Դեռեւս անցած տարվանից շարունակվում են Երեւան-Սեւան միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները, չնայած տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը խոստացել էր այն ավարտել այս տարվա ամռանը: Երկու օրից ամառը կավարտվի, բայց ավտոճանապարհի հիմնանորոգումը` ոչ:
«Ժողովուրդ» թերթը տեւական ժամանակ է, ինչ բազմաթիվ քաղաքացիներից դժգոհություն է ստանում այն մասին, որ ավտոճանապարհի շինարարական աշխատանքների պատճառով իրենք ստիպված են լինում երկար ժամանակով մնալ խցանումների մեջ: Այո՛, խցանումներ` միջպետական նշանակության ավտոճանապարհին:
Նշենք, որ Երեւան-Սեւան միջպետական ավտոճանապարհի` Հրազդան քաղաքին հարող կամուրջը նախագծվել եւ կառուցվել է 1960-ական թվականների վերջերին, ընդհանուր երկարությունը 29.5 մ է: Մինչեւ վերջերս կամուրջը վթարային վիճակում էր. 2016 թվականից սկսվեցին հիմնանորոգման աշխատանքներ: Ինչպես հայտնի է` կամուրջի ձախակողմյան մասի հիմնանորոգումն ավարտվել է, այժմ աշխատանքներն ընթանում են ճանապարհի աջ հատվածում: Օգոստոսի 25-ին նախարարությունը ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների վերաբերյալ հայտարարություն տարածեց, որտեղ նշված էր, որ Երեւան-Սեւան-Իջեւան միջպետական նշանակության ավտոճանապարհի 36-57-րդ կմ (Երեւան-Սեւան ուղղությամբ) եւ 64-57-րդ կմ (Սեւան-Երեւան ուղղությամբ) հատվածներում հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված` օգոստոսի 28-ից մինչեւ հոկտեմբերի 10-ը երթեւեկությունը կսահմանափակվի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ըստ այդմ, երթեւեկությունը կկազմակերպվի տվյալ ճանապարհահատվածի հանդիպակաց` Սեւանից Երեւան եկող ուղղությամբ:
Նախարարությունը միայն պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցել է վարորդների ներողամտությունը: Սակայն ոչ մի բառ այն մասին, թե ինչու են դանդաղում հիմնանորոգման աշխատանքները:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Սյունէ Համբարձումյան