«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանից ահռելի չափերի հասած արտագաղթի հետեւանքներն իրենց զգացնել են տալիս ամեն բնագավառում. «Ժողովուրդ»-ին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ վերջին տարիներին կտրուկ նվազել է աշխատունակ տարիքի մարդկանց թիվը: Իսկ սա, բնականաբար, իր բացասական հետեւանքներն է ունենում երկրի տնտեսության եւ, ընդհանրապես, բոլոր բնագավառների վրա:
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների` եթե Ս. Սարգսյանի պաշտոնավարման առաջին տարում՝ 2008թ., Հայաստանում աշխատունակ տարիքի մարդկանց թիվը 2 մլն 169.9 հազար էր, ապա արդեն 2016թ. այն դարձել է 1 մլն 962.9 հազար: Ասել է, թե այս ինը տարիների ընթացքում միայն աշխատունակ բնակչության թիվը, ըստ պաշտոնական վիճակագրության, նվազել է 207 հազարով: Սա նշանակում է՝ նույնքան պակասել է երկրում որեւէ արտադրանք տվող, որեւէ արտադրանք սպառող եւ, վերջապես, հարկ վճարող քաղաքացիների թիվը՝ դրա բոլոր հետեւանքներով հանդերձ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: