Պուտինը դռների մոտ դիմավորեց Սերժ Սարգսյանին, բայց մեջքից հարվածեց՝ Հոգլանդի ձեռքով. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սոչիում Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի աշխատանքային հանդիպման օրը ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը Վաշինգտոնում հրաժեշտի մամուլի ասուլիս էր հրավիրել: Նա հայտնեց, որ մշտական համանախագահն արդեն նշանակվել է, ինքը հեռանում է, եւ ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման մի քանի սկզբունքային դրույթներ:

Դա մի կողմից նման էր հաշվետվության՝ Հոգլանդն ուզում էր ասել, որ ահա այս փաթեթով է ինքը համանախագահությունը հանձնում նորանշանակ Էնդրյու Շեֆերին: Մյուս կողմից, սակայն, Ռիչարդ Հոգլանդը նման բան անելու համար լուրջ հիմքեր չուներ, որովհետեւ ինքը ընդամենը ժամանակավոր համանախագահ էր եւ նույնիսկ մեկ տարի չմնաց այդ դերում: Հոգլանդը ստանձնեց ժամանակավոր համանախագահի պարտականությունները մի ժամանակահատվածում, երբ բանակցությունները սառեցված էին, եւ պարտականությունները հանձնում է Շեֆերին, երբ դրանք դեռեւս գտնվում են սառեցման փուլում:

Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման սկզբունքները, ըստ էության, ներառում են դրույթներ, որ ցանկացած ժամանակ կարելի է այնպես ներկայացնել, որ տհաճ լինեն ադրբեջանական ականջին, եւ հակառակը: Ըստ անհրաժեշտության: Այս անգամ ամերիկացի համանախագահն ընտրել է հայկական կողմին անհաճո տեքստը: Հոգլանդի հայտարարությունը դատապարտեցին ԱՄՆ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն էլ ասաց, որ դրանք անճշտություններ են պարունակում եւ այլն: Բայց քանի որ, մեր խորին համոզմամբ, ներկայում էական չեն այդ դրույթները, կշրջանցենք դրանց բովանդակությունն ու անճշտությունները:

Ավելի կարեւոր է, թե ինչու ԱՄՆ համանախագահը որոշեց նեղը գցել հայկական կողմին եւ ինչու դա համընկավ Սարգսյան-Պուտին հանդիպման հետ:

Կա երկու կարծիք. առաջին, որ համընկնումը զուտ պատահականություն էր, եւ երկրորդ՝ որ դա բոլորովին էլ պատահական չէր: Երկրորդ կարծիքն արտահայտող փորձագետների մեկնաբանմամբ՝ Սարգսյան-Պուտին հանդիպման օրը նման աղմկոտ հայտարարություն անելով, ԱՄՆ-ը կամ հիշեցնում էր իր մասին, կամ՝ փորձում կանխել ինչ-ինչ սեպարատ պայմանավորվածություններ ՀՀ եւ ՌԴ նախագահների միջեւ: Կարծում ենք, սակայն, որ այն, ինչ տեղի ունեցավ նախօրեին, ռուս-ամերիկյան եզակի համագործակցության օրինակ էր:

…Վլադիմիր Պուտինը ապրիլյան պատերազմում Ռուսաստանի ունեցած դերի պատճառով կորցրել է Սերժ Սարգսյանին այս հարցում որեւէ բան ասելու, խնդրելու կամ պարտադրելու լեգիտիմությունը: Իսկ Ադրբեջանի նախագահի վրա ազդելու լծակներ չունի: Առավելագույնը հնարավոր է, որ Իլհամ Ալիեւը համաձայնած լինի վստահության ամրապնդման օրակարգին՝ պայմանով, որ զուգահեռաբար կքննարկվեն նաեւ հակամարտության հիմնարար դրույթներից մի քանիսը, օրինակ՝ որոշ տարածքներից հայկական զորքերի դուրսբերման կետը:

ՌԴ նախագահը, ըստ ամենայնի, խորամանկել է՝ Սերժ Սարգսյանին փոխանցելով միայն այն, որ Ալիեւը պատրաստ է խոսել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից: Իսկ հակամարտության կարգավորման սկզբունքների մասին խոսակցությունը խթանելու դերը վերապահվել է ՄԽ ամերիկյան թեւին:

Այս հնարքը բարդ իրավիճակի մեջ է դնում Սերժ Սարգսյանին: Եթե նա ՌԴ նախագահի փոխանցած ինֆորմացիայի հիմքով համաձայնել է աշնանային հանդիպմանը, ապա ՄԽ հեռացող համանախագահի հրապարակային հայտարարությանը հղում անելով հրաժարվելը անհեթեթ կնայվի:

Երեկ Մամեդյարովը, մեկնաբանելով Ռիչարդ Հոգլանդի հայտարարությունը, ասել է, որ «եթե Հայաստանն ընդունի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի կողմից նշված սկզբունքները նոր չեն, եւ ինքն ընդունում է դրանք, ապա անհրաժեշտ է սկսել առարկայական բանակցություններ՝ մանրամասների քննարկման համար»։

Պաշտոնական Երեւանի առաջին եւ հիմնական արձագանքը Հոգլանդի հայտարարությանն այն էր, որ դրանում ոչ մի նոր բան չկա: Բայց դա չի նշանակում, որ պետք է սկսվեն առարկայական բանակցություններ: Առաջիկայում Նյու Յորքում նախատեսված է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որի ժամանակ սպասվում է հայտարարություն նախագահների մակարդակով հանդիպման մասին:

Հուսանք, հայկական դիվանագիտական միտքը մինչ այդ ռուսամերիկյան խորմանկությանը համարժեք հակաքայլ կմտածի եւ Նյու Յորքում կհայտարարվի նախագահների հանդիպման ձախողման մասին: Վատ չի լինի, եթե Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումն էլ ինչ-ինչ տեխնիկական պատճառներով չկայանա:

Հ.Գ. ՌԴ նախագահը Սերժ Սարգսյանին Սոչիում ընդունեց միջազգային արարողակարգի բարձր նոտայով. դիմավորեց շքամուտքի մոտ, խոսեցին պատվիրակությունների ներկայությամբ: Ի տարբերություն Սարգսյանի, Ալիեւին Պուտինը չի դիմավորել, նույնիսկ դրեսկոդը առանց փողկապների էր»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս