«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը մեր հարցին ի պատասխան՝ չհերքեց, որ երեխաներին դպրոց չուղարկող ծնողները կարող են տուգանվել: Նա նկատեց, որ այդ հնարավորությունը սահմանված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով:
Վերջինիս 178-րդ հոդվածը մասնավորարդես սահմանում է, որ ծնողների կամ նրանց փոխարինող անձանց կողմից անչափահաս երեխաների դաստիարակության և ուսուցման պարտականությունները չարամտորեն չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում ծնողների կամ նրանց փոխարինող անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով: Այսինքն՝ 30 հազար դրամ:
«Ընդունված է, որ դպրոց հաճախելու համար պատասխանատուն ծնողն է: Բայց, ի վերջո, մենք հասկացանք, որ այս մեխանիզմը չի աշխատում, որովհետև շատ ու շատ ծնողներ անհետևողական են կամ ինչ-ինչ պատճառներով երեխաներին չեն թույլատրում դպրոց հաճախել: Դրա համար հիմա մենք փորձում ենք այդ խնդիրը լուծել պետական մակարդակով. նախ հայտնաբերել այդ երեխաներին, գնահատել նրանց կարիքները և արդեն համապատասխան աշխատանք տանել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, առողջապահության նախարարության, տեղական ինքնակառավարման մարմինների և ոստիկանության հետ միասին: Այսինքն՝ նայած՝ ինչ կարիք ունի երեխան: Կարիք ասածը չի վերաբերում զուտ սոցիալականին: Պետք է հասկանալ՝ խնդրի էությունն ինչն է և այո, ուղղորդել, աշխատանքներ տանել, որպեսզի երեխաները հաճախեն դպրոց»,- ասաց ԿԳՆ հանրակրթության վարչության պետը»:
Առավել մանրամասը՝ թերթի այսօրվա համարում