Վանաձորի` ամեն տարի «ասֆալտապատվող» ճանապարհների նորոգման համար կրկին գումար կհատկացվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի կառավորությունը Լոռու մարզպետարանին կհատկացնի 290 մլն 863 հազար 600 դրամ։ Նշված գումարով մարզպետարանը մտադիր է նորոգել Վանաձորի փողոցները։ Ըստ Վանաձորի քաղաքապետարանի` քաղաքի գլխավոր եւ ներթաղամասային փողոցները գտնվում են անմխիթար վիճակում։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ընթացիկ տարվա համար Վանաձորի քաղաքային բյուջեով նախատեսված է կատարել ընդամենը 100 մլն դրամի փոսային նորոգման աշխատանքներ: Բայց քաղաքապետարանի աշխատակազմը պնդում է, որ 100 մլն դրամը բավարար չէ`փողոցները նորոգելու համար։

Բանն այն է, որ քաղաքի ընդհանուր ճանապարհային ցանցը կազմում է 119 կմ, որի 15-25 տոկոսը, իսկ որոշ հատվածներում մինչեւ 40 տոկոսը, գտնվում է քայքայված վիճակում: Նախնական հաշվարկներով` նորոգման ենթակա է 220 հազար քմ, իսկ Վանաձորի 2017 թվականի բյուջեով նախատեսված միջոցները կբավարարեն մոտ 15 հազար քմ-ի նորոգման համար:

Եւ սա այն դեպքում, երբ Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը իր պաշտոնավարման տարիներին իր ձեռքում էր կենտրոնացրել քաղաքի եւ մարզի ասֆալտապատման աշխատանքները: Տեղեկացնենք, որ ասֆալտի «Արգիշտի» գործարանի տնօրենն իր եղբայրն է` Սեյրան Դարբինյանը, ուստի նրանք երկուսով ամեն ինչ անում էին` ասֆալտապատումը «գլխառադ» անելու եւ որքան հնարավոր է` շատ գումարներ յուրացնելու համար:




Լրահոս