Այսօր Երևան քաղաքի «Նաիրիտ» գործարանի տարածքում հրդեհ էր բռնկվել: Հրդեհի բարդության «թիվ 3» կանչով դեպքի վայր էին մեկնել տասներկու մարտական հաշվարկ: Տեղում աշխատել էին նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը: Հրդեհն ժամը 14:00-ի սահմաններում մեկուսացվել էր:
Առողջապահության նախարարությունը դեպքի վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել` նշելով, որ «Նաիրիտ» գործարանում բռնկված հրդեհի հետևանքով այրվող նյութն առողջության համար վտանգ չի ներկայացնում: Այնուամենայնիվ, ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորել էր բնակչությանը`
-Հրդեհին մոտ գտնվող և այն տարածքներում, որտեղ զգալի են դրա հետևանքով առաջացած արգասիքները (փոշի, անսովոր հոտ, ծուխ) փակել բնակարանների դռները և պատուհանները։
-Նույն տարածքներում խուսափել երկար ժամանակ դրսում մնալուց։ Այս հորդորն առաջին հերթին վերաբերում է երեխաներին, ծերերին և շնչառական հիվանդություններ (հատկապես` ասթմա, բրոնխիտ) ունեցողներին։
Հետաքրքիր է, առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ այսօրվա հրդեհի ծուխը վտանգավոր չէ, մինչդեռ մյուս կողմից էլ նույն նախարարությունը պայքարում է ծխելու դեմ և խոսում է ծխի վտանգավորության մասին:
Խնդրի առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց փորձագետ Սեյրան Մինասյանի հետ` հասկանալու համար` ի վերջո այս ծուխը որքանով է վտանգավոր մարդու համար: Վերջինս ասաց.
«Այդ այրվող նյութի` լաքէթինոլի մեջ տոքսիկ կոմպոնետներ չկան, ծուխը սովորական ծուխ է, ինչպես կարող է լինել բենզինի կամ դիզվառելիքի այրվածի դեպքում, առանձնահատուկ ուրիշ բան չկա մեջը: Երեք հրշեջ ծխարվել է, հասկանալի է, որ որպես ծուխ վտանգավոր է, բայց դրանից պանիկա պետք չէ սարքել, վատ է, բոլոր դեպքերում վատ է, բայց պետք չէ վախենալ, քլորացված չէ այդ նյութը, կողմնակի պրոդուկտ է, Նաիրիտի թունավոր նյութերից չէ, անհանգստացնղ բան չկա. կլինեն մարդիկ, որ վատ են զգում այդ ծխից, սակայն դա իրականում նաև հոգեբանական էֆեկտ է, շոգ է, հրդեհի ծուխն էլ մյուս կողմից»: