Արտակարգ իրավիճակ «Ուռուխ» անցակետում. տնական օղու պատճառով 50 հայ ուղևորներ գիշերն անցկացրել են դրսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուղեւորափոխադրում իրականացնող «Վագ տրանս» ընկերության ուղեւորները Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետությունում տհաճ իրավիճակում են հայտնվել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նրանք ստիպված են եղել ավելի քան 10 ժամ սպասել, ապա շարժվել: Բանն այն է, որ Կաբարդինո-Բալկարիա Հանրապետությունում Ուռուխ կոչվող անցակետում «Վագ տրանս»-ի վարորդին կանգնեցրել են եւ ավտոբուսի բեռնախցիկը «պլոմբել» են:  «Վագ տրանս»-ի ներկայացուցիչ Վիգեն Հարությունյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ «տնական օղիով» Լարսի անցակետն անցել են բարեհաջող: «Ուղեւորներից մեկն իր հետ ունեցել է 50 լիտր քաշած տնական օղի: Մեր մաքսակետում թույլատրել են, որ տանի: Բայց հասնում ենք Կաբարդինո-Բալկարիայի պետության Ուռուխ կոչվող անցակետ, մեր մեքենան կանգնեցնում են ու հայտարարում, թե բեռն անթույլատրելի է եւ չի կարելի տեղափոխել: Հետո ավտոբուսի բեռնախցիկը պլոմբում են: Բայց Ուռուխի անցակետի պատասխանատուն տեղի ոստիկանության ներկայացուցիչների հետ կոնֆլիկտ է ունենում: Ասում է ուղեւորները կապ չունեն այս ամենի հետ, եթե բեռն անթույլատրելի է, տարեք լաբորատոր փորձաքննության, բայց մարդկանց թողեք գնան: Բայց ոստիկանության աշխատողները ոչ բեռն են վերցնում եւ ոչ էլ մեքենան են բաց թողնում»,- պատմեց ընկերության ներկայացուցիչը:

Այս ամենի արդյուքնում ավտոբուսի 50 ուղեւոր ստիպված են եղել գիշերել անցակետի մոտ: Ընկերության աշխատող Վիգեն հարությույանից տեղեկացանք նաեւ, որ ավտոբուսը երեկ 21.00-ից մինչեւ առավոտյան 10.00-ը կանգնած է մնացել անցակետի մոտ: Այսօր առավոտյան ժամը 10.00-ին է միայն ավտոբուսը շարժվել: «Իսկ տնական օղին էլ վերցրել են ուղեւորից: Այդ ավտոբուսի մեջ տարիքով կին է եղել, ում ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Այդ ժամանակ մյուս ուղեւորները սկսել են բողոքել, ինչից հետո միայն թույլ են տվել ավտոբուսը շարունակի իր ճանապարհը: Եթե այդ կինը չվատանար, հնարավոր է ժամերով պահեին մարդկանց անցակետում: Այդ հիսուն ուղեւորը կապ չունիեն տնական օղու հետ»,- ArmLur.am-ին ներկայացրեց «Վագ տրանս» ընկերության ներկայացուցիչը: Ապա փոխանցեց, որ իրենք այսօր առավոտյան դիմել են եւ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական եւ արտաքին գործերի նախարարություններ: Սակայն անարձագանք. «Մենք մեր ուժերով կարողացանք խնդիրը կարգավորել»:




Լրահոս