«Ձորակ» խնամքի կենտրոնի ննջարանային մասնաշենքը զբաղեցրած 9 ընտանիքի վտարում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնի ննջարանային մասնաշենքում ավելի քան 20 տարի փաստացի հաշվառված եւ առանց սեփականության իրավունքի ինն ընտանիք է բնակվում: Սակայն ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը պատրաստվում է առաջիկայում ընտանիքներին հանել այդ մասնաշենքից: Բայց առանց օրինական հիմքի բնակվող ինն ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով նրանց կհատկացվի ֆինանսական աջակցություն` բնակարանի գնման վկայագրի տրամադրման միջոցով: Ընտանիքներին կենտրոնից հանելու որոշումը նախարարությունը պատճառաբանել է, որ կազմակերպություն ընդունվելու համար նախարարությունում հաշվառված է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող շուրջ 50 անձ, որոնց համար այլ հատուկ հաստատություններում ազատ տեղեր չկան: Այս դեպքում նախարարությունը նախատեսում է «Ձորակ»-ի ննջարանային մասնաշենքը ազատել եւ խնամվողների տեղերն ավելացնել 50-ով:

Նշենք, որ ընտանիքներից մեկը կազմված է հինգ անդամից, երկուսը` չորս, երեքը` երկու անդամից եւ երեքը` մեկ անդամից: Իսկ բնակարանի գնման վկայագրով նախատեսվող գումարի չափը կազմում է` մեկ սենյականոց բնակարանի համար` 9 մլն 323 հազար դրամ, երկու սենյականոց բնակարանի համար` մոտ 14 մլն դրամ, երեք սենյականոց բնակարանի համար` 18.6 մլն դրամ:

Արդյունքում հաշվարկվել է բոլոր վարչական շրջանների բնակարանների գների միջինացված արժեքը` բացառությամբ Կենտրոն, Արաբկիր եւ Նորք-Մարաշ համայնքների: Ծրագրով նախատեսվել է 20 մլն 420 հազար դրամ պետական աջակցություն` 2017 թվականին երեք ընտանիքի բնակարանով ապահովման համար: Իսկ բնակարանների գնման վկայագիր ստացող մյուս ընտանիքների վերջնական ցուցակի հաստատումից հետո պահանջվող ընդհանուր գումարի մնացած մասի հարցը կլուծվի նախարարությանը ընթացիկ տարում պետական բյուջեով հատկացված ընդհանուր միջոցներով:




Լրահոս