացած ասաց տնօրենը: Նշենք, որ այս դպրոցն ունի 39 աշակերտ:
Նույն կարգավիճակում էր Արտավազդ գյուղի դպրոցի տնօրեն Բորիկ Կոնջորյանը. «Կոնկրետ քննարկում չի եղել այդ մասին: Բայց հետո լսեցինք, որ այդ հարցը փակվել է: Շատ անսպասելի է»: «Ժողովուրդ»-ի հարցին՝ արդյո՞ք Արտավազդի դպրոցը պատրաստ է ընդունել փյունիկցի աշակերտներին, տնօրեն Կոնջորյանը ասաց. «Մեր աշակերտների թիվը 71 է, իրենցը 40-ից պակաս է, մեր պայմանները լիարժեք բավարարում են: Հնարավոր է՝ նստարանների պակաս զգացվի: Այդ դեպքում, հավանաբար, Փյունիկի դպրոցի նստարանները կբերվեն այստեղ»:
Սյունէ Համբարձումյան