«Ես ուղղակի ծիծաղում եմ, ուրիշ ոչինչ». վարչական դատարանի դատավորը վստահ է, որ կաշառք չի վերցրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որպեսզի ամառային հանգստի օրերին Հայաստանում մնացած բնակիչները տեսարանների պակաս չունենան, հատուկ քննչական ծառայությունը որոշել է ապահովել մարդկանց համար հետաքրքիր շոուներ: Օգոստոսի 23-ին ՀՀ ՀՔԾ-ն մեծ շուքով հայտարարություն տարածեց այն մասին, թե քրեական գործ է հարուցվել՝ դատական համակարգի ներկայացուցչի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու եւ կաշառքի միջնորդության դեպքերի առթիվ: Ըստ այդմ, ՀՀ քաղաքացին հաղորդում է տվել, որ իր հայրը սեփականության իրավունքով իրեն պատկանող տունն ու հողամասը 2005թ. վաճառել է այլ անձանց:

Հետագայում պարզվել է, որ գույքը վաճառելու ժամանակ տեղի ունեցած սխալի պատճառով առքուվաճառքի պայմանագրում նշվել է այլ գույք, որի պատճառով հայրը դիմել է դատարան՝ հիշյալ պայմանագիրը լուծարելու համար, սակայն ներկայացված հայցը մերժվել է: Դրանից հետո հայրը որպես կաշառք դատավորին փոխանցելու նպատակով այլ քաղաքացու է տվել 10.000 ԱՄՆ դոլար գումար, որից 7.000 ԱՄՆ դոլարը փոխանցվել է դատավորին:

Նկատենք, որ հատուկ քննչական ծառայությունը մինչ օրս չի գաղտնազերծում, թե ով է եղել քաղաքացին, որ իրավապահներին կաշառքի մասով հաղորդում է ներկայացրել, եւ ամենակարեւորը՝ ո՞ր դատավորի դեմ է բողոք ներկայացվել: Սա անմեղության կանխավարկածի խախտում է, քանի որ ՀՀ վարչական դատարանի դատավորները բոլորը մինչ այս պահը համարվում են պոտենցյալ կաշառակերներ: ՀՔԾ-ն ընդամենը բավարարվեց գեղեցիկ բովանդակությամբ հայտարարություն տարածելով միայն:

Հիշեցնենք՝ «Հրապարակ»-ը գրեց, որ կաշառք վերցրած դատավորը վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանն է:

«Ժողովուրդ»-ը այս առիթով զրուցեց ՀՀ վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանի հետ:

-Պարո՛ն Ղազարյան, ՀՔԾ-ն դատավորի կողմից կաշառք ստանալու փաստի առթիվ հարուցված քրեական գործով հաղորդագրություն էր տարածել, ավելի ուշ մամուլում հրապարակվեց, որ կաշառք վերցնող դատարվորը Դուք եք եղել:

-Մամուլի հրապարակման առիթով խորհուրդ եմ տալիս Ձեզ, որ ոչ թե զանգեիք ինձ, այլ զանգեիք հրապարակման հեղինակին եւ ասեիք, թե այդ տվյալը որտեղի՞ց է ստացել, այդ մարդու մասին որ գրել եք, ճի՞շտ է, թե՞ ճիշտ չէ: Ինձ եք հարցնում, որ ինչ, միայն կարող եմ ասել՝ հրապարակումը ծերից ծեր ծիծաղ, կատակ է, մնացածն էլ Դուք մտածեք:

-Բայց ծուխն առանց կրակ չի լինում:

-Այդ մարդը իմ անունը չի շոշափել, իմ անունը որեւէ մեկը չի շոշափել. ո՛չ հատուկ քննչական ծառայությունում, ո՛չ որեւէ մեկի հայտարարության բովանդակության մեջ, որեւէ տեղ, որեւէ եղանակով, որեւէ ակնարկի մակարդակով իմ անուն, ազգանունը չի շոշափվել:

-Իսկ Դուք որեւէ մտավախություն չունե՞ք, որ հրապարակումները կհաստատվեն, եւ Դուք կհայտնվեք ճաղերի հետեւում:

-Բացարձակ, ես ուղղակի ծիծաղում եմ, ուրիշ ոչինչ: Կրկնում եմ՝ ո՛չ հատուկ քննչական ծառայությունում, ո՛չ կոնկրետ դժգոհող անձի հայտարարությունում, որը նեղվել է իր բնակարանի կորստյան առիթով, իմ ազգանունը չի հնչել, նույնիսկ երազում չի տվել:

Մեզ մնում է սպասել զարգացումներին:

Քնար Մանուկյան




Լրահոս