ՀՀ ԱՆ ՔԿ վարչությունը կանգնել է խնդրի առաջ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ արդարադատության նախարարությունը վերջերս դիմել էր ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանին, որ գումար տրամադրի՝ ՔԿՀ-ների խցերը վերանորոգելու համար: Սակայն Հայաստանի գլխավոր ֆինանսիստը մերժել էր՝ հորդորելով խցերի խնդիրը կարգավորել սեփական միջոցներով:
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների խցերի վատ պայմանների մասին դատապարտյալները մշտապես բարձրաձայնել են, սակայն դրանք մնացել են օդում: Դատապարտյալները կամ կալանավորները՝ տեսնելով, որ ելք չկա, իրենք սեփական միջոցներով են վերանորոգում խցերը, որ կարողանան գոնե քիչ թե շատ նորմալ պայմաններում ապրել:
Ավելին՝ այս տարվա հունվարի 10-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության աշխատակիցները հատուկ այց էին կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ եւ ուսումնասիրել նշված քրեակատարողական հիմնարկի առաջին հարկում գտնվող խցերի պայմանները Ու արձանագրվել էր, որ առաջին հարկի բոլոր խցերը եւ միջանցքի պայմանները խիստ անբավարար են: Կատարված ուսումնասիրությունների հիման վրա Պաշտպանն առաջարկել էր դադարեցնել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի առաջին հարկի խցերի շահագործումը:
Բարձրաձայնումից կարճ ժամանակ անց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը հայտնեց, թե.««Նուբարաշեն» ՔԿՀ-ի շենքային պայմանները բավականաչափ վատն են, այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ են տարվել. նվազեցվել է այնտեղ պահվող անձանց թիվը, նկուղային, առաջին հարկերի խցերը փակել են, փոխվել են պատուհանները, բարելավել են ջերմային պայմանները»:
Բայց ՔԿՀ-ների խցերը փակելով կամ դատապարտյալներին տեղից տեղ տեղափոխելով՝ իրավիճակ չեն փոխի, ուստի ՀՀ արդարադատության նախարարության ՔԿ վարչությունը որոշել է գործի անցնել:
«Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ քրեակատարողական հիմնարկների վարչությունը ՔԿՀ-ների խցերը վերանորոգելու համար դիմել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանին, որպեսզի բյուջեից գումար տրամադրվի՝ քրեակատարողական հիմնարկների խցերը վերանորոգելու համար: Սակայն ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը մերժել է քրեակատարողական հիմնարկների վարչության դիմումը: Իսկ ո՞րն է մերժման պատասխանը: Ըստ մեր հավաստի աղբյուների՝ ՀՀ ֆինանսների նախարարությունից բանավոր կերպով հասկացրել են, որ չեն կարողանում դրսում գտնվողների հոգսերը հոգան, ուր մնաց՝ ՔԿՀ-ներում բարեկեցիկ պայմաններ ստեղծելու մասին մտածեն: Ֆինանսների նախարարությունից խորհուրդ են տվել ՀՀ արդարադատության նախարարությանը՝ իրավիճակը լուծելու համար ներսում ռեֆորմներ իրականացնել, խնայողություններ անել եւ վերանորոգել ՔԿՀ-ների խցերը:
Չի բացառվում, որ այս իրավիճակն է պատճառ դարձել, որ հուլիսի 1-ին ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց ՔԿՀ-ների սնունդի չափաբաժինը պակասեցնել եւ այլ սննդատեսակներ ավելացնել` պատճառաբանելով, թե այդ քայլին գնացել են հանուն դատապարտյալների, սակայն դատելով իրավիճակից՝ փոփոխությունները խորը արմատներ ունեն: Եւ ՀՀ ֆինանսների նախարարի կողմից մերժում ստանալուց հետո արդարադատության նախարարությունում ներքին խոսակցություն է սկսվել, թե նախարարի մերժումը արդարացի չէ: Ինչո՞ւ, որովհետեւ ՔԿ վարչությունը անցած տարի խնայողությունների հաշվին կլորիկ գումար է տնտեսել՝ շուրջ 600 միլիոն դրամ, եւ այն հետ է վերադարձրել բյուջե: Սակայն հիմա ՀՀ ֆինանսների նախարարությունը հրաժարվում է հետ վերադարձնել անգամ տնտեսած ու վերադարձված գումարը, որ գոնե դրանով խցերը նորոգեն:
Ինչեւէ: «Ժողովուրդ»-ը խնդրի առնչությամբ դիմեց ՀՀ արդարադատության նախարարություն, որտեղից հորդորեցին դիմել ՔԿ վարչություն, իսկ ահա արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից մեզ հայտնեցին, թե իրենք նման հարցով չեն դիմել ՀՀ ֆինանսների նախարարություն եւ, առհասարակ, մերժում էլ չեն ստացել: Դե, իհարկե, հո մերժվելուց հետո չէի՞ն բարձրաձայնի:
Քնար Մանուկյան