Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը հերթական անգամ հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում եւ հերթական անգամ՝ չարաշահումների համար:
ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից Վ.Բրյուսովի անվան համալսարանում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է աշխատակիցներին հանձնված գույքի ընդհանուր 30,2 մլն ՀՀ դրամի չափով պակասորդ:
Այդ կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ յուրացման կամ վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու համար, ՀՀ քրեական օրենսգրքի 179 եւ 315 հոդվածների հատկանիշներով: «Բացի այդ, պարզվել է, որ 2009-2015 թվականներին համալսարանի իրավասու պաշտոնատար անձինք գույքագրումներն անցկացրել, ինչպես նաև պակասորդ ապրանքների հաշվապահական ձևակերպումներն իրականացրել են ոլորտը կարգավորող իրավական ակտերի խախտումներով, ինչը հանգեցրել է նրան, որ պակասորդ գույքը տարիներ շարունակ չի հայտնաբերվել»,- ասված է դատախազության հաղորդագրության մեջ:
Հատկանշական է փաստը, որ Բրյուսովի անվան համալսարանում մեկ քրեական գործ էլ հարուցվել էր տարեսկզբին, եւ կրկին՝ յուրացման կամ վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու համար: Ըստ դատախազության` այն ժամանակ էլ բացահայտվել էր բուհում ավելի քան 36.3 մլն դրամի գույքային պակասորդ:
Չնայած առանձնապես խոշոր չափերի հասնող այս չարաշահումներին, որեւէ մեկը մինչեւ հիմա քրեական պատասխանատվության չի ենթարկվել:
Տարեսկզբին համալսարանի ռեկտոր Գայանե Գասպարյանը պաշտոնանկ արվեց, եւ վերջ: Մինչդեռ, բուհն ունի ֆինանսատնտեսական հարցերով պրոռեկտոր, որի անմիջական պարտականությունների մեջ են մտնում այս բոլոր հարցերը:
Ու հայտնաբերված չարաշահումների համար նաեւ նա է պատասխանատվություն կրում: Բայց արի ու տես, որ երկրորդ քրեական գործից հետո անգամ պրոռեկտորը պաշտոնանկ չի արվել: Սա ամենեւին էլ պատահական չէ. բանն այն է, որ Բրյուսովի անվան համալսարանի ֆինանսատնտեսական հարցերով պրոռեկտորը ՀՀԿ երիտթեւի առաջնորդ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանի եղբայրն է՝ Արթուր Ավագյանը:
Ասել է, թե հենց եղբոր շնորհիվ, Արթուր Ավագյանն այնտեղ անձեռնմխելի է: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ավելի վաղ՝ 2005-2012թթ բուհի ֆինանսատնտեսական հարցերով պրոռեկտորի պաշտոնը զբաղեցնում էր ՍԴ անդամ Կիմ Բալայանի որդին՝ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալասյանի եղբայրը՝ Գաբրիել Բալայանը: