ԹՎԵՐԸ ՀԵՐՔՈՒՄ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովրդագրական իրավիճակի էական եւ կտրուկ բարելավման արդյունքում 2040 թվականին պետք է հասնել առնվազն 4 միլիոն բնակչի»,- այս խոսքերի հեղինակը Սերժ Սարգսյանն է: Նախանշված ցուցանիշներն ապահովելու համար նա մատնանշել էր նաեւ ճանապարհը՝ արտագաղթի դադարեցում, ծնելիության բարձրացում, կյանքի տեւողության երկարացում եւ արտագաղթածների վերադարձի նախապայմանների ստեղծում:

Կառավարությունն էլ Ս. Սարգսյանի խոստումների հիման վրա իր ծրագրում էր նման դրույթ ներառել. «Ժողովրդագրական վիճակի բարելավման նպատակով անհրաժեշտ է իրականացնել միջոցառումներ` ուղղված արտագաղթի դադարեցմանը, ծնելիության բարձրացմանը, կյանքի տեւողության երկարացմանը, մահացությունների մակարդակի կրճատմանը, ամուսնությունների թվի ավելացմանը, ինչպես նաեւ հայրենադարձության նախապայմանների ստեղծմանը, արտաքին միգրացիայի բացասական մնացորդի կրճատմանը եւ աղետներից զոհերի թվի էական նվազեցմանը»:
Իհարկե, հասարակության մի ստվար զանգված վաղուց ի վեր լուրջ չի ընդունում իշխանությունների խոստումները, ներկայացրած ծրագրերը: Այսօր էլ դժվար է գտնել մեկին, որ կհավատա ժողովրդագրական իրավիճակի կտրուկ եւ էական բարելավման հեռանկարին, էլ ուր մնաց՝ Հայաստանի բնակչությունը 4 մլն-ի հասցնելու մասին Սերժ Սարգսյանի խոստումներին: Սա միանգամայն հիմնավոր պատճառներով. չնայած իշխանությունների խոստացած ծրագրերին` պաշտոնական վիճակագրությունը միանգամայն հակառակի մասին է վկայում, որ ժողովրդագրական վիճակը գնալով ավելի է վատթարանում:
Սերժ Սարգսյանն ու կառավարությունը խոսում են ծնելիության ցուցանիշի բարձրացման մասին, մինչդեռ այս տարվա առաջին կիսամյակում ծնունդների թիվը նվազել է 6,7 տոկոսով: 2017թ. հունվար-հունիս ամիսներին ծնվել է 17 հազար 169 երեխա, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ծնվածների թիվը 18 հազար 393 էր, իսկ 2015-ին՝ 18 հազար 667:
Կառավարությունն իր ծրագրում խոստացել է միջոցառումներ անել մահացությունների մակարդակի կրճատման ուղղությամբ, մինչդեռ պատկերը բոլորովին այլ է. հունվար-հունիս ամսիներին մահացել է 14 հազար 709 հոգի, 2016-ին այդ թիվը 14 հազար 403 էր, 2015-ին՝ 14 հազար 682: Ասել է, թե այս հարցում էլ իշխանություններին չի հաջողվել կատարել խոստումը: Իսկ բնական հավելաճի ցուցանիշները պարզապես գահավիժում են խայտառակ տեմպերով. 2015-ին բնական հավելաճը 3 հազար 985 էր, 2016-ին՝ 3 հազար 990, իսկ արդեն այս տարի այն հասել է 2 հազար 460-ի:
Կառավարության ծրագրում խոսք կա նաեւ ամուսնությունների թվի ավելացման մասին, բայց վիճակագրությունը փաստում է, որ ավելացել են ամուսնալուծությունները, իսկ ամուսնությունները՝ կրճատվել: Եթե 2015-ին 8 հազար 582 ամուսնություն է գրանցվել, ապա 2016-ին այդ թիվը դարձել է 7 հազար 739, այս տարի՝ 7 հազար 234: Ինչ վերաբերում է ամուսնալուծություններին, ապա նախորդ տարվա 1 հազար 753-ի փոխարեն այս տարի գրանցվել է 1 հազար 949:
Այսքանից հետո, թերեւս, անիմաստ է խոսել նաեւ արտագաղթի դադարեցման խոստումների մասին: Ճիշտ է, 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի արտագաղթողների թիվը նվազել է. եթե նախորդ տարի երկրից հեռացել է 91.9 հազար քաղաքացի, ապա այս տարի արտագաղթած ՀՀ քաղաքացիների թիվը 75 հազար 625 է եղել: Իսկ հայրենադարձության ծրագրերը արդեն զավեշտալի են հնչում, մեղմ ասած՝ զավեշտալի:
Իշխանությունները, իհարկե, կփորձեն արդարանալ՝ ասելով, թե կառավարության ծրագիրը նախատեսված է իրագործել առաջիկա հինգ տարիների ընթացքում, իսկ Սերժ Սարգսյանի խոստացած ցուցանիշի վերջնաժամկետն էլ 2040 թվականն է, այսինքն՝ դեռ պետք է սպասել: Բայց սա արվում է ընդամենը ժամանակ շահելու, ներկայիս եւ ապագայի ձախողումները կոծկելու համար: Ի վերջո, նախորդ կառավարություններն էլ էին խոստացել կտրուկ բարելավել ժողովրդագրական վիճակը, բայց տեղի ունեցավ հակառակը, երբ արտագաղթի տեմպերը շարունակեցին էլ ավելի մեծ հունով ընթանալ:

Հ.Գ. Հայաստանի բնակչությունը 2040 թվականին 4 մլնի հասցնելու մասին հայտնի հայտարարություններից որոշ ժամանակ անց հրապարակվեց ՄԱԿ-ի տնտեսական եւ սոցիալական հարաբերությունների բաժնի պատրաստած զեկույցը, որտեղ միջազգային փորձագետները կասկածի տակ են դրել Ս. Սարգսյանի խոստումները: Ըստ ՄԱԿ-ի կանխատեսման՝ 2050 թվականին ՀՀ բնակչությունը կկազմի 2 մլն 700 հազար մարդ: Կարճ ասած՝ ե՛ւ փորձագետների կանխատեսումները, ե՛ւ այսօրվա ցուցանիշները վկայում են այն մասին, որ իշխանությունները ոչ միայն չեն կարողանա իրագործել տրված խոստումները, այլեւ, ընդհակառակը, ցուցանիշները բացասական հունով են ընթանում:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

ՍԱՀՄԱՆԱՊԱՀԸ
ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը պատգամավորական մանդատին հրաժեշտ տալուց հետո այժմ զբաղված է սահմանների պաշտպանությամբ: Նա հասարակական կազմակերպությունով՝ պայմանագրային գումարտակով, ծառայություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Գասպարյանը նշեց, թե այդ գումարտակը, ՊՆ-ի համաձայնությամբ, որոշ ժամանակ փոխարինում է դիրքերում գտնվող զինվորներին: Նախկին պատգամավորը նշեց, թե քաղաքականությամբ զբաղվելու կամ նման առաջարկներ լսելու ցանկություն չունի, քանի որ իրեն ավելի հոգեհարազատ է ռազմական ոլորտը: Չնայած այն լուրերին, թե իրեն չեն թողել մասնակցել ընտրություններին, Գասպարյանը ընդգծեց, թե հակառակը` իրեն առաջարկել են մասնակցել ընտրություններին, սակայն ինքը ցանկություն չունենալով՝ հրաժարվել է:

 

 

ԶՐԿՈՒՄ ԵՆ ԱՆՎՃԱՐԻՑ
ՀՀ կառավարությունը առաջիկայում կլուծարի առողջապահության ենթակայության տակ գտնվող «Օշական մանկական վերականգնողական կենտրոն» եւ «Հատուկ պոլիկլինիկա» ընկերությունները: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ընկերությունները լուծարելու արդյունքում կառավարությունը նախատեսում է խնայել մոտ 150 մլն դրամի չափով գումար: Ի դեպ, նշենք, որ «Օշական վերականգնողական կենտրոն» ընկերությունը զբաղվում է հաշմանդամ երեխաների վերականգնողական բուժօգնությամբ: Իսկ «Հատուկ պոլիկլինիկա» ՓԲԸ-ն սպասարկում է Երեւանի պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող շուրջ 60 հազար ուսանողներին: Ստացվում է, որ կառավարության այս քայլից հետո շուրջ 60 հազար ուսանողները եւ հաշմանդամություն ունեցող երեխաները, որոնք անվճար, պետպատվերի հիմունքներով բուժսպասարկում էին ստանում, նոր խնդիրների առաջ են կանգնելու: Հուսանք՝ նախարար Ալթունյանը նախապես ծրագրավորել է խնդրի լուծումը:

 

 

ՓՈԽԳՆԴԱՊԵՏԸ՝ ՎՃՌԱԲԵԿՈՒՄ
ՀՀ վերաքննիչ դատարանը չարդարացրեց ՀՀ ոստիկանության զորքերի N զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ, փոխգնդապետ Դավիթ Փերիխանյանին: Ինչպես հայտնի է՝ 2015թ. էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաների ժամանակ լրագրողների նկատմամբ բռնություն գործադրելու համար փոխգնդապետ Դավիթ Փերիխանյանը տուգանվել էր 600.000 հազար դրամով, սակայն ավելի ուշ գործով տուժողը դիմել էր ՀՀ վերաքննիչ դատարան՝ պահանջելով արդարացնել փոխգնդապետին: Հունիսի 13-ին ՀՀ վերաքննիչ դատարանը մերժեց տուժող կողմի բողոքը, եւ փոխգնդապետը չարդարացվեց:
Բայց Փերիխանյանի գործը այսքանով չի ավարտվել, եւ հիմա էլ նա դիմում է ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարան:
Մինչ այդ նկատենք, որ օրերս լրացավ Սարի թաղում լրագրողների նկատմամբ իրականացված ոստիկանական բռնությունների մեկ տարին, ու չնայած հարուցված քրեական գործին, չնայած Սերժ Սարգսյանի հավաստիացումներին, որ մեղավորները կպատժվեն, այդպես էլ որեւէ ոստիկան ամբաստանյալի աթոռին չի հայտնվել: Խայտառակություն:

 

 

ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒՄ Է
ՀՀ սփյուռքի նախարարությունն արդեն 7-րդ անգամ հյուրընկալում է «Արի տուն» երիտասարդների հայրենաճանաչության ծրագրի մասնակիցներին աշխարհի 14 երկրներից՝ Լիբանանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Քուվեյթից, Սիրիայից եւ այլն: 102 սփյուռքահայ պատանի եւ աղջիկ ժամանել են հայրենիք՝ ծանոթանալու Հայաստանի գեղատեսիլ վայրերին, ուսանելու հայոց լեզուն եւ պարզապես ընկերանալու աշխարհի տարբեր ծայրերից եկած հայրենակիցների հետ:

 

 

 

ԴՐԱԿԱՆ ԴԻՆԱՄԻԿԱ
Երեխան, ում իրենց տան 2-րդ հարկի պատշգամբի մոտ օրորելիս անզգուշաբար գցել էր տատիկը, ունի բազմակի՝ գանգուղեղային եւ վերջույթների տրավմաներ, նրա մոտ արձանագրվել է դրական դինամիկա: Հիշեցնենք, որ երեխայի վիճակը գնահատվում էր ծանր կայուն: Ստորին վերջույթների խնդիրը, ըստ Նիկոլայ Դալլաքյանի, շտկված է:

 

 

ԿԱՆՋԱՏՎԵՆ
Երեւանի հեռուստաաշտարակի վրա օգոստոսի 7-12-ն իրականացվելու են աշտարակի հիմքի, մետաղական կոնստրուկցիաների եւ հանգույցների տեխնիկական վիճակի պլանային զննման աշխատանքներ: Այդ պատճառով օգոստոսի 8-11-ը՝ առավոտյան ժամը 06.00-ից մինչեւ 09.00-ն ընկած ժամանակահատվածում, Երեւանի հեռուստակայանում տեղադրված հեռուստատեսային եւ ռադիոհեռարձակման հաղորդակները կանջատվեն: Հանրապետության մարզերում հեռուստառադիոալիքների հեռարձակումը կիրականացվի բնականոն ռեժիմով:

 

 

ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանամերձ Տավուշի մարզի գյուղերի գնդակոծմանը, նշել է, որ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի վրա կրակոցներ արձակելը խստիվ դատապարտելի է եւ ի ցույց է դնում Ադրբեջանի բարբարոսական էությունը: «Անթույլատրելի է ադրբեջանցիների տմարդի վարքագիծը. կրակահերթեր արձակելով՝ թույլ չտալ գյուղացիներին հավաքել իրենց բերքը: Միջազգային կազմակերպությունները պարտավոր են արձագանքել այս հանցագործ գործելաոճին: Սա ոչ այլ ինչ է, քան բարբարոսություն»,-ընդգծել է Շարմազանովը:
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը հուլիսի 20-ին գնդակոծել էր Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղը՝ պատճառելով նյութական հսկա վնաս: Հուլիսի 21-ի երեկոյան կրակի տակ է եղել նաեւ սահմանամերձ Բարեկամավանը: Հուլիսի 28-ին Հայաստանի զինված ուժերի՝ Տավուշի մարզում տեղակայված դիրքերից մեկում հակառակորդի կրակոցից վիրավորվել է պայմանագրային զինծառայող, շարքային Արթուր Մայրանյանը:

 

 

ՈՒԺԻ ՄԵՋ ԿՄՏՆԻ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում սառեցված ձկնեղենի եւ ձկնամթերքի անվտանգության վերաբերյալ ԵԱՏՄ կարգը, ըստ որի՝ սեպտեմբերի 1-ից գնորդները կվճարեն ձկնամթերքում 5 տոկոսը գերազանցող սառույցի համար: Ընդունված փաստաթղթում սահմանված է սառեցված ձկնամթերքում սառույցի առկայության թույլատրելի զանգվածը: Մասնավորապես վերամշակման ենթարկված ձկնամթերքում այն չպետք է գերազանցի 7 տոկոսը, իսկ չվերամշակվածում՝ 14 տոկոսը: Միության տեխնիկական կանոնակարգերին չհամապատասխանող ձկնամթերքը չի կարող հայտնվել ԵԱՏՄ անդամ երկրների խանութների ցուցափեղկերում:

 

 

ԱԶԱՏՎԵԼ Է
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվել է նոր նշանակում: Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի եւ հրատարակչական բաժնի տնօրեն, հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը ազատվել է հրատարակչական բաժնի տնօրենի պարտականություններից: Մայր Աթոռի «Վաչե եւ Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրեն, արժանապատիվ Տ. Արարատ քահանա Պողոսյանը համատեղության կարգով նշանակվել է հրատարակչական բաժնի տնօրեն:




Լրահոս