Երկուշաբթի մեկնարկել էր ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի շրջագայությունը Արեւելյան Եվրոպա, որի շրջանակներում նա այցելեց Վրաստան, Էստոնիա եւ Մոնտենեգրո: Երեք պետություններն էլ աշխարհագրորեն գտնվում են Ռուսաստանի ազդեցության գոտում, եւ բնական է, որ ԱՄՆ փոխնախագահի այցը առաջին հերթին պիտի դիտարկվի ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների համատեքստում, որտեղ որոշակիորեն իր դերն ունի եւ Հայաստանը:
Փենսի այցելությունը տրամաբանական շարունակությունն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հուլիսի սկզբին իրականացրած շրջագայության, որն ընդգրկել էր Լեհաստանն ու Գերմանիան: Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորմամբ մտահոգված՝ Թրամփի վարչակազմը Վարշավայում խոսեց Լեհաստանի ու ԱՄՆ-ի դաշնակցության մասին: Դարերով կոփված բարդույթի ուժով Ռուսաստանը չափազանց զգայուն է Լեհաստանի հարցում եւ այս երկրին սատարող ցանկացած հայտարարություն ընկալում է իր շահերի դեմ, առավել եւս որ լեհերն էլ բարեկամաբար չեն տրամադրված Ռուսաստանի նկատմամբ: Եվ ահա Լեհաստան այցելելու ու այդ երկրին ամերիկյան աջակցությունը խոստանալու՝ Թրամփի քայլը ակնհայտորեն միտված էր Ռուսաստանի հետ հարաբերությունների ճշգրտմանը: Եվ եթե հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ Թրամփը Վարշավայից հետո հանգրվանեց Համբուրգում եւ Մեծ 20-յակի շրջանակներում հանդիպեց Պուտինին, ավելի հստակ է դառնում ամերիկյան գործողությունների տրամաբանությունը: Ինչպես ամիսներ առաջ ԱՄՆ պետքարտուղար Թիլլերսոնին Մոսկվա ճանապարհելու անմիջապես նախօրյակին Թրամփը հրթիռակոծեց Սիրիան՝ Կրեմլում դժվարին սակարկություններից առաջ ամրացնելու համար հողը սեփական ոտքերի տակ, այնպես էլ նա այցելեց Լեհաստան, ապա հանդիպեց Պուտինին: Ի դեպ, մինչ այդ էլ Թրամփը ընդունել էր Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին, ինչը կրկին ազդակ էր Պուտինին:
Եվ ահա այժմ ռուսական քաղաքականության հետաքրքրության գոտի ժամանելով՝ ԱՄՆ փոխնախագահ Փենսը հայտարարում է իր երկրի աջակցությունը Վրաստանին, Էստոնիային եւ Մոնտենեգրոյին: Վերջինս նոր է անդամագրվել ՆԱՏՕ-ին, եւ ակնհայտ է, որ Փենսի այցելությունն այդ առումով ինքնըստինքյան հանդիսանում է աջակցություն ՆԱՏՕ-ին ու վերջինիս անդամակցող երկրներին: Փենսի այցելությունը մեսիջ է առ այն, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը շարունակում է մնալ ԱՄՆ արտաքին քաղաքականության հետաքրքրությունների ոլորտում: Իսկ այդպիսի ազդակը բնականորեն պիտի բախվի ռուսական շահերին, որոնք ամեն անգամ դողէրոցքի մեջ են հայտնվում ՆԱՏՕ-ի հնարավոր ընդլայնման թեմայից: Մինչդեռ Էստոնիան, հանդիսանալով մերձբալթյան երկրներից մեկը, նույնպես ՌԴ-ին հղվող ամերիկյան ակնարկի առանցքային բաղադրիչն է: Պուտինը ժամանակին ակնարկել էր, որ ռուսական զորքը կարճ ժամանակում ի վիճակի էր անարգել մտնել Մերձբալթիկա՝ հուշելով, որ Եվրոպան պետք է զգույշ լինի ՌԴ-ին վերաբերող գործողություններում: Եվ ահա հիմա Փենսի այցը Մերձբալթյան երկիր պատասխան հուշում է Պուտինին, որ ԱՄՆ պաշտպանական հովանոցը չի վերանալու Եվրոպայի գլխից, ուստի Պուտինն իր ռազմատենչ նկրտումներում պետք է հաշվի առնի ամերիկյան գործոնին բախվելու տխուր հեռանկարը: Եվ ահա այդ ամենի հանգույն՝ Փենսը եղավ նաեւ հարեւան Վրաստանում, որի հարաբերությունները Ռուսաստանի հետ շարունակում են լարված մնալ:
Վրաստանում Փենսը անթաքույց կերպով արտահայտել է Թրամփի վարչակազմի աջակցությունը այս երկրի հետապնդած նպատակներին: Փոխնախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ն սատարում է ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի քաղաքականությանը: Այսպիսի ձեւակերպմամբ ԱՄՆ փոխնախագահը ցույց է տալիս, որ իր պետության արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները չեն փոխվել եւ չեն փոխվելու: Որքան էլ Թրամփի վարչակազմը լարախաղացի պես թռչկոտի ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման պարանի վրա, Ռուսաստանը մեկուսացնելու ամերիկյան հիմնական նպատակները շարունակում են կենսունակ մնալ: Թրամփի վարչակազմը մի կողմից ցանկանում է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց մյուս կողմից բախվում է ԱՄՆ արտաքին քաղաքական նպատակներին, որոնք պարզապես հակասության մեջ են ՌԴ-ի հետ բարեկամական հարաբերություններ ունենալու հետ: Նախընտրական շրջանում Թրամփը սա չէր հասկանում, սակայն այժմ կարելի է վստահաբար պնդել, որ նա գիտակցում է քաղաքականության կոնկրետ գծի առավելությունը մյուսների նկատմամբ: Այսինքն՝ Ռուսաստանը թուլացնելու քաղաքականությունը չի կարող հաղթահարվել այդ երկրի ղեկավարության հետ գործընկերային հարաբերություններ հաստատելով, որքան էլ այդ ցանկությունը մեծ լինի:
Այսպիսի նուրբ իրավիճակում, երբ ԱՄՆ նախագահը ցանկանում է բարելավել հարաբերությունները, սակայն նրա ձեռքերը կապված են, արտաքին քաղաքականության մեջ էլ ավելի է կարեւորվում շրջահայացությունը: Սա առաջին հերթին վերաբերում է Հայաստանին, որի իշխանությունը բավականին մեծ կախվածության մեջ է գտնվում Ռուսաստանից: Երբ ԱՄՆ-ն սատարում է Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու քաղաքականությունը, պարզ է, որ ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների իրական բարելավման մասին խոսք լինել չի կարող: Իսկ ինչպես ժամանակին բավականին դիպուկ նկատում էր հենց Սերժ Սարգսյանը, Հայաստանը կարող է մեծապես տուժել, եթե ԱՄՆ-ՌԴ հարաբերություններում հերթական լարվածությունն արձանագրվի: Ուստի այս պահին Հայաստանից ակնկալվում է գերզգուշավոր քաղաքական ճկունություն՝ չփչացնելով որեւէ կողմի հետ հարաբերությունների բարեկամական մակարդակը: Իսկ դա չափազանց դժվար է լինելու անել, քանզի Հայաստանում իշխանությունը լեգիտիմության ճգնաժամի մեջ է՝ որեւէ կողմին «ոչ» ասելու բնատուր անկարողությամբ: Արդ, ԵՄ-ի հետ աշնանը սպասվող քաղաքական պայմանագրի կնքումը կարող է իսկական փորձություն լինել Հայաստանի համար, որովհետեւ ԱՄՆ-ՌԴ նոր լարվածության պայմաններում վերջինը կիրառելու է 2013թ սեպտեմբերի 3-ի «գիշերվա» մեթոդը՝ Սերժ Սարգսյանին մեն-մենակ թողնելով Հայաստանի շահի ու 2018թ ապրիլին վարչապետի պաշտոնին բազմելու երազանքի երկընտրանքում:
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ
Երեւանի մի քանի վարչական շրջաններում բնկարանների գները թանկացել են, իսկ մի քանիսում` էժանացել: Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունիսին, մայիսի համեմատ, բնակարանների մեկ քառակուսի մետրի գները բարձրացել են:
Օրինակ՝ Կենտրոն վարչական շրջանում եթե այս տարվա մայիսին բնակարանի մեկ քառակուսի մետրը 450 հազար դրամ է արժեցել, ապա այն հունիսին 1500 դրամով թանկացել է: Նույն պատկերն է նաեւ Արաբկիր վարչական շրջանում, որտեղ հունիսին բնակարանների մեկ քառակուսի մետրի շուկայական միջին գինը կազմել է 341 հազար 50 դրամ: Մինչդեռ մայիսին այն 340 հազար դրամ էր:
Ավան վարչական շրջանում նույնպես բնակարանների մեկ քառակուսի մետրը թանկացել է. եթե այս տարվա մայիսին այն կազմել է 247 հազար 600 դրամ, ապա հունիսին այն արժեցել է 248 հազար դրամ:
Սակայն Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք, Էրեբունի, Շենգավիթ, Դավթաշեն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա եւ Նուբարաշեն վարչական շրջաններում բնակարանների շուկայական միջին գները պահպանել են մայիս ամսվա իրենց մակարդակը: Օրինակ՝ Դավթաշեն վարչական շրջանում բնակարանների մեկ քառակուսի մետրի գինը հունիսին կազմել է 250 հազար դրամ, Մալաթիա-Սեբաստիայում` 230 հազար դրամ, Էրեբունի վարչական շրջանում` 237 հազար դրամ:
Իսկ ահա Հայաստանի մարզերում պատկերը հետեւյալն է: Այս տարվա հունիսին Արարատի մարզի Մասիս քաղաքում բնակարանների 1 քմ-ն, մայիսի համեմատ, 2000 դրամով թանկացել է, այսինքն՝ 98 հազար դրամից դարձել է 100 հազար դրամ: Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում հակառակն է. այստեղ բնակարանների մեկ քմ-ն մայիսին արժեցել է 100 հազար դրամ, իսկ հունիսին էժանացել է` դառնալով 92 հազար դրամ: Նույն մարզի Մեծամոր քաղաքում բնակարանների մեկ քառակուսի մետրի շուկայական գները մայիսին 80 հազար դրամ է արժեցել, իսկ հունիսին այն 10 հազար դրամով էժանացել է` դառնալով 70 հազար դրամ: Հոգեւոր քաղաք համարվող Էջմիածնում բմակարանների գները եւս էժանացել են. մայիսին բնակարանների մեկ քմ-ի շուկայական գները կազմել են 125 հազար դրամ, իսկ հունիսին` 122 հազար դրամ: Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում անշարժ գույքի շուկայում եւս թանկացում է արձանագրվել. բնակարանների մեկ քմ-ն մայիսին վաճառվել է 147 հազար դրամ, իսկ հունիսին 148 հազար 200 դրամով:
Բայց Հայաստանի հայրաքաղաք համարվող Գյումրիում, հակառակը, բնակարանների գները էժանացել են. եթե այս տարվա մայիսին Գյումրիում բնակարանների մեկ քմ-ն վաճառվել է 91 հազար դրամով, ապա հունիսին այն արժեցել է 89 հազար դրամ: Ըստ մասնագետների` բնակարանների գների իջեցումը պայմանավորված է պահանջարկի նվազմամբ: Տեղեկացնենք, որ բնակարանների վաճառքի ծավալների նվազման վրա իր բացասական ազդեցությունն են թողել նաեւ հիպոթեքային վարկի տրամադրման դժվարությունները:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՇԵՆՔՈՒՄ
2016թ. սեպտեմբերի 18-ին կայացան Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի խոշորացված Այրում համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ: Այրում համայնքը ներառում է Այրում քաղաքը եւ Արճիս, Լճկաձոր, Հաղթանակ, Պտղավան. Բագրատաշեն, Դեղձավան, Դեբեդավան գյուղերը: Խոշորացված Այրումի համայնքապետարանը տեղակայված է Այրում քաղաքի մանկապարտեզի հետ նույն՝ երկհարկանի շենքում:
Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե շատ դժվար է համայնքապետարանի աշխատակազմի աշխատանքը մանկապարտեզի հետ, նույն կառույցում կազմակերպելը: Տավուշի մարզխորհրդի՝ հուլիսի 27-ի նիստում մարզպետ Հովիկ Աբովյանը Արայիկ Պարանյանին առաջարկել է համապատասխան մասնագետներ ուղարկել Այրում քաղաքի մուտքի մոտ գտնվող կիսակառույց շենք, որպեսզի այդ շենքի տանիքը կառուցելու համար կազմեն նախագծա-նախահաշվային փաստաթղթեր: Մարզպետը նպատակ ունի կիսակառույցը ամբողջովին կառուցել, վերանորոգել եւ դարձնել Այրումի համայնքապետարանի շենք:
Ա. Պարանյանն ասաց, որ վերջերս ինտերնետային կապի սարքավորումներ են ստացել, որոնք հնարավորություն կտան «մեկ պատուհանի» համակարգով կապ հաստատել Այրում համայնքի մաս կազմող բնակավայրերի հետ, սակայն այդ սարքավորումները տեղադրելու համար նշված շենքում համապատասխան տարածք չկա: Ըստ Պարանյանի՝ նախագծա-նախահաշվային փաստաթղթեր կազմելու համար ֆինանսական ծախս պետք է արվի, սակայն ինքը խոսել է շինարար-մասնագետի հետ, ում մոտավոր հաշվարկով կիսակառույցի տանիքը կառուցելու, մեկ մասնաշենքի առաջին հարկը կառուցապատելու համար մոտ 70 միլիոն դրամ է հարկավոր: Ա. Պարանյանը տեղյակ չէ, թե որտեղից կարող է հատկացվել այդ գումարը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ