Որքան հրապարակային պայքար է տարվում շքեղության, ապօրինի հարստացման դեմ, այնքան հայրենի պաշտոնյաները առավել մեծ շքեղություններ են իրենց թույլ տալիս: Եվ Հայաստանի նման աղքատիկ երկրի պաշտոնյաներն ավելի շքեղ կենցաղ են վարում, հագուստ ու աքսեսուար գնում, քան հարուստ երկրները:
ArmLur.am-ը փոքրիկ ուսումնասիրություն կատարեց՝ հասկանալու համար, թե Հայաստանի և արտերկրի պաշտոնյաներն ինչ արժողության ժամացույց են կրում:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան լուսանկարներից մեկում կրում է Vacheron Constantin բրենդի Patrimony Retrograde Day Date Silver Dial Automatic մոդելի ժամացույց, որն արժե 45 700 դոլար:
Սկսենք իր հագուկապի նկատմամբ բծախնդրությամբ աչքի ընկնող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանից: Նա առաջին անգամ ԱԺ էր եկել գերթանկարժեք ժամացույցով: Կարապետյանը կրում է POLVS ARCTICUS տեսակի ժամացույց, որի արժեքը 700 հազար դոլար է:
ԱԺ նախկին նախագահ, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը նախընտրում է Louis Erard, որի արժեքը 3500 դոլար է:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նախընտրում է Ulysse Nardin Dual Time՝ 5400 դոլար արժողությամբ:
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը 6 հազար դոլար արժողությամբ Cartier Santos տեսակի ժամացույց է կրում:
ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ԱԺ պատգամավոր Գևորգ Կոստանյանը նախընտրում է 3300 դոլար արժողությամբ Zenith:
Առողջապահություն նախկին նախարար, Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը նախընտրում է Frederique Constant։
ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը նախընտրում է Kerbedanz ֆիրման: Ժամացույցը պատրաստվել է եզակի օրինակով և հատուկ պատվերով։ Այն հասանելի չէ մասսայական վաճառքի համար։ Իսկ արժեքն էլ, բնականաբար, բավականին տպավորիչ է. ժամացույցը արժե $18,000 է:
ՀՀ նախկին վարչապետ, ԵԱՏՄ-ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը նախընտրում է Franck Muller Long Island, որն արժե 9 հազար ԱՄՆ դոլար:
ՀՀ ԱԺ փոխխոսնակ, 1.5 մլն դրամական կարողություն ունեցող Արփինե Հովհաննիսյանը Gucci է կրում: Այն արժե 900 ԱՄՆ դոլար:
Հետաքրքիր է` իսկ ինչ ժամացույցներ են նախընտրում արտասահմանցի պաշտոնյաները, որոնք ապրում եւ արարում են առավել հարուստ երկրներում: ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, օրինակ, նախընտրում է շվեյցարական «Tag Heuer» ժամացույց: «Jorg Gray» սպորտային ոճի ժամացույցներն էլ արժեն 500 ԱՄՆ դոլար:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կրում է IWC Pilots Mark ժամացույց, որը 4300 դոլար արժե:
Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի ձեռքին հնարավոր է տեսնել «Bovet Fleurier Minute Repeater with Reversed Hand Fitting» ժամացույցների բացառիկ մոդելը, որի գինը տատանվում է 300 հազար ԱՄՆ դոլարի սահմաններում:
Այն պատրաստված է սպիտակ ոսկուց:
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շվեյցարական շքեղ «Breguet Classique Simple» ժամացույցի առաջին սեփականատերերից է: Ժամացույցն արժե 32 000 ԱՄՆ դոլար:
Հասկանալի է, որ վերը թվարկված ժամացույցներն այս պաշտոնյաների համար միակը չեն: