ՀՀ ոստիկանապետը հանդիմանել է Վարդենիսի քաղաքապետին. ինչ է կատարվում քաղաքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը բազմիցս է անդրադարձել Վարդենիս քաղաքի Սոթքի ոսկու հանքում «աշխատող չղջիկների» թեմային, որոնց գործողությունները ուղեկցվել են կրակոցներով եւ զոհերով:

Չղջիկները Վարդենիսի այն բնակիչներն են, որոնք չունեն աշխատանք եւ ընտրել են ապրելու ամենավտանգավոր միջոցը: Նրանք մտնում են Սոթքի ոսկու հանքափոսը, հանքանյութ գողանում, պատրաստում ոսկու ձուլվածքը եւ վաճառում: Սակայն անօրինական ճանապարհով հանքախորշեր բացողների եւ ոսկի հանողների միջեւ մշտապես աղմկալի վեճեր են լինում, թե ով պետք է մտնի, հանածոն ինչպես բաշխի, ում, ինչքան բաժին տա եւ այլն:

Ամիսներ առաջ Սոթքի ոսկու հանքը շահագործող «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ն մի քանի անգամ խիստ զգուշացրեց, որ բոլոր նրանք, ովքեր ապօրինի մուտք կգործեն հանքի տարածք, իրենք են պատասխանատու իրենց կյանքի համար:

Այսինքն` հնարավոր է անգամ ոսկու հանքախորշերում մահվան դեպքեր լինեն, բայց հանքը շահագործող ընկերությունը պատասխանատվություն չի կրում որեւէ մեկի կյանքի համար: Այս իրողությունը, բնականաբար, «չղջիկների» սրտով չէ:

ArmLur.am-ին տեղեկություններն են հասել, որ Վարդենիս քաղաքի մի խումբ բնակիչներ արդեն մի քանի անգամ բողոքի ակցիան են իրականացրել, փակել են Սոթքի ոսկու հանք տանող ճանապարհը եւ պահանջել, որ հանքը դադարեցնի իր գործունեությունը: Ակցիայի մասնակիցները նշել են, թե հանքի շահագործման արդյունքում քաղաքի օդը աղտոտված է, որը վնասակար է մարդու առողջության համար:

Այս պատմության մեջ ամենազարմանալին այն է, որ «չղջիկների» բողոքի ակցիային մասնակցել են նաեւ Վարդենիսի քաղաքապետարանի աշխատակիցները:
Ի՞նչ է կատարվում Վարդենիսում: ArmLur.am-ը զրուցեցել է Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանի հետ:

– Պարո′ն Խլոյան, Վարդենիսի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել Սոթքի ոսկու հանքի շահագործման դեմ` պատճառաբանելով, թե հանքը քաղաքի ու տարածաշրջանի օդը աղտոտում է` բաց շահագործմամբ: Ի՞նչ է կատարվել:

-Ներողություն, Ձեզ ասեմ` չգիտեմ` ով ինչ է խոսում, «չղջիկների» մասին խոսակցություն է եղել: Այդ մարդիկ եկել են, մարդկանց հետ հաշտության եզրեր գտել ենք, որ համաքաղաքացիները ուզում են աշխատատեղ, Սոթքի ոսկու հանքն էլ համաձայնեց 100 քաղաքացու ընդունել աշխատանքի: Քաղաքապետարանում ցուցակագրել ենք մարդկանց, թե ինչ մասնագետներ կան, որ ցանկացած մասնագիտությամբ 100 աշխատողի ընդունեն: Մենք Սոթքի ոսկու հանքի տնօրինության հետ հաշտության եզրեր գտել ենք, խնդիր չկա, ամեն ինչ նորմալ է:

-Այսինքն` բողոքի ակցիան «չղջիկներն» են արել, քանի որ հանքի ղեկավարությունը այնպիսի հսկողություն է սահմանել, որ գողություն չե՞ն կարողանում անել:

-Չէ, չէ, միայն կարող եմ ասել հիմնական խնդիրն այն էր, որ մարդիկ աշխատատեղ էին ուզում:

-Մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն` Վարդենիսի քաղաքապետարանի աշխատակիցներն էլ են բողոքի ակցիային մասնացել: Այսինքն նրանք է՞լ են հանքանյութի գողությամբ զբաղվում:

– Այդպիսի բան գոյություն չունի: Ենթադրենք` Դուք գալիս եք ու հանդիպում եք հավաքված ամբոխի հետ, հիմա դա նշանակում է, որ Դո՞ւք էլ եք բողոքի ակցիայի մասնակից եղել:

-Մեզ հայտնի է դարձել, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Գեղարքունիքի մարզի ոստիկանապետ Արսեն Ադամյանի միջոցով Ձեզ հանդիմանել է, թե այս ի՞նչ է կատարվում, կարգավորեք իրավիճակը, ինչից էլ խառնված` շտապել եք հանդարտեցնել մարդկանց…

-Տենց բան գոյություն չունի. ի՞նչ փողոց, ի՞նչ փակել, ի՞նչ բան: Մարդիկ եկել են, հավաքվել են մեզ մոտ, որ Սոթքի ոսկու հանքի տնօրինությունից մարդիկ գան, բանախոսենք: Մարդիկ եկել են, իրենց հետ խոսել ենք, ամբողջ համակարգը նստած` պայմանավորվածություն ենք ձեռք բերել: «Գեոպրոմայնինգ գոլդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Անոտլի Վիկտորովիչը առաջարկություն ներկայացրեց, թե` Խլոյա′ն ջան, сто человеков могу брать на работу, այսինքն` կարող են ընդունել աշխատանքի, հա′, էլ ի՞նչ են ուզում, թող գնան աշխատեն:

Քնար Մանուկյան




Լրահոս