Նոյեմբերյանի սարերում եղել է պաստերելոզ հիվանդությամբ վարակվելու 7 դեպք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզի Դսեղ եւ Դեբեդ գյուղերում խոշոր եղջերավոր անասունների դաբաղ հիվանդությամբ վարակվելու մասին լուրերի տարածվելուց հետո խոսակցություններ եղան, թե իբր Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում խոշոր եղջերավոր անասունների դաբաղով հիվանդացության դեպք է եղել:

Անասնաբուժական պետական ծառայության համաճարակաբան Ռուսլան Մախսուդյանը հայտնեց, որ Նոյեմբերյանի տարածաշրջանում անասունների դաբաղ հիվանդությամբ վարակվելու ոչ մի դեպք չի եղել: Եղել է խշխշուկ հիվանդությունից խոշոր եղջերավոր անասունի անկման մեկ դեպք: Այդ անասունը այլ մարզից է գնվել եւ Նոյեմբերյան ներկրվել, հիվանդության օջախը Նոյեմբերյանի սարերում չի եղել:

Ռ. Մախսուդյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ Նոյեմբերյանի սարերում եղել է պաստերելոզ հիվանդությամբ վարակվելու 7 դեպք: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ 5 դեպքում հնարավոր է եղել փրկել հիվանդ անասուններին, 2 անասունի անկում է եղել: Անկած անասունները թաղվել են, ախտահանում է կատարվել:

Համաճարակաբան Մախսուդյանը հայտնեց, որ պաստերելոզ հիվանդությունը նախկինում ներառված է եղել այն 7 հիվանդությունների շարքում, որի դեմ պետպատվերով անասունների պատվաստումներ են կատարվել: Սակայն այս տարի գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի որոշմամբ՝ այդ հիվանդությունը հանվել է պետպատվերի շրջանակներում ներառված հիվանդությունների ցանկից, դրա դեմ պատվաստումներ կատարելը մնացել է անասնատերերի ցանկությանը եւ հնարավորություններին:

Մարդիկ էլ հաճախ գումար չունեն, որ կենդանիներին ժամանակին պատվաստեն, արդյունքում ունենք վարակներ, որոնք տարածվում են՝ վտանգելով մեր առողջությունը:

«Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ գյուղատնտեսության նախարարություն՝ պարզելու, թե ինչո՞ւ է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշված հիվանդությունը հանել պետատվերի շրջանակներում ներառված հիվանդությունների ցանկից: ՀՀ ԳՆ անասնաբուժություն ու անասնաբուծության վարչության պետ Լեւոն Տեր-Իսահակյանը հայտնեց, որ յուրաքանչյուր տարի հատկացվում է համապատասխան հիվադությունների ցանկ, հիմնականում ներառված են այն հիվանդությունները, որոնք ռիսկային են ու ունեն մեծ տնտեսական վնաս հասցնելու հնարավորություն ինչպես խոշոր, այնպես էլ մանր եղջերավոր կենդանիների դեպքում:

Պաստերելոզ հիվանդությունը 2016թ. եղել է պետպատվերի շրջանակներում ներառված հիվանդությունների ցանկում, 2017թ. այն չի եղել ցանկում՝ պայմանավորված հատկացված գումարներով, իսկ 2018թ. այն նախատեսված կլինի այդ ցանկում: Պետպատվերի շրջանակներում ներառված հիվանդությունների ցանկը փոփոխական է, եւ բոլոր հիվանդությունները ներառել հնարավոր չէ:

Փաստորեն գյուղնախարարության աշխատակիցները, իրենց սենյակներում նստած, որոշում են ռիսկերը, իսկ գյուղացիները ստիպված են լինում անասուններին թաղել՝ փողի ու դեղի չլինելու հետեւանքով:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս