Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Սերժ Սարգսյանի հանդիպմանը հաջորդեցին Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման սկզբունքների մասին ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությունները: Սա ամենեւին էլ պատահական չէ, այլ վկայությունն է այն բանի, որ ԼՂ հակամարտության թեման կրկին վերադարձել է միջազգային հանրության օրակարգ:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմային անդրադարձ է եղել նախօրեին Պուտին-Սարգսյան հանդիպման ժամանակ:
Բայց նկատենք՝ պաշտոնական հաղորդագրության մեջ ներկայացված չէ, թե Պուտինն ու Սարգսյանը կոնկրետ ի՞նչ են խոսել Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ, միայն նշված է, որ նրանք մտքեր են փոխանակել միջազգային եւ տարածաշրջանային արդիական հարցերի, այդ թվում՝ ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ: Այնինչ՝ այդ թեմայի շուրջ քննարկումների մանրամասներն ուշագրավ են թեկուզ եւ այն առումով, որ ՌԴ-ն, ըստ էության, իր ձեռքն է վերցրել հակամարտության կարգավորման գործընթացի նախաձեռնությունը: Համեմատության համար նշենք, որ մոտ մեկ ամիս առաջ Պուտինը Սոչիում հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Եւ այդ հանդիպման ժամանակ, ՌԴ նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ, Պուտինն ասել էր, թե տարածաշրջանում իրավիճակը հեշտ չէ, եւ հույս հայտնել, որ իրենց հանդիպումը կնպաստի բոլոր բարդ խնդիրների համար լուծում գտնելուն (հասկանալի է՝ տվյալ դեպքում նկատի ունենալով հիմնականում ԼՂ խնդիրը):
Շատ ավելի ուշագրավ էր Ղարաբաղյան խնդրին ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի անդրադարձը, որը երեկ դարձել էր քաղաքական դաշտի քննարկումների հիմնական թեման: Իր հրաժեշտի ասուլիսում /երկուշաբթի օրը կավարտվեն Հոգլանդի՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահի լիազորությունները/, ամերիկացի դիվանագետը լրագրողներին է բաժանել մի փաստաթուղթ, որը վերնագրված է «Վեց տարրեր (վերցված Մադրիդյան սկզբունքներից) որոնք անհրաժեշտ են Լեռնային Ղարաբաղում կայուն համաձայնության հաստատման համար»: Ըստ այդ փաստաթղթի՝ հակամարտության կարգավորման հիմնական տարրերն են. «Հաշվի առնելով ԼՂ բարդ պատմությունը, կողմերը պետք է պարտավորվածություն ստանձնեն որոշելու վերջնական իրավական կարգավիճակը` ապագայում անցկացվելիք փոխհամաձայնեցված եւ իրավականորեն պարտադիր կամարտահայտության միջոցով: Միջանկյալ կարգավիճակը ժամանակավոր բնույթ կկրի:
Նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության սահմանների մեջ մտնող այն տարածքը, որը չի վերահսկվում Բաքվի կողմից, պետք է միջանկյալ կարգավիճակ ստանա, որը, առնվազն, անվտանգության եւ ինքնակառավարման երաշխիքներ է տրամադրում:
ԼՂ հարակից օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողության տակ: Որեւէ համաձայնություն հնարավոր չէ առանց հաշվի առնելու Ադրբեջանի ինքնիշխանությունը եւ ընկալումը, որ այդ տարածքների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը պետք է վերականգնվի:
Պետք է լինի Հայաստանը ԼՂ-ի հետ կապող միջանցք: Այն պետք է բավարար լայնություն ունենա, որպեսզի ապահովի անվտանգ անցում, սակայն այն չի կարող ընդգրկել Լաչինի շրջանն ամբողջությամբ:
Կայուն համաձայնությամբ պետք է ճանաչվեն բոլոր ներքին տեղահանվածների եւ փախստականների իրավունքները` վերադառնալու իրենց նախկին բնակության վայրեր:
Համաձայնությունը պետք է ներառի անվտանգության միջազգային երաշխիքներ, որը կներառի խաղաղապահ առաքելություն: Գոյություն չունի որեւէ սցենար, որի դեպքում խաղաղությունը կարող է ապահովվել առանց լավ մշակված խաղաղապահ առաքելության, որը վայելում է բոլոր կողմերի վստահությունը:
Ժամանակն է, որպեսզի կողմերը պարտավորվեն խաղաղ բանակցություններ վարել` հիմնվելով մինչեւ այժմ կատարված աշխատանքի վրա»,- նշված էր այդ փաստաթղթում:
Անդրադառնալով այդ սկզբունքներին հակամարտության կողմերի դիրքորոշումներին՝ Հոգլանդն ընդգծել է. «Նույնիսկ եթե նրանք համաձայն չեն առաջարկվող ծրագրի առանձին կետերին, նրանք, միեւնույն է, համաձայն են քննարկել այն, կարծում եմ՝ այժմ հենց դա է կարեւորը»: Միաժամանակ Հոգլանդը տեղեկացնելով, որ իր փոխարենը համանախագահ կնշանակվի Էնդրյու Շեֆերին, շեշտել է. «Ամերիկյան ներկա վարչակազմը այս հարցում նոր մոտեցում չունի։ Ամերիկյան մոտեցումներն այս հարցում անփոփոխ են, համանախագահի փոփոխությունից անկախ»:
Նկատենք, որ ամերիկացի դիվանագետի ներկայացրած փաստաթղթում չկա որեւէ նորություն. 1997 թվականից ի վեր բանակցությունների հիմքում եղել են հենց այս սկզբունքները, եւ քսան տարիների ընթացքում փոխվել են ընդամենը որոշ տարրեր: Ավելին՝ հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքներն իրենց հայտարարություններում հրապարակել են նաեւ ԵՀԱԿ ՄԽ համանախագահները, համանախագահ երկրների նախագահները:
Տեղի ունեցածը կարեւոր է միանգամայն այլ առումով. Հոգլանդը հակամարտության կարգավորման սկզբունքների բովանդակության մասին հիշեցրեց ՌԴ նախագահի հետ Սերժ Սարգսյանի հանդիպումից հետո՝ Նյու-Յորքում սեպտեմբերին ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների ծրագրած հանդիպումից առաջ: Ու եթե նկատի ունենանք Հոգլանդի հայտարարությունները, թե ամերիկյան նոր վարչակազմը համամիտ է բանակցային սեղանին գտնվող փաստաթղթի հետ, նշանակում է՝ անկախ ռուս-ամերիկյան հարաբերություններում լարվածությունից՝ ԼՂ հակամարտության լուծման հարցում, այնուամենայնիվ, միակարծիք են:
Ի դեպ, Հոգլանդի հայտարարություններին անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ընդ որում, երկու անգամ: Նախագահականում Թուրքմենստանի նախագահի՝ Սերժ Սարգսյանի մոտ հյուրընկալվելուց հետո լրագրողների հետ զրույցում Նալբանդյանը հայտարարել էր, թե Հոգլանդի հայտարարություններում հայկական կողմի համար վտանգավոր որեւէ բան չկա:
Ավելի ուշ նա պարզաբանում էր տվել «Արմենպրես»-ին՝ նշելով. «Իր մեկնաբանության մեջ Հոգլանդը փորձել է հավատարիմ մնալ դրանց, սակայն թույլ է տվել որոշ անճշտություններ ու բացթողումներ: Բայց նորից եմ կրկնում, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման վերաբերյալ դիրքորոշումն արտահայտվում է ոչ թե առանձին մեկնաբանության, այլ համանախագահ երկրների համատեղ առաջարկությունների եւ հայտարարությունների միջոցով, մասնավորապես նախագահական մակարդակով ընդունված հինգ հայտարարություններում, որոնք բազմիցս վերահաստատվել են եռանախագահների կողմից:…Հայաստանը բազմիցս է արտահայտել իր դիրքորոշումը համանախագահ երկրների այս հայտարարությունների վերաբերյալ։ Նույնը չի կարելի ասել Ադրբեջանի մասին, որը անտեսում է այդ հայտարարությունները` ձեւացնելով, թե դրանք ընդհանրապես գոյություն չունեն: Այսպիսով՝ Բաքուն բացահայտորեն դեմ է դուրս գալիս համանախագահ երկրների մոտեցումներին»:
Այլ կերպ ասած՝ հայկական կողմը եւս մեկ անգամ հայտարարել է, որ կողմ է բանակցային սեղանին դրված փաստաթղթին, ու հիմա գնդակն Ադրբեջանի դաշտում է:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ