Արդյունավետ կլիներ պալատում քննարկել ու որոշել ուղղություններ. ինքս չեմ միանա բողոքի այդ ակցիային. Արա Զոհրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քանի տասնյակ փաստաբաններ սեպտեմբերի 13-ից կդիմեն ծայրահեղ քայլի՝ գործադուլի: Պատճառն այն է, որ «Սասնա ծռերի» եւ Ժիրայր Սէֆիլյանի գործերով դատական նիստերից առաջ յուրաքանչյուր անգամ դատարան մտնելիս դատական կարգադիրչները զննության են ենթարկում փաստաբաններին: Ու վերջիններիս պնդմամբ, դա ոչ թե զննություն է, այլ խուզարկություն, ինչը արգելված է օրենքով:
Այս առիթով «Ժողովուրդը» զրուցել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ:

-Պարո՛ն Զոհրաբյան, հայտնի է, որ մի քանի տասնյակ փաստաբաններ կդիմեն գործադուլի: Ինչպե՞ս եք վերաբերվում նրանց այդ որոշմանը:

-Ես հարգում եմ իմ գործընկերների որոշումը: Փաստաբանն անկախ անձ է եւ կարող է ինչպես անձամբ, այնպես էլ այլ փաստաբանների հետ պլանավորել իր գործողությունները:

-Հնարավոր է՝ Դուք կամ Ձեր փաստաբանական գրասենյակը միանա գործադուլին:

-Ես ինքս չեմ միանա բողոքի այդ ակցիային մի քանի պատճառով: Նախ՝ մինչեւ նման ծայրահեղ քայլի գնալը, կարծում եմ՝ պետք էր փորձել սպառել բոլոր մյուս իրավական միջոցները: Օրինակ՝ դիմել իրավապահ մարմիններին՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու կամ պաշտոնատար անձի կողմից փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար, եթե բողոքի ակցիա նախաձեռնողները գտնում են, որ իրականում խուզարկություն է կատարվել:

Կարելի էր դիմել վարչական դատարան, չնայած այս ճանապարհն ավելի ժամանակատար է: Եթե այս միջոցները չտային բավարար արդյունք, ապա նոր կարելի էր կազմակերպել այս ակցիան:

Երկրորդ խնդիրը հայտարարության տեքստի հետ է կապված: Բողոքի ակցիան ճնշման միջոց է, որի թիրախը պետական մարմիններն են: Ըստ ակնկալվող արդյունքի՝ ենթադրվում է, որ փաստաբանների «գործադուլի» արդյունքում դատարանների եւ այլ կառույցների աշխատանքները կկազմալուծվեն, եւ նշված մարմինները կգնան զիջումների:

Եթե նախաձեռնողների հայտարարության մեջ անզիջում պայքարի համատեքստում նշվում է, որ «այս հայտարարությանը միանալով եւ գործադուլի օր հայտարարելով,՝ մենք, բնականաբար, մեր վստահորդների (պաշտպանյալների եւ այլ շահառուների) իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով չենք դադարեցնելու նրանց ներկայացնելը՝ այդ օրը դատական նիստերի անհետաձգելիության դեպքում», ապա պետական մարմիններին դա ոչինչ չի տալու՝ բացի մի քանի դատական գործեր ձախողելուց:

Չէ՞ որ այդ օրը շատ փաստաբաններ անհետաձգելիության հիմքով կմասնակցեն դատական նիստերին կամ քննչական գործողություններին:
Իհարկե, հայտարարության նշված հատվածը անմիջականորեն բխում է փաստաբանի իրավապաշտպանի կարգավիճակից եւ ողջունելի է, սակայն բողոքի ակցիայի տեսակետից, ինձ թվում է, թուլացնում է հայտարարությունը: Պատկերացրեք, երբ «գործադուլ» անող փաստաբանը տեսնի, որ նախաձեռնողներից մեկն այդ օրը մասնակցում է դատական նիստի:

Սա խնդրահարույց է նաեւ քաղաքացիական եւ վարչական գործերով փաստաբանների համար, քանի որ այս գործերով դատարանները կարող են առանց փաստաբանի գործը շարունակել, իսկ դրանից բխող բացասական հետեւանքները կմնան փաստաբանների ուսերին:

Եվ վերջում, նախաձեռնողներն այս հարցը չեն քննարկել փաստաբանների պալատի խորհրդի հետ: Եթե իրոք ցանկանում էին մեծ, մասշտաբային գործողություն կատարել, ապա առնվազն արդյունավետ կլիներ պալատում քննարկել ու որոշել ուղղություններն ու եղանակները: Բոլոր դեպքերում, փաստաբանների պալատը կտրամադրի նախաձեռնողներին պալատի մեծ դահլիճը, եթե հարմար կգտնեն այդ օրը նաեւ քննարկում կատարել կամ մամուլի ներկայացուցիչների հետ խոսել:

-Գործադուլի պատրաստվող փաստաբանների որոշումը եւ փաստաբանական համայնքում տիրող իրավիճակը կարո՞ղ է ազդել ՓՊ նախագահի ընտրությունների վրա:

-Փաստաբանական համայնքում կայուն իրավիճակ է: Մի խումբ փաստաբանների ներհամայքային հակասությունը եւ աղմուկը չեն կարող ցնցել փաստաբանների պալատը: ՓՊ նախագահի ընտրության օրը հեռու չէ, եւ կարծում եմ՝ առիթ կունենանք տեսնել, թե ինչ ազդեցություն է թողել Ձեր նշած «համայնքում տիրող իրավիճակը»:

-Դուք լինելով միակ թեկնածուն՝ քարոզչություն կատարելո՞ւ եք:

-Այո՛, միանշանակ: Ես այժմ արձակուրդի մեջ եմ: Շուտով կներկայացնեմ իմ նախընտրական ծրագիրը, ինչպես նաեւ 2013-2017թթ. կատարած աշխատանքների հաշվետվությունը: Գործելու է նաեւ www.zohrabyan.am կայքէջը, որտեղ կներկայացվեն մարզային այցելությունների, փաստաբանների հետ հանդիպումների մասին եւ այլ անհրաժեշտ տեղեկությունները: Ես հաշվետու եմ փաստաբանների առջեւ, իսկ փաստաբանները գրագետ ու սկզբունքային մարդիկ են:

Եթե չհավանեցին նախընտրական ծրագիրը եւ չվստահեցին, ապա չեն ընտրի:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս