Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, ներկայացվեցին «Իգլայի» գործով անցնող մեղադրյալների մեղադրական եզրակացությունները:
Լսելով իր մասով մեղադրական եզրակացությունը` ամբաստանյալ, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն ասաց. «Ես չեմ կարող ինձ մեղավոր ճանաչել մի հանցագործության մեջ, որը չեմ արել»:
Բաբայանը հայտարարեց, որ իրեն հանձնված օրինակում ասվում է, որ ինքը հրաժարվել է ցուցմունք տալ, մինչդեռ դա չի համապատասխանում իրականությանը:
«Ես պատասխանատու եմ իմ ամեն արած քայլի համար: Ես բացատրություններ ունեմ տված և կտամ: Դրանք հորինված, մտածված մեղադրանքներ են», – ասաց նա:
Ս. Բաբայանը նաև պահանջեց դատարանին ներկայացնել այն մարդկանց, ովքեր հանձնել են «Իգլա»-ն:
«Ո՞վ ա բերել հանձնել: Էդ մարդկանց բերեք ստեղ: Մեղադրում են, ասում են՝ դու Վրաստանից զենք ես բերել: Հեռուստատեսությունով մի շաբաթ ժողովրդին տենց բան են ներկայացնում, հետո կարճում են էդ մասով, ասում են՝ նման բան չի եղել, բա որտեղի՞ց ա եղել, ասում են՝ պադվալից մեկը բերել, հանձնելա, բա էդ մարդը ո՞վ ա, բերեք ես էլ ճանաչեմ»,- ասաց Ս.Բաբայանը: