
Օգոստոսի 25-ին, ժամը 16:30-ի դրությամբ շարունակելով հրդեհաշիջման աշխատանքները Վրաստանի Բորժոմիի անտառներում՝ հայ հրշեջ-փրկարարների պատասխանատվությանը հանձնված 3 տեղամասերում ծառայություն է իրականացրել 4 մարտական հաշվարկ:
Բորժոմի կիրճում առկա է հրդեհի խոշոր 3 օջախ: Հայկական ուժերը կրակի դեմ պայքար են ծավալել Ծաղվերի և Դաբա գյուղերի մերձակայքում:
Նախորդ օրը՝ հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարներից մեկը ծխահարվել է: Նրան համապատասխան օգնություն են ցուցաբերել ՀՀ ԱԻՆ աղետների բժշկության կենտրոնի պարամեդիկները՝ գիշերվա ընթացքում կատարելով կաթիլային ներարկում: Հրշեջ-փրկարարի ինքնազգացողությունը կարգավորվել է, և նա առավոտյան վերադարձել է ծառայության: