ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔԸ՝ ՀՅՈՒՍԻՍԻ՞Ց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն բանից հետո, երբ 2014թ. օգոստոսից Ռուսաստան-Արեւմուտք տնտեսական պատժամիջոցների հետեւանքով ռուսական տնտեսությունը հայտնվեց ճգնաժամի առաջ, կտրուկ նվազեցին դեպի Հայաստան մասնավոր փոխանցումների ծավալները: Նվազումը շարունակվել է մինչ նախորդ տարվա դեկտեմբեր: Եւ զարմանալի զուգադիպությամբ արտերկրից Հայաստան մասնավոր դրամական փոխանցումներն աճել են ԱԺ-ի եւ Երեւանի ավագանու ընտրությունների նախաշեմին: Ընդ որում, հիմնական գումարները եկել են հենց Ռուսաստանից: Պաշտոնական վիճակագրությունից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս տարվա առաջին եռամսյակում տրանսֆերտների չափը կազմել է 312,9 մլն դոլար, որի գրեթե կեսը՝ 127.4 մլն դոլարը փոխանցվել է մարտին՝ ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններից առաջ: Իսկ արդեն մայիսին տրանսֆերտները կազմել են 154.9 մլն դոլար՝ մոտ 50 մլն-ով ավելի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Կարելի է եզրակացնել, որ նախընտրական ծախսերի, այդ թվում բաժանված ընտրակաշառքի մեծ մասը Հայաստան է բերվել հենց մասնավոր փոխանցումների միջոցով: Դժվար է միանշանակ ասել՝ ափսոսե՞լ են ՀՀ իշխանությունները ծախսել Հայաստանում իրենց ունեցած գումարները, օգտագործել պահուստները, թե՞ եղածն արդեն քչություն է արել, ու ստիպված են եղել դրսում իրենց ունեցած միջոցները ներգրավել: Ամեն դեպքում, թվերը շատ խոսուն են:

 

 

Արցախի պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանն օրերս Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդաշարի ժամանակ հայտարարել էր, թե Ադրբեջանի նոր հարձակման դեպքում հայկական բանակն անցնելու է հարձակողական գործողությունների եւ ջախջախիչ հարվածներ է հասցնելու ադրբեջանական կողմին: ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, թե հայկական կողմից նման հայտարարություններ են արվում, քանի որ պատերազմի հավանականությունը մեծացել է: «Դա պայմանավորված է ադրբեջանական կողմի գործողություններով եւ հայտարարություններով, նրանք պատրաստվում են նոր պատերազմի, եւ դրա ապացույցը կարող ենք համարել մայիսին տեղի ունեցած իրադարձությունները, երբ սահմանին ծանր ռազմական տեխնիկա կիրառվեց, եւ որի հետեւանքով հայկական կողմը կորուստներ ունեցավ»,- ասել է օտարերկրացի ռազմական փորձագետը:

 

 

 
Մինչ Սերժ Սարգսյանը խոսում է օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքի մասին, նրա փեսային՝ Միքայել Մինասյանին փաստացի պատկանող «Սպայկա» ընկերությունը «դուրս է մնացել» առաջին խոշոր հարյուր հարկատուների ցանկից: Եւ սա այն դեպքում, երբ «Սպայկան» զբաղվում է բեռնափոխադրմամբ, թարմ մրգերի արտահանմամբ, ինչպես նաեւ գյուղապրանքների պահածոյացմամբ, իսկ այս տարի, ըստ պաշտոնական վիճակագրության, ավելացել են գյուղմթերքների արտահանման ծավալները (հետեւաբար նաեւ այդ ընկերության շահույթը): «Ժողովուրդ»-ին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ «Սպայկան» այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա համեմատ 220 մլն դրամ պակաս հարկ է վճարել ու հիմա հարկատուների մեջ զբաղեցնում է հազիվ 172-րդ տեղը: Իսկ թե ինչու է այսպես ստացվել, դժվար չէ ենթադրել. չէ՞ որ նույն «Սպայկայի» համար ամենատարբեր արտոնություններն են սահմանվում. մե՛կ կառավարության որոշմամբ անվճար հողատարածք են տրամադրում, մե՛կ փոխհատուցումներ անում, հիմա էլ թույլ են տալիս պակաս հարկ վճարել: Ինչպես ասում են՝ աշխարհը խալի է ոտիդ տակ:

 

 

 

ԱԺ ընտրությունների օրը ընտրակեղծարարության փորձ արածները հայտնվել են տխուր իրավիճակում: Մի քանի քրեական գործով արձակված մեղմ դատավճիռները չեն բավարարել մեղադրող դատախազներին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ դատախազները դիմել են վերաքննիչ դատարան՝ ընտրակեղծարարների համար որպես պատիժ պահանջելով ազատազրկումը, եւ որ նրանք պատիժը կրեն քրեակատարողական հիմնարկներում: Նման պահվածքը, սակայն, պատահական չէ. այն թերեւս քաղաքական որոշման հետեւանք է. այսպես իշխանությունները փորձում են միջազգային հանրությանը ցույց տալ, թե անողոք են ընտրակեղծարարների հանդեպ ու հետամուտ են լինում, որ նրանք ամենախիստ պատժի արժանանան: Իսկ նպատակն այն է, որ ԵՄ-ն լուրջ գումարներ է խոստացել Հայաստանին տարբեր ծրագրերի իրականացման համար, եւ հիմա իշխանություններն ընտրակեղծարարներին զոհաբերում են՝ հանուն գումարի: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին, որը ասաց. «Ո՛չ պրոցեսից եմ տեղյակ, ո՛չ էլ դրանով պետք է զբաղվեմ, քանի որ դա իմ ոլորտը չէ»: Թեեւ հիշեցնենք, որ եվրոպացիների հետ ե՛ւ ԸՕ-ի, ե՛ւ, ընդհանրապես, ընտրական գործընթացների կազմակերպման հարցով իշխանությունների կողմից բանակցում էր հենց պարոն Հարությունյանը:

 

 

 
ՕՂԱԿՆԵՐԻ ՇՈՈՒՆ
Մինչ անկախ միջազգային սոցիոլոգիական կազմակերպությունների անվան տակ գործող ընկերությունները (բնականաբար, Բաղրամյան 26-ի պատվերով) գուժում են վարչապետ Կարեն Կարապետյանի վարկանիշի կտրուկ անկման մասին՝ այդպես կամաց-կամաց նախապատրաստելով պաշտոնանկության գործընթացը, գործադիրի ղեկավարը զբաղված է զանազան շոուներով:
Հիմա էլ Կարապետյանի կառավարությունը որոշել է Հայաստանում մեգապոլիսներ ստեղծել, այն էլ ոչ թե մեկը-երկուսը, այլ միանգամից 8-10-ը: Այդ մեգապոլիսների թվում է լինելու նաեւ Ջերմուկը, որի զարգացման համար կառավարությունը երեկ 1 մլրդ 190 մլն դրամ հատկացրեց: «Բոլորս հասկացե՞լ ենք, որ Ջերմուկն արդեն մեգապոլիս է»,- կես լուրջ-կես կատակ ասել է Կարեն Կարապետյանը: Ճիշտ եւ ճիշտ իր նախորդների նման:
Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ, եթե հիշում եք, Դիլիջանն էր ֆինանսական կենտրոն դարձնում, Ջերմուկը՝ տուրիստական եւ շախմատային կենտրոն, Գյումրին՝ տեխնոպարկ եւ, ընդհանրապես, նա մտադրվել էր Հայաստանն ամբողջությամբ դարձնել տարածաշրջանային կենտրոն: Թե ինչ անփառունակ վախճան ունեցան Տիգրան Սարգսյանի ծրագրերը, հավանաբար, բոլորն են հիշում. որքան շատ էր կառավարությունը խոսում անելիքների մասին, այնքան ավելի արագ էր տնտեսությունը քանդվում ու գահավիժում: Ենթադրվում է՝ նույն ճակատագիրն է սպասվում նաեւ Կարապետյանի ծրագրերին:
Ի վերջո, մեգապոլիսներ ստեղծելու առաջին քայլը պետք է լիներ երկրում ժողովրդագրական վիճակի բարելավումը, ինչն էլ իր հերթին կապահովի զարգացում: Բայց արի ու տես, որ մեզանում միանգամայն հակառակ վիճակն է. Հայաստանն օր օրի դատարկվում է: Իսկ դատարկվող երկրում որքան էլ օլիգարխները հսկայական հյուրանոցային, ռեստորանային համալիրներ կառուցեն, որքան էլ արտաքին էֆեկտն ապահովեն, միեւնույն է՝ դրանից իրավիճակը չի փոխվի, եւ մեգապոլիսներ չեն դառնա: Այնպես որ, խնդիրը շատ ավելի խորն է եւ ավելի գլոբալ լուծումներ է պահանջում, քան իշխանություններն են ներկայացնում:
Էլ չենք խոսում վարչապետի մյուս նախաձեռնությունների մասին՝ մաքուր Հայաստանի, ծխելու դեմ պայքարի ուղղությամբ. ծրագրեր, որոնք հազիվ թե նպաստեն երկրի զարգացմանը, ծրագրեր, որոնք որեւէ առնչություն չունեն Հայաստանի օրակարգային հարցերի հետ: Տպավորություն է, թե վարչապետն այս ամենն անում է ուղղակի իր համար զբաղմունք ապահովելու նպատակով՝ համակերպվելով այն մտքի հետ, որ մի քանի ամիս անց իրեն էլ են զոհաբերելու, եւ ինչպես նախորդներին, ինքն էլ մի օր կառավարության նիստից առաջ կամ հետո իմանալու, որ հրաժարականի դիմում է ներկայացրել: Չէ՞ որ ակնհայտ է՝ նրա շուրջ գնալով սեղմվում է օղակը, եւ ներպալատական ինտրիգները խորանում են՝ նախապատրաստելով փոփոխությունների շրջանը:




Լրահոս