«Հավատացնում էին, որ ուսուցիչները գործազուրկ չեն մնա». ինչ մտահոգություն ունեն դպրոցների տնօրենները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության եւ գիտության, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունները երեկ ՀՀ կառավարությանն են ներկայացրել մի շարք դպրոցների խոշորացման վերաբերյալ որոշման նախագծեր: Ասել է, թե 2017-2018 ուսումնական տարում շատ դպրոցներ պարզապես կփակվեն:

Բայց այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ փակվող դպրոցների տնօրենները, բանից անտեղյակ, պատրաստվում են սեպտեմբերի 1-ին:

Ըստ ԿԳՆ-ի` դպրոցների միացման պատճառը աշակերտների կրճատումն է: Յուրաքանչյուր ուսումնական տարում նշված դպրոցներում կրճատվում է սովորողների թվաքանակը: Այդ իսկ պատճառով ԿԳՆ-ն եւ ՏԿԶՆ-ն առաջարկում են Արմավիրի մարզի Փարաքար գյուղի հիմնական դպրոցը միացնել նույն համայնքում գտնվող միջնակարգ դպրոցին: Ըստ ԿԳՆ-ի՝ երկու դպրոցների միջեւ տարածությունը կազմում է 300 մետր: ՀՀ Վայոց ձորի մարզի Վայքի քաղաքային պետական հանրակրթական վարժարանը նույնպես խոշորացման կենթարկվի. այն կմիանա Վայքի ավագ դպրոցին: Քանի որ Վայքի ավագ դպրոցում սովորում է 143 աշակերտ, իսկ քաղաքային վարժարանում` 50 աշակերտ:

Տավուշի մարզի Բերդի վարժարանը եւս կխոշորացվի եւ կմիացվի Բերդի ավագ դպրոցին: Գյումրու «Բալատոն» ավագ դպրոցը կմիացվի Վահան Թեքեյանի անվան Գյումրու հ 2 ավագ դպրոցին: իսկ ահա հ 23 հիմնական դպրոցը կմիանա հ 42 ավագ դպրոցին: Պատճառն այն է, որ 2016-2017 ուսումնական տարում Գյումրու հ 42 ավագ դպրոցում սովորողների թիվը կազմում է 41, իսկ հ 23 հիմնական դպրոցում` 873:

Կոտայքի մարզի Զովաշենի հիմնական դպրոցի տնօրեն Ռիտա Եփրեմյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մեծ ափսոսանքով նկատեց. «Իմ սիրտը կցավա, որ այս դպրոցը փակվի: Հնարավոր է՝ 10 աշակերտով դպրոց պահել: Շատ ցավալի է: Ես այդ դպրոցը 0-ից ոտքի եմ կանգնեցրել: Բայց եթե այդպես են հարմար գտնում, թող խոշորացնեն: Ամեն դեպքում, երեխաների համար դժվար կլինի, հարմար չէ տեղից տեղ տեղափոխվել, բոլորն էլ ցանկանում են, որ դպրոցն իրենց բնակավայրում լինի»: Տնօրեն Ռ. Եփրեմյանը տեղեկացրեց, որ դպրոցն ունի 10 աշակերտ: «Ձմռան ամիսներին խոսվում էր կրճատումների մասին, բայց հավատացնում էին, որ ուսուցիչները գործազուրկ չեն մնա: Եթե կրճատումներ լինեն, ապա միայն վարչական կազմում: Բնականաբար կկրճատվեն տնօրենի, փոխտնօրենի, հաշվապահի հաստիքները»,- նշեց Զովաշենի դպրոցի տնօրենը:

Չնայած դպրոցների տնօրենների եւ ուսուցչական կազմի մտահոգություններին՝ նախարար Լեւոն Մկրտչյանը կարծում է, որ խոշորացվում են հիմնականում այն դպրոցները, որտեղ «ուղղակի կրթական որակ ապահովել շատ դժվար է»:

«Փարաքարում մի քանի հարյուր մետրի վրա երկու թերբեռնված դպրոցներն են խոշորացվում: Օրինակ՝ Գյումրու «Բալատոնի» շենքը, որ ազատվում է, լավագույն դպրոցներից էր: Այնտեղ մնացել էր մոտ 50 աշակերտ, բայց մենք այդ շենք կտեղափոխենք գյուղատնտեսական քոլեջը»,- տեղեկացրեց նախարարը: Իսկ հնարավոր կրճատումների մասով հայտարարեց, որ կրճատումներ կլինեն ադմինիստրատիվ եւ ուսումնաօժանդակ կազմում: «Այդպիսի ցնցումային վիճակ չի լինի»,- խոստացավ Լեւոն Մկրտչյանը: Հուսանք՝ նախարարը իր խոստմանը տեր կկանգնի:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս