Սերժ Սարգսյանը հերթական իրարամերժ հայտարարությունն է արել՝ հերքել ինքն իրեն: Այս անգամ նա իրարամերժ հայտարարությունը հնչեցրել է «Բազե» երիտասարդական ճամբարի անդամների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով 2013թ. ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը նախաստորագրելուց հրաժարվելու եւ ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության մասին: Պնդելով, որ աշնանը կստորագրեն ԵՄ-ի հետ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, Սարգսյանը խոսել է նախկին փաստաթղթի, չստորագրման պատճառների մասին: Եւ այդ համատեքստում Սերժ Սարգսյանը «անհիմն ու պարզապես ծիծաղելի» է որակել օտարերկրյա լրատվամիջոցների հրապարակումները, երբ փորձում են 2013թ-ի Եվրասիական տնտեսական միությանը միանալու Հայաստանի որոշումը ներկայացնել որպես «մեկ գիշերվա մեջ կայացրած որոշում»: «Մենք բանակցում էինք և՛ Եվրասիական տնտեսական միության հետ, և՛ Եվրամիության հետ, որովհետև ի սկզբանե երկու կողմն էլ ասում էին, որ մեկը մյուսին չի խանգարի: Բայց երբ Եվրամիությունն ասաց՝ խանգարում է, մենք ի՞նչ պետք է անեինք»,- ասել է Ս.Սարգսյանը:
Սկսենք նրանից, որ ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության որոշումը «մեկ գիշերվա մեջ կայացրած որոշում» որակումն ամենեւին էլ անհիմն չէ, եւ դրա հեղինակային իրավունքները պատկանում են նույն Սերժ Սարգսյանին: Բանն այն է, որ 2014թ. Չեխիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, երբ հարց է հնչել, թե ինչու Մաքսային միությանն անդամակցելու հարցում նա չի հարցրել համայն հայության կարծիքը եւ հանրաքվե չի անցկացրել, Ս.Սարգսյանը պատասխանել է բառացիորեն հետեւյալը. «Ես չէի կարող մի գիշերում բոլորիդ կարծիքը հարցնել»: Ասել է, թե օտարերկյա լրատվամիջոցների պնդումները, թե ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության որոշումը կայացվել էր «մեկ գիշերվա մեջ» այնքան էլ անհիմն չէ:
Ինչ վերաբերում է Ս.Սարգսյանի հայտարարությանը, թե 2013թ. ինքը բանակցում էր եւ ԵՄ-ի, եւ ԵՏՄ-ի հետ կապված, ապա այստեղ էլ նա հերքել է ինքն իրեն: Բանն այն է, որ 2013թ. մարտին մի խումբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել էր բառացիորեն հետեւյալը. «Մի բան ձեզ պետք է ասեմ՝ մի հավատացեք բոլոր այն մարդկանց, հանդես գան նրանք լրատվամիջոցներում, թե հանրահավաքներում, խոհանոցներում, թե թատրոններում, միեւնույն է, մի հավատացեք նրանց, ովքեր ասում են, որ ռուսները մեզ պարտադրում են դառնալ Մաքսային միության անդամ: Չկա այդպիսի բան: Որքա՞ն կարելի է կրկնել: Մենք հակառակը կարող ենք ասել՝ Մաքսային միության անդամները դեռեւս ցանկություն չունեն որեւէ մեկին ներգրավելու, գոնե մեր մասով ես չեմ տեսել այդպիսի ցանկություն: Ես չեմ կարող չէ՞, հենց այնպես խոսել, որովհետեւ ես իմ մտածածների մասին չեմ ասում, ես ասում եմ բանակցությունների մասին, ասում եմ իրականության մասին»:
Այսքանից հետո, թերեւս, մեկնաբանություններն ավելորդ են: Ու մնում է միայն մեկ հարց տալ՝ Սերժ Սարգսյանը ստել է 2013թ., երբ ասում էր, որ ԵՏՄ-ին անդամակցելու որեւէ բանակցություն չի վարում, թե 2017թ., երբ պնդում էր, որ բանակցել է եւ ԵՏՄ-ի, եւ ԵՄ-ի հետ: Նաեւ արձանագրենք՝ Սերժ Սարգսյանի մոտ սովորություն է դարձել իրականությունը թաքցնելը, հաճախ իրարամերժ հայտարարություններ անելը:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ