Սերժ Սարգսյանը պատասխանեց Պուտինին և Հոգլանդին. Ալիևի հետ հանդիպման թեման փակվում է. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի պատասխանը ռուս-ամերիկյան ճնշումներին ավելի շուտ եղավ, քան կարելի էր ակնկալել: Շաբաթ օրը Սարգսյանը ավանդույթի համաձայն այցելել է «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին, պատվոգրեր հանձնել, ողջույնի խոսք ուղղել, ինչպես նաեւ՝ պատասխանել է երիտասարդների հարցերին: Քիչ առաջ «Արմենպրեսը» որոշակի մանրամասներ հաղորդեց նշյալ հարցուպատասխանից:

«Հանրապետության նախագահից ճամբարականները հետաքրքրվել են, թե որքանով են ճիշտ այն խոսակցությունները, որ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է Արցախում խաղաղապահների տեղակայման հարցը:

«Մենք ոչ միայն խաղաղապահ ուժերի մասով քննարկում չենք անցկացրել, այլ ընդհանրապես քննարկում չենք անցկացրել: Ես մի քանի բառով ուղղակի ներկայացրել եմ իրավիճակը, որ այսօր տիրում է շփման գծում եւ ասել եմ իմ պատկերացումը մեր հարեւանի մտադրությունների հետ կապված: Ընդամենը: Ուրիշ որեւէ այդպիսի հարց չենք քննարկել»,- ասել է նախագահ Սարգսյանը»,-փոխանցում է «Արմենպրեսը»։

Պատկերացնելու համար, թե ինչ նշանակություն ունեն Սերժ Սարգսյանի այս խոսքերը, պետք է հիշել, որ նա պարբերաբար փակ հանդիպումներ է ունենում երիտասարդների հետ, որոնց ժամանակ պատասխանում է նրանց հարցերին: Սակայն միշտ չէ, որ այդ հարցուպատասխանի բովանդակությունը հրապարակայնացվում է: Առավել եւս դժվար է պատկերացնել, որ «Բազեականները» իսկապես հետաքրքրված էին Սարգսյան-Պուտին հանդիպումով կամ ԵԱՀԿ ՄԽ արդեն նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությունով:

Սերժ Սարգսյանին պետք է եղել խոսել այս երկու իրադարձությունների մասին, եւ դրա համար ընտրվել է երիտասարդների հետ հարցուպատասխանի ֆորմատը:

Նման անհրաժեշտություն առաջացավ Հայաստանի վրա ղարաբաղյան բանակցությունները վերսկսելու ուղղությամբ ռուս-ամերիկյան ճնշումներից հետո:

Ի՞նչ է ասում Սերժ Սարգսյանը: Նա ասում է, որ ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ Ղարաբաղյան հարցի մասին ինքն է խոսել, այն էլ՝ հպանցիկ: Ստացվում է, որ Վլադիմիր Պուտինը լսողի դերում է եղել եւ ոչինչ չի պատասխանել: Եթե նույնիսկ այդպես չէ, ապա Սարգսյանի այս հայտարարությունը նշանակում է, որ էական չէ, թե ինչ է ասել ՌԴ նախագահը:

Բացի այդ, իր վերջին հարցազրույցում Սերժ Սարգսյանը խոսում էր աշնանը Ադրբեջանի նախագահի հետ հնարավոր հանդիպման մասին: Ու քանի որ Իլհամ Ալիեւը նույնպես մեկ ամիս առաջ ՌԴ նախագահի հետ էր հանդիպել, սպասվում էր, որ Պուտին-Ալիեւ, Սարգսյան-Պուտին Սոչիի հանդիպումների ժամանակ կորոշվի նաեւ ԼՂ հարցով նախագահների մակարդակով հանդիպման ճակատագիրը:

Ասելով՝ «Ուրիշ որեւէ այդպիսի հարց չենք քննարկել», Սարգսյանն ըստ էության փակում է այդ հանդիպման թեման:

«Արմենպրեսը» նաեւ հաղորդում է. «Սարգսյան- Պուտին հանդիպման հետ Ռիչարդ Հոգլանդի հայտարարության կապի մասին հարցին՝ նախագահը պատասխանել է, որ այդ երկու իրադարձությունների միջեւ կապը քիչ հավանական է համարում, մանավանդ, որ Մինսկի խմբի ամերիկացի նախորդ համանախագահողն էլ պաշտոնաթողությունից հետո նույնպես ավելի ազատ կարգավիճակով էր կարծիք հայտնել բանակցությունների վերաբերյալ:

«Հոգլանդը թողնում է իր աշխատանքը եւ մի օր իր եզրակացությունը շատ ավելի ազատ կարգավիճակով պետք է հայտներ, որովհետեւ մի բան է լինել գործող համանախագահ, մեկ այլ բան է, երբ պաշտոնաթող է: Եթե հիշում եք՝ նախորդն էլ էր այդպես: Ընդհանրապես, այդպիսի ավանդույթ է ձեւավորվել, որովհետեւ այդ դեպքում նրա խոսքերը չեն պարտավորեցնում՝ վաղը, մյուս օրը նա բանակցությունների չի մասնակցելու, որպեսզի կողմերից մեկը նրա խոսքերին հղում չանի, չասի՝ դու այսպես ասացիր»:

Սարգսյանը, փաստորեն, չի բացառել, որ Հոգլանդի հայտարարությունը կարող էր կապ ունենալ Սոչիում իր եւ ՌԴ նախագահի հանդիպման հետ: Իսկ դա նշանակում է, որ այդ կապը 100 տոկոսանոց է, եւ Հայաստանի ղեկավարությունը չի կասկածում դրանում:

Այդ դեպքում, ո՞րն է Սարգսյանի պատասխանը Հոգլանդին: Հոգլանդն այլեւս պաշտոնաթող համանախագահ է, եւ նրա խոսքերը որեւէ նշանակություն չունեն:

Ստացվում է, որ Վլադիմիր Պուտինի հետ որեւէ «այդպիսի» հարց չի քննարկվել, իսկ Հոգլանդի խոսքը որպես Մինսկի խմբում համանախագահի խոսք, այլեւս կորցրել է իր արժեքը:

Ռուս-ամերիկյան ճնշումներն, այսպիսով, եռագույն հագած երիտասարդների առաջ գեղեցիկ փաթեթավորվեցին մեկ փաթեթի մեջ եւ ետ ուղարկվեցին հեղինակներին:

Սարգսյանը եւս մեկ կարեւոր հայտարարություն է արել. նա ասել է, որ Հայաստանը ԵՄ-ի հետ ստորագրելու է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: «Մենք այդ փաստաթուղթը չստորագրելու որեւէ պատճառ չունենք»,-ասել է նա:

Այդ փաստաթուղթը չստորագրելու պատճառները նույնպես Ռուսաստանում են: Այս պահին դրանք մենք, փաստորեն, չունենք, բայց մինչեւ աշուն կարող ենք նաեւ ունենալ: Հայաստանում շատերն են թերահավատ, որ ԵՄ-ի հետ համաձայնագիրն իսկապես կստորագրվի: Պարզվում է, դրա համար իսկապես լուրջ հիմքեր կան: Դատելով Սերժ Սարգսյանի այս հայտարարությունից, նա ՌԴ-ի հետ սույն փաստաթղթի շուրջ քաղաքական առեւտուր է անում: Չենք կարող ասել, ինչ է ցանկանում չստորագրելու դիմաց, բայց ակնհայտ է, որ եթե ստանա այն, ինչ ակնկալում է, ապա փաստաթուղթը չի ստորագրվի, որովհետեւ այդժամ չստորագրելու համար պատճառները կհայտնվեն»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս