Երբ գալիս է սեպտեմբերը. ինչպե՞ս է 25 հազար դրամը բավականացնում ընտանիքներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գրենական պիտույքների գնաճ է նկատվում Վանաձորում. արդյո՞ք կբավականացնի 25.000 դրամը նպաստառու ընտանիքների դպրոցականներին:

Գիտելիքի օրվան ընդառաջ հայկական շուկաներում սկսել է աշխուժանալ գրենական պիտույքների եւ դպրոցական համազգեստի առքն ու վաճառքը: Ըստ «Սպառողների խորհրդատվության կենտրոն» կազմակերպության հետազոտությունների՝ այս տարի գրենական պիտույքների գների աճ չի գրանցվել, փոխարենը 7 %-ով աճել են հագուստների գները:

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ նշել է, որ երեխային լիարժեք դպրոցին նախապատրաստելու համար միջինը անհրաժեշտ է 50.000 դրամ:

Սակայն այս պնդումներին հակասում են դպրոցական երեխա ունեցող ծնողները՝ պնդելով, որ ամեն տարի էլ լինում է գնաճ: Օրինակ՝ 6-րդ դասարանցու մայրիկ Հեղինեն պնդում է. «Գները զգալի աճել են՝ ե՛ւ հագուստինը, ե՛ւ գրենական պիտույքներինը»:

50 հազար դրամը բավարար չէ՝ տարրական կարիքները հոգալու համար: Իսկ 3-րդ դասարանցի երեխա ունեցող Հասմիկը անգամ չի գնել երեխայի համար անհրաժեշտ իրերը, քանի որ գումար չունի: Ու այսպիսի ընտանիքներ Հայաստանի 3-րդ քաղաքում՝ Վանաձորում, շատ կան: «Ժողովուրդ»-ը պաշտոնական տվյալներից պարզեց, որ մոտավորապես 500-600 նպաստառու ընտանիքի երեխաներ այս տարի կայցելեն դպրոց: Իսկ ի՞նչ արտոնություններից կարող են նրանք օգտվել: Արդյո՞ք ՀՀ կառավարությունը որեւէ կերպ աջակցում է չքավոր ընտանիքներին՝ ապահովելու նրանց երեխաների կրթություն ստանալու իրավունքը:

Այս առթիվ «Ժողովուրդ»-ը զրուցեց սոցիալական աջակցության՝ Վանաձորի տարածքային բաժնի պետի տեղակալ Սամվել Մկրտչյանի հետ: Նրա տեղեկացմամբ՝ հաշվի առնելով սոցիալապես անապահով ընտանիքների կարիքները՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն արդեն 6-րդ տարին է՝ իրականացնում է առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնության ծրագիրը, որին իրանվունք ունեն դիմելու ամսվա դրությամբ ընտանեկան նպաստի իրավունք ունեցող այն ընտանիքները, որի անչափահաս անդամներից մեկն ընդունվել է ուսումնական հաստատության առաջին դասարան:

«Նպաստի իրավունք ունեցող ընտանիքի անդամները, որոնց երեխաները կհաճախեն առաջին դասարան, կստանան 25.000 դրամ միանվագ օգնություն: Գումարը տրամադրվում է օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսների ընթացքում»,-տեղեկացրեց Սամվել Մկրտչյանը:

Օգնությունից օգտվելու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը երեխայի` առաջին դասարան ընդունվելու տարվա օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսների ընթացքում տարածքային սոցիալական աջակցության գործակալություն պետք է ներկայացնի առաջին դասարան հաճախելու մասին տեղեկանք:

Իհարկե, լավ է, որ 3 ամսվա ընթացքում գոնե 1 անգամ նպաստառու ընտանիքները կարող են 25 հազար դրամ ստանալ՝ երեխաների կրթական իրավունքի իրացման տարրական պայմանները հոգալու համար, սակայն ակնհայտ է, որ այն շատ քիչ գումար է եւ չի բավարարում անգամ առաջին անհրաժեշտ պարագաները գնելու համար: Իսկ թե ապագայում ինչ կլինի այդ երեխաների ճակատագիրը, դժվար է ասել:

Մարիամ Գալոյան
Վանաձոր




Լրահոս