«Պառկենք, մեռնենք». ինչ է կատարվում կանանց գաղութում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության որոշմամբ՝ հուլիսի 1-ից Հայաստանի բանտերում ազատազրկվածների համար նախատեսված սննդի չափաբաժինը նվազեցվեց: Եթե նախկինում կալանավորին տրվում էր օրական 650 գրամ հաց, հիմա տալու են 150 գրամով պակաս՝ 500 գրամ: Մսի, պանրի, կարագի չափաբաժինները նույնպես պակասեցրել են: Առաջ ամեն օր կալանավորին հասնում էր 90 գրամ փափկամիս կամ 180 գրամ ոսկորով միս, հիմա որոշել են ոչ թե ամեն օր տալ, այլ ամսվա մեջ 16 օր:

Ամեն օր կալանավորները պանիր նույնպես չեն ուտի, կուտեն 25 գրամ օր ու մեջ: Այս փոփոխությունը լուրջ դժգոհության առիթ է դաձել: Մի շարք փաստաբաններ, քննադատելով կայացված որոշումը, ասել էին՝ փոխանակ դատապարտյալներին տրվող սննդի որակը լավացնեն, ժամկետանց սնունդ չտան, որպեսզի կալանավորները ուտեն, կրճատում են քանակը: Իսկ կրճատում են, քանի որ անորակ սնունդը դատապարտյալները չեն ուտում, նրանց բոլորին պահում են իրենց հարազատները՝ պարբերաբար սնունդ ուղարկելով:

Սակայն ՔԿ վարչությունն էլ նշում է, թե ճիշտ է՝ չափաբաժինը կրճատել են, բայց սննադատեսակներ են ավելացրել: Ավելին՝ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, անդրադառնալով խնդրին, նշել էր. «Կրճատվել է ոչ թե սննդի քանակը, այլ կրճատվել է կալորիականությունը, այն էլ կրճատվել է առողջապահական ցուցանիշներով»:

Սակայն իրականում դատապարտյալները դժգոհ են: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Աբովյան» ՔԿՀ-ի դատապարտյալ Մելինե Տերտերյանը բողոքեց. «Հացն ու աղն են կրճատել: Մարդ կա, մենակ հաց է ուտում, քանի որ առողջական խնդիր ունի, այլ սնունդից չի կարող օգտվել: Բայց հիմա տրված քիչ հացը ուտելով՝ սոված են մնում մարդիկ: Եթե չեն բարձրաձայնում, դա չի նշանակում, որ կուշտ են, ուղղակի վախ կա դատապարտյալների մեջ, որի մասին ես չեմ կարող ասել: Կառավարությունն իսկապես լուրջ անելիքներ ունի, մարդը պառկի ու մեռնի՞, եթե ազատազրկման մեջ է: Կոնկրետ հացն ու աղը քչացնելը ո՞րն է, ինչպե՞ս հասկանանք: Սա եւս պատժի մի ձեւ է, ո՞նց կարելի է նման որոշում կայացնել՝ չիմանալով, թե դատապարտյալները ինչպես են սնվում: Պայմանական վաղաժամկետ ազատ չեն արձակում, որ դատապարտյալները իմանան իրենց գլխի գալիքը, սնունդն էլ կրճատում են: Ի՞նչ է դա նշանակում, պառկենք. մեռնե՞նք»:

Ի պատասխան դատապարտյալների բողոքի՝ ՀՀ ԱՆ ՔԿ վարչության հանրային կապերի բաժնից «Ժողովուրդ»-ին հայտնեցին. «Դատապարտյալների բողոքը իրականությանը չի համապատասխանում, վերջիններս սնունդը ստանում են ըստ կարգի, համապատասխան չափաբաժիններով ու տեսականիով»:

Քնար Մանուկյան




Լրահոս